Քաղաքականություն

Կայսրությունը թուլանում է, ենթակա տարածքներն ապստամբում են

Կայսրությունը թուլանում է, ենթակա տարածքներն ապստամբում են

Արեւմտյան լիբերալ գլոբալիստական ուժերին կարծես թե չհաջողվեց Վրաստանում հերթական գունավոր հեղաշրջումն իրականացնել եւ իշխանության նշանակել իրենց դրածոներին: Վրաստանի իշխանությունները դիմացան ճնշման հերթական ալիքին, թեեւ ամեն ինչ դեռ վերջացած չէ: Ամենադժվարն առջեւում է, երբ այդ նույն ուժերը կսկսեն ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի եւ այն ներկայացնող գործիչների դեմ: Վրաստանում հասկանում են, որ եթե այդ ուժերն իսկապես սկսեն թշնամություն անել Վրաստանի նկատմամբ, իսկ նրանց հնարավորությունները չափազանց մեծ են, Վրաստանը կարող է լուրջ խնդիրների բախվել, եւ վրացական հասարակության վերաբերմունքը սեփական իշխանության նկատմամբ էականորեն կփոխվի: Դրա համար է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում, որ Վրաստանի իշխանություններին կհաջողվի պայմանավորվել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, այն վարչակազմի, որը ձեւավորվելու է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ կգործի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո: Կոբախիձեին եւ Վրաստանի իշխանական էլիտային թվում է, թե իրենց պետք է ընդամենը մեկ ամիս դիմանալ, որից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ազգային ազատագրական, հակագաղութային պայքար է, որի հետեւում ո՛չ Ռուսաստանն է կանգնած, եւ ո՛չ էլ պրոռուսական ուղղվածություն ունի: Վրաստանի իշխանություններն ուզում են ընդլայնել իրենց ինքնիշխանության չափը, ավելացնել իրենց ինքնուրույնության սահմանները, արեւմտյան վերադասի հետ պայմանավորվել ավելի լավ պայմանների շուրջ: Վրաստանի իշխանությանը Ռուսաստանի հետ կապելը, Ռուսաստանի գործակալ հռչակելն ընդամենը քարոզչական պայքարի էլեմենտ է՝ նրանց վարկաբեկելու եւ հասարակության պրոարեւմտյան տրամադրված հատվածի հետ թշնամացնելու համար: Հնարավոր է, որ Ռուսաստանն օգնում է Վրաստանի այդ պայքարին, բայց դա չի նշանակում, որ Վրաստանի իշխանությունը հրահանգավորվում է Ռուսաստանից: Ընդհակառակը՝ Վրաստանի իշխանությունները չեն ուզենա Արեւմուտքից անկախանալով` ընկնել Ռուսաստանի ազդեցության տակ, մի գերությունը փոխարինել մյուսով:

Երբ կայսրությունները թուլանում են, մետրոպոլիան կորցնում է իր նախկին ուժն ու ազդեցությունը, կայսրության ծայրագավառները միանգամից զգում են այդ թուլությունը եւ փորձում են ավելի մեծ ինքնուրույնություն ստանալ, ինչը միանգամայն օրինաչափ է: Այդպես եղել է բոլոր կայսրությունների դեպքում, սկսած Ասորեստանից, Հռոմով, Արաբական խալիֆաթով, Օսմանյան կայսրությունով, Բրիտանական կայսրությունով եւ Խորհրդային Միությունով վերջացրած: Չթվարկված մյուս բոլոր կայսրությունները քայքայվել են նույն տրամաբանությամբ: Կայսրություններ կան, որ քայքայվում են շատ արագ` մի քանի տարում, մյուսները կարող են քայքայվել ավելի դանդաղ: ԽՍՀՄ-ը, որը կայսրության տիպիկ օրինակ էր, քայքայվեց շատ արագ`ընդամենը 2-3 տարում․ 1989 թվականին նրա ազդեցության տակից դուրս եկան Արեւելյան Եվրոպայի երկրները` Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռումինիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավսլավիա, Հունգարիա, 1990-91 թթ․ կայսրությունից պոկվեցին Խորհրդային Միության կազմի մեջ գտնվող հանրապետությունները, այդ թվում` Հայաստանը:

Ռուսաստանը շարունակում է մնալ կայսրություն, եւ այն նույնպես բռնել էր քայքայման եւ մասնատման ուղին` Չեչնիան, Թաթարստանը, Բաշկիրիան եւ ՌԴ կազմի մեջ մտնող մյուս հանրապետությունները բռնել էին անկախացման ուղին, 90-ականներին կիսանկախ կարգավիճակ ունեին, բայց Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը դրա դեմն առավ:

Միացյալ Նահանգները եւս կայսրություն է, իհարկե, ոչ այնպիսին, ինչպիսին Խորհրդային Միությունն էր կամ նույնիսկ Բրիտանական կայսրությունը, բայց ԱՄՆ-ի տիրապետության տակ գտնվող երկրների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Բրիտանական կայսրության կամ ԽՍՀՄ ազդեցության տակ գտնվողներինը: ԱՄՆ-ն իր ազդեցության տակ գտնվող երկրներին հնազանդեցնում, կառավարում եւ շահագործում է ինչպես ռազմական ուժի, այնպես էլ դոլարի գերիշխանության միջոցով: Բայց Միացյալ Նահանգների ազդեցությունը եւս նվազում է, ինչն արդյունք է ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական ներուժի թուլացման: Եթե սրանից 50-60 տարի առաջ ԱՄՆ-ի տեսակարար կշիռը համաշխարհային ՀՆԱ-ում կազմում էր 50 տոկոսից ավելին, այսինքն՝ ամբողջ աշխարհում արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների մեծ մասը ստեղծվում էր ԱՄՆ-ում, ապա հիմա այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 15 տոկոս եւ շարունակում է նվազել: Եթե 1990 թվականին ԽՍՀՄ լուծարումից հետո աշխարհի որեւէ բանակ չէր կարող մարտահրավեր նետել ամերիկյանին, ապա հիմա ամերիկյան բանակի գերազանցությունն այդքան միանշանակ չէ: Պատերազմն Իրաքում, հետո՝ Աֆղանստանում, ցույց տվեց, որ նույնիսկ տեխնիկական գերազանցությունը եւ կազմակերպվածությունը բավարար չեն բացարձակ հաղթանակի հասնելու եւ գրաված տարածքները հնազանդեցնելու համար:

Վերադառնանք Վրաստան: Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ չեն ուզում խզել կապերը ԵՄ-ի հետ, չեն հրաժարվում ԵՄ-ին անդամագրվելու կուրսից, ուզում են ասել, որ մենք մնում ենք արեւմտյան գծի մեջ: Բայց ուզում ենք, որ մեր տեսակետը եւս հաշվի առնվի, որ մեզ չվերաբերվեն որպես հնազանդ վասալների, երբ ինչ ուզենան, հրահանգեն, մենք էլ, առանց հաշվի առնելու մեր անձնական եւ երկրի շահերը, ասենք՝ ճիշտ այդպես, եւ վազենք կատարելու: Վրաստանի իշխանություններն ուզում են, որ իրենք որոշեն իրենց երկրում իշխանության հարցը, ավելի ճիշտ` ուզում են շարունակել մնալ իշխանության եւ ոչ թե Վաշինգտոնում կամ Բրյուսելում որոշեն, թե ում նշանակեն Վրաստանի նախագահ եւ վարչապետ, իսկ տեղերում այդ որոշումը պարտադիր կատարման ենթակա լինի: 
Աշխարհում այնպիսի տպավորություն է, որ Միացյալ Նահանգներն այնքան է թուլացել, որ այլեւս չի կարող իր կամքը թելադրել տեղական էլիտաներին, չի կարող ամեն տեղ պատժիչ գործողություն ձեռնարկել՝ անհնազանդներին հնազանդեցնելու կամ ոչնչացնելու համար, եւ, դրանից ելնելով, հարկադրված են լինելու պայմանավորվել: Իրակլի Կոբախիձեի ասածը հենց դա է. ԱՄՆ նոր վարչակազմը`Դոնալդ Թրամփը փոխելու է ԱՄՆ քաղաքական կուրսը` անհնազանդներին պատժելու կուրսից անցում է կատարվելու պայմանավորվելու քաղաքականությանը: Իրենք պատրաստ են քննարկել ԱՄՆ նոր առաջարկները եւ աշխատել նոր պայմաններով, եթե դրանք հաշվի կառնեն նաեւ իրենց շահերը, կընդլայնեն իրենց իրավասության սահմանները: Ամենայն հավանականությամբ, Վրաստանի իշխանությունները չեն սխալվում, Թրամփը պատրաստվում է ոչ թե պատերազմել ենթակա տարածքների հետ, այլ՝ պայմանավորվել: Կպատերազմեն, եթե համոզվեն, որ պայմանավորվել չի հաջողվում, երբ պահանջներն անհամատեղելի են կայսրության գոյության հետ: Բայց որ բոլորի հետ պատերազմելու ռեսուրս այլեւս չկա, ակնհայտ է:

Պատահական չէ, որ Վրաստանի իշխանություններին առաջինը շնորհավորում է հարեւան Ադրբեջանի նախագահը: Ալիեւը նույնպես մարտահրավեր է նետել ամերիկյան հեգեմոնիային`առաջնորդությանը, եւ ավելի կոպիտ, քան Վրաստանը: Վրաստանի իշխանությունները հանդես չեն գալիս հակաարեւմտյան կամ հակաամերիկյան կոչերով կամ նման քարոզչություն չեն իրականացնում, ինչն անում է Ալիեւն իր ենթակա քարոզչամիջոցներով: Ալիեւը կուզենա, որ իր կողքին լինի ավելի ազատ եւ ավելի ինքնուրույն Վրաստան, որովհետեւ դա ավելացնում է իր ինքնիշխանությունը: Այդ պատճառով Ալիեւին գրգռում է Հայաստանի ամերիկահպատակությունը, արեւմտահպատակությունը, որովհետեւ Ալիեւը, ի դեմս Հայաստանի, տեսնում է մի երկիր, մի գործիք, որի միջոցով ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը գործելու են իր դեմ, օգտագործելու են իրեն հնազանդեցնելու համար: Դրա համար է Ալիեւը պահանջում, որ Հայաստանից դուրս բերվեն ԵՄ դիտորդները. նա ոչ թե վախենում է, որ նրանք լրտեսություն կանեն Ադրբեջանի դեմ, այլ, ի դեմս այդ դիտորդների, տեսնում է արեւմտյան ազդեցության լծակ Հայաստանում, որը կարող է ընդլայնվել եւ օգտագործվել իր դեմ:

Հայաստանի քաղաքական էլիտան եւս հասկանում է, որ առաջնորդն այլեւս այն չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ բարձրացնում են ապստամբության դրոշը, բայց դեռեւս հնազանդորեն ենթարկվում են կենտրոնի հրահանգներին: Փաշինյանն իրականում հեղափոխական չէ, ինչպես կարող է թվալ, նա դրածո է, խամաճիկ: 1988-90 թվականներին, երբ փլուզվում էր խորհրդային կայսրությունը, Հայաստանը եւ Հայաստանի քաղաքական էլիտան կայսրության կենտրոնի դեմ մղվող ապստամբության առաջնագծում էին, եւ մենք շահեցինք դրանից: Հիմա կորցնում ենք` դառնալով կայսրության վերջին հենարանը տարածաշրջանում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image