Քաղաքականություն

«Հրապարակ». Սեփական կադրեր չունեն, եղած կադրերին էլ չեն վստահում

«Հրապարակ». Սեփական կադրեր չունեն, եղած կադրերին էլ չեն վստահում

Մենք շարունակում ենք հետեւել արտաքին գործերի նախարարության եւ դիվանագիտական ասպարեզում կատարվող իրադարձություններին, քանզի այս գերատեսչության դերակատարումը՝ հատկապես պատերազմից հետո, խիստ մեծ է։ Այս անգամ որոշեցինք ուսումնասիրել ԱԳՆ պաշտոնական կայքէջը եւ ստուգել, թե քանի երկրում Հայաստանի Հանրապետությունը չունի նշանակված գործող դեսպան կամ գլխավոր հյուպատոս, ինչպես նաեւ ՀՀ նախագահի կայքով ստուգել, թե որ դեսպանները՝ համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին, ենթակա են փոփոխման ընթացիկ տարում:

Եվ այսպես, համաձայն ԱԳՆ կայքի, ՀՀ-ն դեսպան չունի յոթ երկրում (չնայած, մեր տվյալներով եւ ՀՀ նախագահի հրամանագրերի համաձայն, դրանցից երկուսում` Իսրայելում եւ Ղազախստանում, դեսպաններ արդեն իսկ նշանակվել են)։ Դեսպան չունենք Բրազիլիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում, Ինդոնեզիայում եւ Եթովպիայում: Թե ինչու` անհասկանալի է:
Ըստ ԱԳՆ կայքի, Հայաստանն ունի գործող 5 գլխավոր հյուպատոս՝ Լոս Անջելեսում, Դուբայում, Մարսելում, Օդեսայում եւ Էրբիլում, չնայած, մեր տվյալներով, առաջին երկու քաղաքներում գլխավոր հյուպատոսներն ազատված են պաշտոններից: Առավել հետաքրքրական է, որ ՀՀ-ն չունի նշանակված գլխավոր հյուպատոսներ Լիոնում, Հալեպում, Բաթումիում, Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում: Նույնպես անհասկանալի է, թե ինչու: Այս բոլոր երկրներում եւ քաղաքներում Հայաստանը ներկայացնում են սահմանվածից ավելի ցածրաստիճան դիվանագետները, ու եթե ՀՀ իշխանությունների համար դա ընդունելի է, ապա դժվար է պատկերացնել, որ նույնն է նաեւ ընդունող երկրի համար, այսինքն՝ քիչ հավանական է, որ ընդունող կողմը բավարարված լինի, որ հայկական կողմից ներկայացուցչի մակարդակն իջեցված է:

Ենթադրում ենք, քանի որ գործող իշխանությունները չունեն նույնիսկ մինիմալ կադրային հնարավորություններ՝ դրանք համալրելու, իսկ ԱԳՆ-ի ունեցած կադրերին էլ չեն նշանակում՝ անվստահության պատճառով, ապա նրանք գերադասում են բավարարվել եղածով` անգամ ցածրակարգ ներկայացուցչությամբ՝ չհասկանալով, որ դիվանագիտության մեջ կոնկրետ պաշտոնյան կարող է հանդիպել միայն համապատասխան մակարդակի աշխատակցի հետ: Այսինքն, եթե Իրաքում ՀՀ ամենաբարձր պաշտոնյան երրորդ քարտուղարն է, նա, լավագույն դեպքում, կարող է հանդիպել ընդունող երկրի ԱԳՆ երկրորդ քարտուղարին, ինչով ամեն ինչ ասված է...

Դիվանագիտական աշխարհում կարծում են, որ ՀՀ գործող ղեկավարությունը պետք է թափուր պաշտոններում շուտափույթ դեսպաններ ու գլխավոր հյուպատոսներ նշանակի, գոնե քաղաքական նշանակումներ անի, որպեսզի այդ երկրների հետ հարաբերությունների մակարդակը հնարավոր լինի բարձր պահել։ Եվ, ըստ այդմ, հնարավոր լինի ՀՀ շահերն ապահովել ու փոխադարձություն պահանջել դիմացինից:

Վերլուծելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հրամանագրերը՝ ուզում ենք նշել (եւ ՀՀ ԱԳՆ-ին հուշել), որ արդեն իսկ լրացել են ու, հակառակ օրենքի պահանջին, չեն երկարացվել մոտ հինգ երկրում ՀՀ դեսպանների` օրենքով նախատեսված պաշտոնավարման առավելագույն ժամկետները, իսկ եւս յոթ-ութ երկրում դեսպանների պաշտոնավարման ժամկետները լրանում են մինչեւ այս տարվա ավարտը ու ենթակա են կա՛մ երկարացման, կա՛մ էլ դադարեցման:
Մենք այսքան հետեւողական չէինք լինի այս հարցերում, որոնք առաջին հայացքից ՀՀ քաղաքացիներին կարող են երկրորդական թվալ, սակայն «ժողովրդավարության բաստիոնում» սրանք շատ կարեւոր հարցեր են:

Եթե Արարատ Միրզոյանն այնքան կարեւորում է իր դերակատարումը, որ իր «մշտական գործերի կառավարչի» համար ստեղծում է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալի քաղաքացիական ծառայության պաշտոն, որը, փաստորեն, ԱԳՆ գլխավոր քարտուղարի բացակայության դեպքում կղեկավարի ՀՀ դիվանագիտական ծառայությունը, ինչով քաղաքականացվում է ժամանակին ապաքաղաքականացված ծառայությունը, ուրեմն դեսպանների ու հյուպատոսների թեման առավել եւս կարեւոր է: Փաստորեն, այն, ինչ նույնիսկ «նախկինների» սեւ երազում չէր տեղավորվում, վարդագույն իրականություն է դառնում ՔՊ-ական ներկայում: Սա այն նույն շարքից է, որով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոն, ու ապաքաղաքականացված պաշտոնը քաղաքականացվում է: Ընդհանուր առմամբ, խնդիր չկա, բայց ինչ-որ միտում է նկատվում, առավել եւս՝ երբ սրան ածանցվող մյուս հարցերն էլ ես դնում մի շարքում:

Արաբաթ, թե Օմեգա․ այս է խնդիրը…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image