Մշակույթ

Որոնք են սարսափ ժանրի ամենավախենալու ֆիլմերը եւ ինչպես են ազդում մարդու վրա

Որոնք են սարսափ ժանրի ամենավախենալու ֆիլմերը եւ ինչպես են ազդում մարդու վրա

Science of Scare-ի մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես են սարսափ ֆիլմերն ազդում հանդիսատեսի վրա։ Մասնավորապես, թե սարսափ ֆիլմ դիտելիս ինչպես է աշխատում մարդու սիրտը։ Ստացված տվյալների հիման վրա էլ կազմել է ռեյտինգային ցանկ, որը կարող է սարսափ ֆիլմեր» սիրահարներին զարմացնել։

Համաձայն kudago-ի, ամենավախենալու սարսափ ժանրի ֆիլմ է համարվել «Սինիսթերը», որը հավաքել է 96 միավոր՝ հնարավոր 100-ից։ Երկրորդ տեղում «Աստրալ․ Օնլայն» կինոնկարն է՝ 95 միավորով։ Եռյակը եզրափակում է «Պարանորմալ երեւույթներ․ Սքինամարնիկ»-ը՝ 91 միավորով։ Նշենք, որ վարկանիշային ցանկը կազմվում է ամեն տարի, ըստ ասպարեզում եղած սարսափ ժանրի ֆիլմերի հանդեպ հանդիսատեսի ռեակցիայի։ Իսկ հանդիսատեսի ռեակցիան ստուգում են այդ ժանրի սիրահարների համար հատուկ կինոցուցադրություններ կազմակերպելով։ Սովորաբար մասնակցում է 250 կինոսիրող՝ կամավոր։ Կինոդիտման ընթացքում նրանք կրում են սրտի աշխատանքը չափող եւ գրանցող հատուկ հարմարանքներ, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում հասկանալ, թե հատկապես որ տեսարաններն են ամենից վախենալունը տվյալ կինոնկարում, որ առավել սթրես ու լարվածություն են առաջացնում։

Հայտնի է, օրինակ, որ մարդու զարկերակը մեկ րոպեում միջինը 64 հարված է ունենում, իսկ սարսափ ֆիլմ դիտելիս կարող է հասնել 86-131-ի։ Սովորաբար հետազոտվում է երկու չափանիշ՝ սրտի զարկերի հաճախականությունն ու փոփոխականությունը։ Առաջինը ցույց է տալիս ահարկու տեսարանի նկատմամբ ռեակցիան, երկրորդը՝ լարվածության տեւողությունը։ Ըստ այդ հետազոտության էլ՝ ներկայացվել են ամենավախենալու սարսափ ֆիլմերը։ Ահա ցանկը․ «Սինիսթեր»՝ 96 միավոր, «Աստրալ․ Օնլայն»՝ 95, «Պարանորմալ երեւույթներ․ Սքինամարնիկ»՝ 91, «Աստրալ»՝ 90, «Անեծք»՝ 88, «Վերամարմնավորում»՝ 81, «Ժպիտ 2»՝ 79, «Ժպիտ»՝ 78, «Էմիլի Ռոուզի վեց դեւերը»՝ 76, «Մեկ, երկու, երեք՝ չար ոգի, դե արի»՝ 75 միավոր։ Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ սարսափ ժանրի կինոնկարի հաջողությունը միշտ չէ, որ կապված է վերջինիս արժեքի կամ ռեժիսորի հայտնիության հետ։ Որոշ փոքր բյուջետային կինոնկարներ շատ ավելի վախենալու են, քան հայտնի բլոկբասթերները՝ իրենց էֆեկտներով։

Գիտնականները բացատրում են, որ նմանատիպ ուսումնասիրություններն օգնում են՝ հասկանալու մարդու ֆիզիոլոգիայի վրա էմոցիաների ազդեցությունը։ Անվտանգ պայմաններում առաջացած վախն ակտիվացնում է նույն մեխանիզմը, ինչը որ մարդու մոտ լինում է վտանգի կամ սպառնալիքի պատճառով առաջացած վախի դեպքում։ Տարբերությունն այն է, որ առաջին դեպքում օրգանիզմի հանդեպ որեւէ վտանգավոր բան չկա։ Նման փորձարկումները երբեմն կարող են նաեւ դրական լինել եւ մարզել մարդու նյարդերը, նրան դարձնել ավելի դիմացկուն եւ նյարդային առումով կայուն։ Դա էլ իր հերթին կարող է մարդուն ավելի տոկուն դարձնել կյանքի թոհուբոհի ընթացքում պատահած սթրեսների հանդեպ։ Բացի այդ, սարսափ ֆիլմերը շատերի համար էմոցիոնալ լիցքաթափման միջոց են հանդիսանում, քանի որ վախենալու կինոնկարները մարդկանց ստիպում են ունենալ սուր զգացողություններ, բայց՝ անվտանգ պայմաններում։ Ի դեպ, վերջին տարիներին սարսափ ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Սակայն հանդիսատեսը փնտրում է այնպիսի սարսափ ֆիլմեր, որոնք ունեն ոչ միայն ահարկու տեսարաններ, այլեւ՝ պատմություն, միջավայր, լարվածություն, հոգեբանական խորություն։ Ուշագրավ է այն, որ սարսափ ֆիլմերը եւս էվոլյուցիա են ապրում։ Դասական հնարքները, որոնք ժամանակին կիրառվել են՝ ուժգին ձայն, հրեշների անակնկալ հայտնություն եւ այլն, հիմա էլ չեն ազդում հանդիսատեսի վրա։ Առավել ուժեղ ազդում են դանդաղ, ճնշող տեսարանները, որտեղ սարսափը կամ վտանգը միանգամից ուղիղ չի ցուցադրվում։ Նման մատուցման, ներկայացման ձեւը ներքին լարվածություն է առաջացնում եւ ուշադրությունն ավելի շատ պահում է կենտրոնացած վիճակում։ Դա, ըստ մասնագետների, նաեւ արտացոլում է վախի ընկալման մեջ որոշակի տեղաշարժերի առկայությունը։ Ժամանակակից լսարանն ավելի շատ վախենում է ոչ թե սարսափներից, այլ վերահսկողության կորստից, անհայտությունից ու միայնակությունից։ Դրա համար էլ հոգեբանական սարսափի տարրերով ֆիլմերն ավելի ազդեցիկ են լինում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image