Հասարակություն

Գորիսում ռուսական ռազմաբազա կարող է տեղակայվել

Գորիսում ռուսական ռազմաբազա կարող է տեղակայվել

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի և Արցախից մնացած հատվածի շուրջ։ Ներկայումս բավականին լարված իրավիճակում է Սյունիքի մարզը։

Փետրվարի 9-ին ՀՀ նախկին վարչապետ (1993-96), «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Սյունիքում ավտոճանապարհային տեղամասերի վերaհսկողության վերաբերյալ եռակողմ հուշագիր կա ստորագրված, որն իմքայլականները գաղտնի էին պահել հանրությունից։ Միայն, երբ Բագրատյանը հայտարարել էր հուշագրի մասին, հաջորդ օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց այդ տեղեկությունը։ Հուշագիրը վերաբերում է «Գորիս – Դավիթ Բեկ» և «Կապան – Ճակատեն» ավտոճանապարհային տեղամասերի վերահսկողությանը և կապ ունի 2020-ի նոյեմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայի հետ։ Նշենք նաև, որ 2020-ի դեկտեմբերի 21-ին Սյունիք մեկնող Նիկոլ Փաշինյանի մուտքը բնակչությունը փակել էր, իսկ հունվարին Սյունիքի համայնքապետերը հրաժարվել էին հանդիպել Տիգրան Ավինյանի հետ, նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ, ով Ավինյանին մերժած ու Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերից մեկն է։ Հիշեցնենք, որ քրեական գործեր կան հարուցված Կապանի, Գորիսի, Քաջարանի համայնքապետերի դեմ նույնպես։

Այժմ, երբ Հայաստանի սահմանների շուրջ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախատեսվում է ռուսական ռազմաբազայի տեղակայում։ Հավելենք նաև, որ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պարեկություն են իրականացնում հիշյալ հուշագրում նշված ճանապարհների վրա։ Եւ ակնհայտ է, որ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում հայ ազգաբնակչության անվտանգության խնդիրը լուծում են ոչ թե ՀՀ իշխանությունն ու հայկական բանակը, այլ ռուսական կողմը։

Ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Գորիսից։ Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանն ասաց, որ չի կարող մանրամասներ հաղորդել, քանի որ պաշտոնական որևէ բան չկա։ Հարցին՝ ե՞րբ են սկսվելու այդ ուղղությամբ աշխատանքները, Գորիսի համայնքապետարանն ի՞նչ է անում, Յոլյանը պատասխանեց․ «Որևէ պաշտոնական գրություն չենք ստացել, կամ որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասով չկա, որ «Գորիսում ստեղծվում է ռազմաբազա»։ Եվ պաշտոնապես որևէ գործողություն Գորիսի հետ կապված չի իրականացվել և չկա։ Դրա համար, Ձեր հարցին՝ «Ի՞նչ է անում Գորիսի համայնքապետարանը», այս պահի դրությամբ ՝ ոչինչ, որովհետև պաշտոնապես որևէ բան չկա»։

Դիտարկմանը, որ այս օրերին ամեն ինչ գաղտնի են պահում եւ այն, որ Կապանի ճանապարհին վերաբերող լրացուցիչ հուշագիր կա ստորագրված, նույնպես թաքուն էր պահվել հասարակությունից, և հարցին՝ իրենք ծանո՞թ են այդ հուշագրին, իրենց տրամադրվե՞լ է, պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Այդ հարցին հիմա պատասխանել չեմ կարող, որովհետև անձամբ չգիտեմ՝ կա՞ լրացուցիչ փաստաթուղթ»։

Հետաքրքրվեցին նաեւ, որ ասում են, թե ադրբեջանցիները սահմանային բնակիչներին էժան գնով վառելափայտ, բենզին են վաճառում, պատասխանեց․ «Այդպիսի խոսակցությունները կան, եղել են տարբեր ժամանակներում, այո, նաև մամուլը ժամանակ առ ժամանակ անդրադարձել է։ Ներքին Խնձորեսկի հատվածում, Քարահունջի, Որոտանի, Շուռնուխի հատվածներում այդպիսի դեպքերի մասին․․․ անձամբ տեղյակ չեմ»։

Իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբից կամ ՊՆ-ից որեւէ հարցի պատասխան ստանալը հետպատերազմական շրջանում անհնարին է դարձել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image