Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ սթրեսի է ենթարկել վարորդներին։ Քաղաքապետարանին հարակից նեղ փողոցներում, որոնք առանց այն էլ երթեւեկության համար անտանելի են, առանձնացվել են ավտոբուսի գծեր, եւ մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ մեծացել է։ Երեւանի քաղաքապետարանի ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում արձանագրում է․ «Գրագիտության պակասը ստվերի պես հետեւում է գործող փոքրիկ խմբակին։ Քնում-արթնանում՝ մի նոր աղետալի փոփոխություն են անում։ Իմ գնահատմամբ՝ քաղաքային խմբակը նպատակ ունի հնարավորինս անհարմարություն եւ նեղություն պատճառել քաղաքացիներին, կարծես վրեժ են լուծում՝ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտելու համար»։
Այս փոփոխությունների նպատակն իբրեւ թե մայրաքաղաքում հանրային տրանսպորտի շարժը բարելավելն է, սակայն հակառակ պատկերն է ստացվել։ Մասնավորապես, քաղաքապետարանի շրջակայքի փողոցներում՝ առանց բավարար նախապատրաստական աշխատանքների, ավտոբուսների համար նախատեսված գոտիներ են առանձնացվել, որը կաթվածահար է արել այդ ողջ տարածքը։ Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետարանը հնարավոր ամեն բան անում է վարորդների կյանքը բարդացնելու համար, որպեսզի մարդիկ ստիպված օգտվեն հանրային տրանսպորտից։ Հանրային տրանսպորտից օգտվելը, իհարկե, վատ բան չէ, սակայն ուղեվարձը թանկացնելուց հետո շատերը չեն ցանկանում տրանսպորտով երթեւեկել, նախապատվությունը տալիս են անձնական մեքենաներին ու տաքսիներին։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով են երթեւեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ կատարել։ «Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ եւ ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթեւեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։ Ներկայում քաղաքապետարանն իրականացնում է մշտադիտարկում՝ լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու եւ երթեւեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել էր նա երեկ առավոտյան։
Բայց պարզ է, որ չմտածված էքսպերիմենտներ են անում մայրաքաղաքում, որը բարելավելու փոխարեն ավելի է բարդացնում իրավիճակը: «Քաղաքապետարանի շրջակայքում մեքենայով երթեւեկելը դարձել է գրեթե անհնարին։ Նույնիսկ ոչ պիկ ժամերին այստեղ լիարժեք խցանումներ են»,- նշում է վարորդ Արամ Սահակյանը։ Տեղում իրականացված մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ավտոբուսային գծերը հիմնականում դատարկ են, իսկ զուգահեռաբար ավտոմեքենաների անվերջանալի հոսք է, քանի որ ստիպված են օգտվել ընդամենը մեկ երթեւեկելի գծից։ Բացի այդ, այս փողոցներով հանրային տրանսպորտը հազվադեպ է անցնում։ Փոխարենը՝ վարորդների բողոքներն ավելանում են, նյարդերը չեն դիմանում։ Պարզ է, որ առանց երթեւեկության ամբողջական մոդելավորման ու գնահատման իրականացված փոփոխությունները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլեւ ստեղծում են նոր խնդիրներ։