2024 թվականի ապրիլի 9-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցներով տարածվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարությունը՝ ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ, որով հորդորում էին Ազգային ժողովի պատգամավորներին՝ մերժել նախագծի ընդունումը։ «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի միջոցով ես հիացմունքով արձագանքեցի Մայր Աթոռի այդ հայտարարությանը` նշելով, որ քաղաքականությամբ զբաղվելու հենց այս ոճն ու մեթոդն են, որ պատշաճ են եկեղեցուն եւ օրինակելի այն հոգեւորականներին, ովքեր ստեպ-ստեպ հարցազրույցներ են տալիս։ Նշել էի նաեւ, որ կարեւոր է՝ հոգեւորականը չանցնի այն կարմիր գծերը, որոնք եկեղեցին գծում է իր պաշտոնական հայտարարություններում, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ հոգեւորականը թող խիզախություն ունենա՝ իրեն դուրս հռչակի եկեղեցուց եւ ինքնուրույն զբաղվի քաղաքականությամբ։
Ես որեւէ մեկին նկատի չունեի այդ ժամանակ, որովհետեւ այդ ժամանակ դեռ որեւէ հոգեւորական խոսքերից այն կողմ կարմիր գծեր չէր հատել։ Ես խնդրել էի, որ ասածներս ընկալվեն որպես կանխարգելիչ խոսք եւ զգուշավորության կոչ, որպեսզի ավելորդ անգամ ագրեսիվ հակաեկեղեցական համայնքների կողմից եկեղեցուն քարկոծելու առիթ չտրվի։ Ակնհայտ է, որ շարժման առաջնորդը հատել է այն կարմիր գծերը, որոնք ի սկզբանե իր հայտարարություններով գծել էր Հայ առաքելական եկեղեցին, եւ մենք արդեն ականատես եղանք բազմաթիվ աթեիստների ու աղանդավորների հարձակումներին, որոնք ուղղված էին ոչ թե կոնկրետ որեւէ հոգեւորականի դեմ, այլ հենց թիրախավորված էր Հայ եկեղեցին։ Չուշացան նաեւ սատանիզմով տառապողների հոխորտանքները։ Ականատես եղանք նաեւ Հայ առաքելական եկեղեցու վարկով մտահոգված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտնի դեմքերի ելույթներին, որտեղ նրանք նշում են իրենց անվերապահ հավատարմությունը Հայ առաքելական եկեղեցուն (ՀԱԵ), բայց «խստորեն դատապարտում» են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ շեշտը դնելով հատկապես այն հանգամանքի վրա, որ շարժման առաջնորդությունը ստանձնել է Հայ եկեղեցու հոգեւորականը։
Ահա այստեղ է հենց, սիրելիներս, որ պետք է խոհեմ գտնվենք, չընկնենք ինքնախաբեության գիրկն ու դատարկ հույսեր չփայփայենք։ Մենք կարող ենք, իհարկե, վերապահումներով վերաբերվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդների խոսքերին՝ կապված նրանց՝ ՀԱԵ հեղինակության մտահոգությունների հետ, բայց չէ՞ որ այդտեղ ճշմարտություն կա։ Շարժմանը հարող աշխարհիկ եւ հոգեւոր պատկառելի ներկայացուցիչներ փորձել են հասկացնել, որ շարժումը եկեղեցական չէ, բայց հակառակը պնդողների ձայնն ավելի բարձր է հնչում։ Այս հարցի մեջ անհրաժեշտ է հստակություն մտցնել։ Կա չորս տարբերակ․
Ա) Եթե շարժումը եկեղեցական է եւ ղեկավարվում է ՀԱԵ կողմից, ուրեմն պետք հայրապետական սրբատառ կոնդակով հաստատվի այդ պատմական փաստը եւ կոչ արվի անխտիր բոլոր թեմակալ առաջնորդներին ու հոգեւորականներին՝ լծվելու այս պայքարին ու միանալու ժողովրդին։ Շարժման կողքին պետք է լինեն անխտիր բոլոր հոգեւորականները, որովհետեւ Վեհափառի խոսքն անբեկանելի է։ Կրկնում եմ՝ բոլոր հոգեւորականներն անխտիր իրենց ֆիզիկական ներկայությամբ, ում առողջությունը թույլ է տալիս, ինչպես դա անում է Բագրատ սրբազանը, պետք է դուրս գան փողոց՝ իրենց ծխականներով, ու պայքարեն ժողովրդի հետ միասին կամ հայրապետական կոնդակին անհնազանդության համար կարգալույծ հռչակվեն։ Սա, իհարկե, պետք է խոստովանեմ, իր մեջ ծայրահեղության էլեմենտներ է պարունակում, բայց հաղթանակին էլ հեշտ չեն հասնում, այն, որ շարժման առաջնորդն ասում է, թե մեկ հոգի էլ կողքս լինի, ես կհաղթեմ, որովհետեւ իմ վահանն ուրիշ վահան է, դա, մեղմ ասած, անլուրջ է, որովհետեւ հաղթելու համար լայն կոնսոլիդացիա է հարկավոր։
Բ) Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց վարչապետի պաշտոնին հավակնողը ՀԱԵ թեմակալ առաջնորդ է, ապա տվյալ հոգեւորականը պետք է պատվով հրաժարվի իր հոգեւոր կոչումից՝ հանուն հայրենիքի փրկության, եւ ժողովուրդը պետք է ըստ արժանվույն գնահատի այդ զոհողությունը, քանի որ հոգեւոր կոչումը բարձր է որեւէ քաղաքական պաշտոնից: Հրաժարվելուց հետո նա պետք է առաջնորդի ու հաղթանակին հասցնի այդ շարժումը։ Դա կարեւոր քայլ կլինի ՀԱԵ անվտանգության տեսակետից։
Գ) Եթե շարժումը եկեղեցական չէ, եւ վարչապետի պաշտոնին հավակնողն էլ հոգեւորական չէ, ուրեմն, սիրելի Վեհափառ տեր, բարի եղեք Բագրատ սրբազանին կարգադրել, որ նա գնա իր հոգեւոր ծառայությանը, եւ թույլ տվեք, որ շարժումը ղեկավարեն քաղաքական գործիչները։
Դ) Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց շարժման վարչապետի թեկնածուն հոգեւորական է, ուրեմն չկա այն աշխարհիկ քաղաքական գործիչը, ով վստահություն է ներշնչում ժողովրդին ու ընդունակ է ղեկավարել եւ հաղթանակի հասցնել պայքարը։ Իսկ դա արդեն շատ վատ է եւ միայն մի բան է նշանակում, որ փողոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։ Դա նշանակում է, որ ընտրություններին այլընտրանք չկա։
Գենադի Մնացականյան