Քաղաքականություն

«Հրապարակ». ԱՄՆ առաջարկը չի բավարարում Իրանին եւ Ռուսաստանին

«Հրապարակ». ԱՄՆ առաջարկը չի բավարարում Իրանին եւ Ռուսաստանին

Ադրբեջանի ղեկավարի պնդումներին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում» հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն ադրբեջանցիները, Երեւանից արձագանքեցին երկու օր անց: «Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով Ալիեւի պնդումները, թե այդ հարցերն են քննարկել Աբու Դաբիում: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի խոսնակն անում հայտարարություններ, որոնք Փաշինյանը չարեց ո՛չ Աբու Դաբի կատարած այցից հետո, ո՛չ էլ օրեր առաջ տված մամուլի ասուլիսում: Ակնհայտ է, որ Նազելի Բաղդասարյանը չէր կարող ինքնուրույն հակադրվել ադրբեջանական կողմին: Դա Փաշինյանի հրահանգով է արվել, գուցե հենց Նիկոլ Փաշինյանն է այս տեքստը գրել: Ինչ է կատարվել Աբու Դաբիից հետո, եւ ինչու են օրական մի քանի անգամ փոխվում իշխանությունների դիրքորոշումները:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Փաշինյանի արարքներն անմեկնաբանելի են, դրանք միայն ինքը կարող է մեկնաբանել, սակայն ես էլ եմ այն մտքին, որ առանց իր թողտվության իր խոսնակը չէր կարող նման տեքստ հրապարակել, իհարկե, դա հակասում է այն ամենին, ինչ ասում էր նա Ստամբուլում` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Եվ մենք չգիտենք, թե նա կոնկրետ ինչ էր ասել Էրդողանին, սակայն Էրդողանն էլ իր հերթին մեծ գոհունակություն հայտնեց, անգամ Փաշինյանի մոտեցումները որակեց խիստ կառուցողական: Վստահաբար կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոսնակի հայտարարությունների միջոցով փորձում է մեղմացնել իրավիճակը, իսկ պատճառն այն արձագանքներն են, որոնք նա ստացել է դրսի ուժերից: Հայաստանում հակազդեցություն գրեթե չկար, ավելի ճիշտ` կար, սակայն այն շրջանակների կողմից, որոնց խոսքը Փաշինյանն անտեսում է: Պետք է մի բան շեշտել, որը, կարծես, ուշադրությունից դուրս մնաց: Աբու Դաբի կատարած այցի կազմակերպիչն ադրբեջանական կողմն էր: Այսինքն` այդ հանդիպումը տեղի չի ունեցել նեյտրալ պայմաններում, հրավիրողն Ադրբեջանն է եղել: Հանդիպման ժամանակ Էմիրություններից որեւէ ներկայացուցիչ չկար, իսկ կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, ոչ թե միաժամանակ ներկայացան հանդիպմանը, այլ` Ալիեւը կազմ-պատրաստ սպասում էր հայկական կողմին: Դիվանագիտական լեզվով ասած` հյուրընկալող կողմը, կազմակերպիչն Ադրբեջանն էր: Բնականաբար, եթե հանդիպումը կազմակերպողն Ադրբեջանն է, ապա առաջին պլան պետք է բերվեր ադրբեջանական օրակարգը` իր բոլոր պայմաններով ու փաստաթղթերով: Իսկ ովքե՞ր էին Հայաստանի պատվիրակության կազմում: Մեկը, որ տարածքներ է հանձնել Տավուշից ու մտադիր է նորից հանձնել: Եղել է մեկը, որը սերտ կապերի մեջ է բրիտանական հետախուզության եւ հատուկ ծառայությունների հետ` խոսքն ԱԽՔ-ի մասին է: Ձեւի համար ներկա էր նաեւ Արարատ Միրզոյանը, որն ուղղակի ինչ-որ հայտարարություններ պետք է աներ, դրա համար էր ներկա, սակայն հատկանշական է, որ Միրզոյանն այս անգամ նույնիսկ հայտարարություններով հանդես չեկավ, եւ նրա փոխարեն խոսքով հանդես եկավ Փաշինյանի խոսնակը: Հայ-թուրքական հարաբերություններում առոչինչ է նաեւ Ռուբինյանը, սակայն նա էլ պատվիրակության կազմում էր: Ի՞նչ է ստացվում, որ եթե Ադրբեջանն ինչ-որ նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ Հայաստանը դրան մասնակցել է, այստեղ պետք է վերհիշել Էրդողանի հետ նրա ունեցած հանդիպումը, ինչից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում առաջարկել է Հայաստանը դարձնել Թուրքիայի վիլայեթ, սակայն իրեն ասվել է` ոչ, քո հարցերը նախ պետք է լուծես Ադրբեջանի հետ, իսկ նա որոշել է հարցերը լուծել իր շեֆի հետ: Ինչ վերաբերում է Նազելի Բաղդասարյանի հայտարարություններին, ապա դրանք ոչինչ չեն նշանակում, քանի որ շատ ավելի լուրջ բաներ արդեն ասվել են` վարչապետի կողմից: Այս պրոցեսներում մի բան այնպես չի գնում, քանի որ այն առաջարկները, որ անում է ԱՄՆ-ն, չի բավարարում Թուրքիային, թեպետ Ալիեւին բավարարում է: Չի բավարարում Մակրոնին, չի բավարարում Իրանին եւ Ռուսաստանին: Նրանք միասին հետաքրքիր քայլ են արել` համատեղ ռազմածովային զորավարժություններ են կազմակերպել, որոնց մասին չեն խոսել: Ստացվում է, որ Փաշինյանի եւ իր խոսնակի հայտարարությունները որեւէ մեկին չեն հետաքրքրում, նրանք իրենց անմիտ քայլերով բացել են պանդորայի արկղը, որտեղ կան շատ հզոր ուժեր, որոնք այս բոլոր հարցերի հասցեատերերն են»:

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image