Այլ

Զանգվածային հարձակումներ, խոշոր ահաբեկչություններ. 2024 թ. գլխավոր ողբերգությունները

Զանգվածային հարձակումներ, խոշոր ահաբեկչություններ. 2024 թ. գլխավոր ողբերգությունները

2024 թվականին աշխարհում տեղի ունեցող պատերազմներից եւ հազարավոր զոհերից զատ, բազմաթիվ ողբերգական իրադարձություններ էլ տեղի ունեցան, որոնք խլեցին հարյուրավոր մարդկային կյանքեր։ Հատկապես լայնածավալ ու եղերական էին ահաբեկչություններն իրանական Քերմանում, որոնց զոհ դարձավ 94 մարդ, կրկնակի պայթյունները՝ Բելուջիստանում, որոնք խլեցին ավելի քան 30 մարդու կյանք, ինչպես նաեւ զինված հարձակումը Մոսկվայի մարզում գտնվող Crocus City Hall-ի վրա: Ներկայացնում ենք 2024 թվականին տեղի ունեցած գլխավոր ողբերգական իրադարձությունները։

Իսրայելի «արյունոտ» ձեռքը. Նասրալա, Հանիյե, Սինվար - Նախքան լայնածավալ ահաբեկչությունները վերհիշելը, արձանագրենք, որ Գազայի հատվածում հոկտեմբերից շարունակվող իսրայելա-պաղեստինյան ռազմական բախումները պատմության մեջ տպավորվեցին, թերեւս, երեք հնչեղ ու գլխավոր սպանություններով: 

Իսմայիլ Հանիե - Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվեց արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Առաջնորդը սպանվեց Թեհրանի իր տանը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Ավելի ուշ Իսրայելի հետախուզական ծառայությունները հայտնեցին, որ նրան կարող էին սպանել Կատարում, սակայն հատուկ որոշել են դա անել Հանիեյի՝ Իրան այցի ժամանակ: «Անվտանգության ուժերի աղբյուրները բացատրել են, որ Թեհրանում մահափորձ անելու որոշումը կայացվել է հենց այն պատճառով, որ այդ պահին Իրանն էր պատասխանատու Հանիեի անվտանգության համար»։

Հասան Նասրալա - Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին Բեյրութի Դահիյա թաղամասում լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման կենտրոնական շտաբին հասցված հարվածի արդյունքում վերացվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալան։ Հարձակումը շտաբի վրա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այնտեղ էր շարժման բարձրագույն ղեկավարությունը: «Սեպտեմբերի 27-ին ՑԱԽԱԼ-ը սպանել է «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալային եւ կազմակերպության հիմնադիրներից մեկին, ինչպես նաեւ «Հզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին եւ այլ հրամանատարների»,- նշել էին պաշտոնապես:

Յահյա Սինվար - Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Գազայում. Իսրայելը հաստատեց լուրը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն այդ առթիվ պնդեց, որ հենց Սինվարն էր հոկտեմբերի 7-ի ջարդերի եւ վայրագությունների հետեւում։ «Սա նշանակալի ռազմական եւ բարոյական ձեռքբերում է Իսրայելի համար եւ ողջ ազատ աշխարհի հաղթանակն Իրանի գլխավորած արմատական իսլամի չարի առանցքի դեմ: «Սինվարի վերացումը հնարավորություն է բացում պատանդների անհապաղ ազատ արձակման համար եւ ճանապարհ է բացում փոփոխությունների համար, որը կհանգեցնի Գազայում նոր իրականության՝ առանց ՀԱՄԱՍ-ի եւ առանց Իրանի վերահսկողության»,- ընդգծեց հրեա արտգործնախարարը։

Ահաբեկչություն Քերմանում (Իրան) - Քերմանում ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ քաղաքային գերեզմանատանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» էլիտար ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին նվիրված արարողության ժամանակ։ Երկու պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 94 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 284-ը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության աֆղանական մասնաճյուղը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ։ Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունից հետո Մերձավոր Արեւելքում լարվածության աճի ֆոնին: Իրանի կառավարությունը մեղադրել է Իսրայելին հարձակմանը մասնակցելու մեջ, սակայն ԱՄՆ Պետդեպը հերքել է այդ մեղադրանքները։ Ահաբեկչության հետեւանքով երկրում սգո օր էր հայտարարվել։

Կրկնակի ահաբեկչություն Բելուջիստանում (Պակիստան) - Փետրվարի 7-ին Բելուջիստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ մոտ 40-ը։ Հարձակումները տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների նախօրեին եւ ուղղված են եղել թեկնածուների գրասենյակներին։ Դրանք իրականացվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Փիշինում, երբ ականապատ մոտոցիկլետը պայթել է անկախ թեկնածու Ասֆանդ Յար Խան Կաքարի գրասենյակի մոտ, ինչի հետեւանքով զոհվել է 16 մարդ։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Քիլլա Սեյֆուլլահում, որի թիրախում եղել է մեկ այլ կուսակցության գրասենյակը. այս դեպքում էլ զոհվել է 12 մարդ: Ի պատասխան բռնությունների՝ Պակիստանը մինչեւ փետրվարի 9-ը փակել է իր սահմաններն Աֆղանստանի եւ Իրանի հետ։

Հարձակում Կվալեում (Մալի) - Փետրվարի 28-ին «Ջամաթ Նասր ալ-Իսլամ վալ Մուսլիմին» ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները («Ալ Ղաիադա»-ի մաս են կազմում) հարձակվել են Կվալեում գտնվող մալիական ռազմական ճամբարի վրա։ Դա երկու տարվա ընթացքում առաջին մահապարտ ավտոմեքենայի հարձակումն էր։ Արդյունքում 30-32 մալիացի զինվոր է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ահաբեկիչներն առգրավել են զենք-զինամթերք, ինչպես նաեւ՝ գերեվարել երկու զինվորի։

Քանդահարում բանկի պայթյուն (Աֆղանստան) - Մարտի 21-ին Քանդահարում՝ Քաբուլի Նոր Բանկի մասնաճյուղում ահաբեկչություն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը կապված էր ԴԱԻՇ-ի հետ: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել։ Այս հարձակման հիմնական թիրախը եղել են «Թալիբան» շարժման (ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ են) աշխատակիցները, ովքեր աշխատավարձ են ստացել բանկից։ Հարձակվողի ինքնությունը պարզվել է. նա Ուզբեկստանի քաղաքացի Ասադբեկ Մադիյարովն է եղել։ Հարձակումն արժանացել է Իրանի եւ Պակիստանի դատապարտմանը:

Ահաբեկչություն Crocus City Hall-ում (Ռուսաստան) - Մարտի 22-ին տեղի ունեցավ Ռուսաստանի համար վերջին տարիների ամենախոշոր եւ ամենաողբերգական ահաբեկչությունը: Զինյալները համերգի ժամանակ ներխուժել էին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկում գտնվող Crocus City Hall համերգասրահ: Հարձակումը սկսվել էր Մոսկվայի ժամանակով 19:58-ին. չորս ահաբեկիչներ կրակ էին բացել այցելուների վրա՝ այդ ամենն ուղեկցելով պայթյուններով եւ հրկիզումներով։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 145, վիրավորվել՝ 551 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր  «Իսլամական պետությունը»: Ռուսաստանը համազգային սգո օր էր հայտարարել, ուժեղացրել անվտանգության միջոցառումները եւ իրականացրել կասկածյալների զանգվածային ձերբակալություններ։ Դրանց թվում շատ են եղել Տաջիկստանի քաղաքացիները:

Հարձակում Լիդո լողափի վրա (Սոմալի) - Օգոստոսի 2-ին «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինները հարձակվել են Մոգադիշոյի Լիդո լողափի վրա։ Հարձակումը սկսվել է Beach View հյուրանոցում մահապարտ-ահաբեկչի կատարած ահաբեկչությամբ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը: Պայթյունին հաջորդել է կրակոց, որին մասնակցել են մի քանի հարձակվողներ։

Բարսալոգոյի սպանդը (Բուրկինա Ֆասո) - Բարսալոգոյի կոտորածը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, երբ «Ջամաթ Նասր ալ-Իսլամ վալ Մուսլիմին» (ՋՆԻՄ) կազմակերպության գրոհայինները հարձակվել են Բուրկինա Ֆասոյի հյուսիսում պաշտպանական խրամատներ կառուցող զինվորների եւ քաղաքացիական անձանց վրա: Հարձակման արդյունքում մոտ 300 մարդ է զոհվել, նույնքան էլ՝ վիրավորվել։

Հարձակումներ եւ հրկիզումներ Բամակոյում (Մալի) - Սեպտեմբերի 17-ին Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել, ավելի քան 255-ը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՋՆԻՄ խմբավորումը ստանձնել է ոստիկանական եւ ռազմական օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունը։ Հարձակումները սկսվել են առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում եւ շարունակվել մոտ ինը ժամ, այդ թվում՝ ռազմական ոստիկանության դպրոցի եւ ռազմական օդանավակայանի տարածքում։ Արդյունքում վնասվել են ինքնաթիռներ, այդ թվում՝ մարդասիրական, հրդեհվել են շենքեր։

ՀԳ. Ահաբեկչության դեմ գլոբալ պայքար հայտարարած աշխարհը, ցավոք, շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքներին: Մոլորակի քարտեզը շարունակում է արյունով ներկվել՝ խլելով մարդկային միլիոնավոր կյանքեր: Իսկ նոր ժամանակներում մեկ մարդը միլիոն արժե: Եվ, ի դեպ, քանի դեռ մեծ խաղացողները շարունակում են շահարկել իրենց հզորությունը, առանձին խմբեր, թեկուզ՝ ահաբեկչական, լցվելու են վրիժառությամբ ու արյունալի հաշվեհարդարի մոլուցքով, սա համընդհանուր գոյաբանական աղետ է, ոչ թե կոնկրետ որեւէ երկրի ու տարածքի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image