Քաղաքականություն

Ադրբեջանցիների համար ՀՀ երեք մարզերում նոր սահմանային անցակետեր կստեղծեն

Ադրբեջանցիների համար ՀՀ երեք մարզերում նոր սահմանային անցակետեր կստեղծեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ պետական սահմանի նոր անցակետեր ստեղծելու մասին նախագիծ է դրել հանրային քննարկման։ Նախագծով նախատեսվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ։ Համաձայն դրա՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ավելանալու են մի շարք նոր սահմանային անցակետեր։ Դրանք են՝ «Սոթք» («Քելբաջար»)

Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան)։ Այստեղ նկատենք, որ ՀՀ կառավարությունն արդեն հրաժարվել է հայկական «Քարվաճառ» անվանումից եւ օգտագործում է դրա ադրբեջանական՝ «Քելբաջար» անվանումը։ Նույնը նաեւ մյուս տեղանունների պարագայում է։
Երկրորդ սահմանային կետը Երասխի հատվածում է՝ «Երասխ» («Սադարակ») Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային, (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)։ Երրորդն արդեն Սյունիքի մարզում է՝ «Քարահունջ» («Էյվազլի»), Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արեւելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։

Նշված է նաեւ, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական սահմանի անցման կետերը գործում են համապատասխան շինարարական եւ կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերը հիշատակված՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ ապահովել ադրբեջանցիների երթեւեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան։ «Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»,- հայտարարել էր նա:

Դրանից օրեր անց մենք գրավոր հարցում էինք ուղարկել Պետեկամուտների կոմիտե՝ հետաքրքրվելով, թե կատարվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ի՞նչ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, արդյոք կազմակերպվե՞լ է ադրբեջանցիների երթեւեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, ի՞նչ սահմանային անցակետերով, ե՞րբ են դրանք տեղադրվել, ո՞ր հատվածներում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ մաքսային հսկողության ինչպիսի՞ կառուցակարգեր են գործելու ադրբեջանցիների՝ ՀՀ մուտքի ու ելքի ժամանակ։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ, ուստիեւ համապատասխան օրենսդրական կարգավորումներ չունենք: ՊԵԿ-ից, սակայն, մի անբովանդակ պատասխան էին ուղարկել, թե «նշված գործընթացն իրականացվելու է ՀՀ եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան, այդ ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքներ»։

Դրանից մի քանի օր անց հայտնվում է այս նախագիծը՝ մշակված ԱԱԾ-ի կողմից։ Այսինքն՝ Փաշինյանի հանձնարարականը սկսել են կյանքի կոչել եւ «բարեկամ» ադրեջանցիների համար նոր սահմանային անցակետեր ստեղծել, որ նրանք կարողանան ելումուտ անել Հայաստան։ ՊԵԿ-ից ասացին, որ այս հարցում իրենց գործառույթը մաքսային վերահսկողություն իրականացնելն է, երբ սահմանային անցակետերը կսկսեն լիարժեք գործել։ Նախագծում նշված է նաեւ, որ դրա ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական եւ կահավորման աշխատանքների իրականացման համար, սակայն չի հստակեցվում, թե որքան։

Ի դեպ, հանրային քննարկման e-draft.am հարթակում այս նախագծի ընդունմանը երեկվա դրությամբ կողմ է քվեարկել ընդամենը 5 քաղաքացի կամ քվեարկածների 10 տոկոսը, իսկ դեմ՝ 46 քաղաքացի։ Բայց քաղաքացիների կարծիքը, բնականաբար, հաշվի չի առնի հայրենի կառավարությունը, քանի որ ադրբեջանցիներին արդեն իսկ խոսք է տվել, որ ապահովելու է նրանց անվտանգ երթեւեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image