Փետրվարի 7-ի երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
««Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասվում էր հայտարարության մեջ։
Թե որտեղից են այս եզրահանգմանը եկել «իմքայլականները», անհասկանալի է։ Սակայն ակնհայտ է, որ երկրում քաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով փետրվարի 20-ին նախատեսել է «Արդար Հայաստան» կուսակցության համագումարը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանն, ասաց. «Նախ թույլ տվեք արձանագրել, որ որևէ ձևով չի ներկայացվել որևէ հիմնավոր պատճառաբանություն կամ վերլուծություն, կամ ուսումնասիրություն, կամ հետազոտություն, թե ինչ չափիչ գործիքակազմի գործողության արդյունքում է իշխանությունն հանգել, որ հանրության մոտ պահանջարկ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Բայց ես կուզենայի, որ այլ համատեքստում գնահատվեր այդ որոշումը»։
Նորիկյանը հարցադրում արեց, թե նախ որտեղի՞ց ծնվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը, և ո՞ւմ կողմից այդ գաղափարը քաշվեց քաղաքական դաշտում։ «Որքան էլ զարմանալի է, օրակարգը գեներացնողների թվում էր հենց գործող քաղաքական իշխանությունը՝ ի դեմս գործող վարչապետի։ Չբացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ փորձ արվեց քաղաքական կոնսուլտացիաների։ Ավելին, գործող քաղաքական իշխանությանը գործուն քաղաքական քայլեր էր ձեռնարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ դրվեց շրջանառության մեջ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ այդ գաղափարը օրակարգ մտավ նոյեմբերի 10-ից հետո։ «Իմ խորագույն համոզմամբ՝ անգամ եթե մեկ մարդ էլ կողմ չլիներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ից հետո ինքը պետք է հայտարարեր։ Եվ հիմա պնդում է, որ գործող քաղաքական համակարգի միակ օրինակ և լեգիտիմ հաղթահարման միջոցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Միայնումիայն այդ միջոցով է հնարավոր հանգուցալուծել իշխանության լեգիտիմության հարցը, այդ ճգնաժամը և հանրության մեջ առկա բացասական մթնոլորտը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Հարցերին՝ «ինչո՞ւ հրաժարվեցին, ինչի՞ց վախեցան իշխանությունները», փաստաբանը պատասխանեց.
«Գիտե՞ք ինչ, ես չգիտեմ՝ ինչ հաշվարկներ են կատարված։ Եթե այս ամեն ինչը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ես կարծում եմ, որ այդտեղ որևէ մեկը վախենալու խնդիր չպետք է ունենա։ Կարծում եմ՝ նախկին քաղաքական ռեժիմներից որևէ մեկը վերակենդանանալու շանս չունի։ Եվ չի կարող այնպիսի վստահության քվե ստանալ, որը հնարավորություն կտա նրանց վերադառնալու։ Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական հաշվարկներ են դրվել Նիկոլ Փաշինյանի այդ որոշման հիմքում, այնուամենայնիվ ինձ համար մի բան ակնհայտ է՝ պետական գործիչը, քաղաքական գործիչը պետք է հանրության հետ ազնիվ լինի։ Եվ եթե իսկապես հանրությունը մոտիվացվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ուրեմն պետք է գնալ մինչեւ վերջ, և ակնկալել հանրության վստահությունը։ Այլ հարց է, թե հանրությունն ինչ դիրքորոշում կունենա այս ընտրությունների ժամանակ»։
«Սասնա ծռեր» կուսակացության, «Ազգային - Ժողովրդավարական բեւեռ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունն այլևս ժողովրդին չի ներկայացնում։ «Իրենց կարծիքը իրենց կարծիքն է, իրենց կարծիքը ժողովրդի կարծիքը չէ», - ընդգծեց քաղաքական գործիչը։
Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր հասնել Փաշինյանի հրաժարականին, արտահերթ ընտրությունների, Չուգասզյանը պատասխանեց, որ առաջիկա շրջանում ժողովուրդը հոգեբանական շոկից դուրս է գալու. «Ժողովրդի ռեակցիան այսօր պետք չէ մեկնաբանել, իբրև թե ինքը դժգոհ չէ վիճակից, այլ ուղղակի շոկի մեջ է։ Եվ որոշակի ժամանակ հետո, ինչպես լինում է շոկերից հետո, այդ դեպրեսիայից դուրս կգա և իր խոսքը կասի»։
Հարցերին՝ «Հիմա ի՞նչ քայլեր եք անում արտահերթ ընտրությունների հետ կապված, ի՞նչ եք պատրաստվում անել՝ հաշվի առնելով նաև այս իրավիճակը», պատասխանեց.
«Նախ մենք կարծում ենք, որ մինչեւ արտահերթ ընտրությունները բավական ժամանակ է լինելու։ Եվ այդ ընթացքում քաղաքական զարգացումներ լինելու են Հայաստանում։ Միջազգային և տարածաշրջանային անկայունությունը, որ կա, չի պակասել պատերազմից հետո, այլ էլ ավելի է պրպվել իրավիճակը։ Եվ դա իրեն զգացնել է տալու բազմաթիվ ձևերով, որի ազդեցությունը քաղաքական մեր դաշտում նկատելի կլինի առաջիկա ամիսներին։ Եվ դա հանգեցնելու է որոշակի անցումային իշխանության ձևավորման մինչև արտահերթ ընտրությունները։ Սա մեր՝ «Ազգային - Ժողովրդավարական բևեռի», իրավիճակի վերաբերյալ գնահատականն է»։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Սուրեն Սահակյանի խոսքերով՝ խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Չեմ կարող մեկնաբանել, թե հանրության ինչ լայնության շերտ է, որ չի ուզում, արտահերթ ընտրությունների պահանջ չի տեսնում։ Այդպիսի շերտ էլ կա, շերտ էլ կա, որը որ ուզում է։ Ես չգիտեմ՝ դրանից որն է ավելի լայն»,- նշեց Սահակյանը։
Դիտարկմանը, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվում են արտահերթ ընտրություններից, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ինչպե՞ս են հրաժարվում։ Իրենք այդպիսի բան չեն հայտարարել։ Ասել են՝ «խորհրդարանական խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ» և «հանրության մեջ պահանջ չկա», դա հո՞ չի նշանակում իրենք չեն անելու։ Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններ լինելու են»։
Հարցին, «այսինքն՝ պատրաստվու՞մ եք արդեն», Սահակյանը պատասխանեց.
«Կուսակցությունները հաջորդ ընտրություններին պատրաստվում են նախորդի ավարտվելուց անմիջապես հետո»։