Անրի Վերնոյը մշտապես գիտակցել է իր արյունակցական կապը Հայաստանի հետ եւ սուր կերպով է զգացել իր ժողովրդի ցավը։ Իր հիշողությունների եւ «Մայրիկ» վեպի (1989) հիման վրա ստեղծում է կինոսցենար, որը 47 տարբերակ է ենթադրում նկարահանման համար։ Այն ժամանակին անվանել են «ամենաթանկ սցենարը, որ եղել է կինոյի պատմության մեջ։ Վերնոյը այդ սցենարի ստեղծմանը տվել է իր ողջ ժամանակն ու ուժերը, իսկ սրբագրումների ընթացքում կատարվող կրճատումները համարել է մարդու մարմնի մասերի անդամահատում։ Այդ կինոսցենարով էլ նկարահանվում են նրա երկու պատմա-կենսագրական ֆիլմերը՝ «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» կինոնկարները՝ համապատասխանաբար 91 եւ 92 թվականներին։
Երկու դեպքում էլ պատումը առաջին դեմքով է արվում, եւ պատմողը գլխավոր հերոս փոքրիկ գաղթական Ազատ Զաքարյանն է, ում մեծանալու պատմությունն էլ ներկայացված է։ Ազատի ծնողների՝ Հակոբ եւ Արաքսի Զաքարյանների դերերում համաշխարհային կինո մեծություններ են՝ Կլաուդիա Կարդինալեն եւ Օմար Շարիֆը։ Մասնակցել են կինոնկարի ստեղծմանը նաեւ ֆրանսիացի հայտնի դերասաններ Նատալի Ռուսելը, Ռիշար Բերին, Իզաբել Սադոյանը, Դայան Բելեգոն, Ժաքի Ներսեսյանը։ Կինոնկարի գործողությունների էմոցիոնալ-գեղագիտական ընկալումը հատկապես ուժեղացնում է ֆրանսիացի տաղանդավոր կոմպոզիտոր Ժան-Կլոդ Պետիի գրած կինոերաժշտությունը։ Պատմա-կենսագրական այս կինոնկարներում հակադրված են երկու աշխարհները՝ Ազատի մանկության աշխարհը՝ լի հարազատների եւ ընտանիքի բարեկամների սիրով, եւ ֆրանսիական աշխարհը, որտեղ հերոսը, սկսած դպրոցից՝ Հայոց պատմության ուսումնասիրությամբ, սկսում է գիտակցել իր ազգային ինքնությունը։ Հատկապես ուշագրավ են մի քանի դրվագներ Ազատի հասունացման եւ ազգային ինքնության գիտակցման ճանապարհին՝ մեկը, երբ ընկերոջ՝ Լեոնի հետ գրադարանում կարդում է Հայոց ցեղասպանության մասին եւ երկրորդը, երբ մայրը պատմում է ընտանեկան ողբերգական պատմությունը եւ պատգամում երբեք չիջնել նրանց՝ եղեռնագործ թուրքերի մակարդակին ու չհավասարվել նրանց։ Հետո արդեն Ազատ Զաքարյանը դառնում է հայտնի ռեժիսոր Պյեր Զաքար, ինտեգրվում ֆրանսիական իրականությանը, ինչ որ իմաստով՝ նույնիսկ ֆրանսիացի դառնում եւ վերջում որդիական զղջմամբ ու երախտագիտությամբ՝ նորից վերադառնում ազգային ինքնությանը։