«Հրապարակի» զրուցակիցը վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն է:
- Հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրություններ. ինչպես մեկ տարի առաջ հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններում, այս հոկտեմբերին էլ անակնկալ չեղավ: Իշխող «Վրացական երազանքը» տպավորիչ հաղթանակ գրանցեց, այդ թվում՝ խոշոր քաղաքներում․ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Փոթիում եւ Ռուսթավիում։ Փաստորեն, քաղաքացիների եւ իշխանությունների «երազանքը» համընկնում է:
- Իհարկե, ոչ մի անակնկալ, հաշվի առնելով, որ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել ընտրություններին, եւ «Վրացական երազանքը» մոբիլիզացրել է իր ընտրողներին: Ընտրողների մոտ 30 տոկոսն է մասնակցել, ուստի «Վրացական երազանքը» համապատասխանում է իր ընտրողների 30%-ի երազանքներին։
- Ընտրությունների օրը համապետական քվեարկությունը բոյկոտած ընդդիմադիր ուժերը «խաղաղ իշխանափոխության» ակցիա նախաձեռնեցին, որն ուղեկցվեց նախագահական նստավայրի վրա գրոհով, ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումներով, ձերբակալություններով եւ այլն: Իշխանությունները կրկին հայտարարեցին՝ «մայդան անելու փորձը ձախողվեց»: Վերջին տարիների համար մի քիչ շատ չե՞ն այդ փորձերը:
- Ի՞նչ այլ փորձեր են եղել: Եվ սա նույնիսկ փորձ չէր, այլ՝ ֆարս եւ ներկայացում: Մի քանի տասնյակ մարդիկ կոտրել են ցանկապատը եւ վազել նախագահական նստավայրի բակ, ապա դուրս են վազել՝ տեսնելով 20 հատուկջոկատայինների: Սա ֆարս է եւ սադրանք։
- Ի դեպ, նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր մի քանի առաջնորդներ եւս դատապարտեցին նախագահական պալատի վրա հարձակումը, սակայն նաեւ «տեղի ունեցած բռնության մեջ այլ ձեռագիր տեսան»: Վրաստանի երբեմնի միաբան ընդդիմությունը պառակտվե՞լ է:
- Վրաստանում երբեք միասնական ընդդիմություն չի եղել, հատկապես հոկտեմբերի 4-ին, ուստի Զուրաբիշվիլին հենց իր ոճով է: Ընդհանուր առմամբ, մենք ունենք առանձին բողոքի ցույցեր եւ առանձին ընդդիմություն։
- Ընտրությունները, ինչպեսեւ սպասելի էր, քննադատության արժանացան Թբիլիսիի եվրոպական գործընկերների կողմից, իշխող ուժն էլ հակադարձ մեղադրանքներ հնչեցրեց նրանց հասցեին՝ ընտրությունները հերթական անգամ սաբոտաժի ենթարկելու փորձերի, սադրիչ գործողությունների համար:
- Իշխող կուսակցությունը հանդգնել է փչացնել հարաբերությունները նույնիսկ Չինաստանի հետ, ընդ որում՝ նրանք պնդում են, որ միակ ինքնիշխաններն են հետխորհրդային տարածքում, իսկ մյուսներն իրենց երկրները տանում են դեպի աղետ։
- Վրաստանի հետ նույն՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահը շտապեց «սատարել վրացիներին՝ ի հեճուկս Մոսկվայի ճնշումների եվրոպական ապագա ընտրելու պայքարում»: Ո՞ւր կհասնի ԵՄ-Վրաստան «քաղաքական փոխհրաձգությունը», մանավանդ՝ Թբիլիսին մինչեւ 2028 թվականը «փակել է երկխոսության դուռը»:
- Այո, դա արդեն հանգեցրել է երկխոսության փակմանը եւ հարաբերությունների խզմանը: Ավելի վատ չի լինի, չնայած միշտ կարող է ավելի վատանալ: