Քաղաքականություն

ԵՄ դեսպանին գյուղատնտեսությունն ավելի է հետաքրքրում, քան քաղաքականությո՞ւնը

ԵՄ դեսպանին գյուղատնտեսությունն ավելի է հետաքրքրում, քան քաղաքականությո՞ւնը

Երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացումը։ Բացման արարողությանը մասնակցում էին ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի փոխնախարարները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը եւ այլք։

Լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիան ստեղծել է ագրոդրոններ, որոնք կարող են օգտագործել մեծ մասշտաբի ցանքատարածություններ պարարտացնելու եւ այլ նպատակներով։ Լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների եւ դասախոսների համար կծառայի ուսումնահետազոտական նպատակներով, բայց կարող են օգտվել նաեւ ֆերմերները եւ մասնագետները՝ արտադրական ու վերապատրաստման համար կենտրոնը կիրականացնի նաեւ խորհրդատվական ծառայություն։

Ձեւական ու արարողակարգային ելույթներից ու «մեծարգո տիկին դեսպանին» ողջունելուց հետո գովեստի խոսքեր ասելու հերթը հասավ դեսպան Վիկտորինին։ Աշխույժ ու ակտիվ շարժուձեւով տիկին դեսպանը սկսեց խոսել կանաչ ապագայի, գյուղատնտեսության ոլորտում նորարարությունների, տեխնոլոգիական առաջընթացի եւ սննդի անվտանգության կարեւորության մասին։ Հետո հիշեցրեց, որ իրենք շատ լավ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ։ Ելույթից հետո Անդրեա Վիկտորինը կտրեց լաբորատորիայի կարմիր ժապավենը, ծանոթացավ դրոններին եւ ներողություն խնդրեց, որ չի կարող երկար մնալ, քանզի շտապում է հաջորդ միջոցառմանը մասնակցելու։

Մինչ նա կլքեր շենքը, փորձեցինք մի քանի հարց ուղղել տիկին Վիկտորինին։ Նա համաձայնեց մի քանի րոպե մնալ՝ պատասխանելով մեր հարցերին, բայց կտրուկ շեշտեց՝ միայն թեմային առնչվող, թեմայից դուրս՝ ոչ մի հարց։

«Ոչ մի հարցի չեմ պատասխանի այլ թեմայով։ Սա իմ քաղաքականությունն է, մենք ունենք միջոցառում, դա հիանալի է, մենք աջակցում ենք գյուղատնտեսությանը եւ շատ ուրախ ենք դրա համար, եւ եթե ունեք այլ հարցեր, դիմեք մամուլի ծառայությանը»,-ասաց տիկին Վիկտորինը, որը, ըստ լուրերի, այս իշխանությունների գլխավոր հովանավորներից ու խորհրդատուներից է եւ մեծ պատասխանատվություն է կրում տարբեր հարցերի հետ կապված։

Ինչքան փորձեցինք համոզել, որ ԵՄ դեսպանը որեւէ խոսք, դիրքորոշում հայտնի Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների, ընդդիմության նախաձեռնած դիմադրության ակցիաների վերաբերյալ, չհաջողվեց։ Տիկին դեսպանը շատ համառ էր՝ սա այդ պահը չէ, որ ինքը խոսի քաղաքական հարցերի շուրջ՝ հարցերով դիմեք մամուլի ծառայությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image