Ռուսաստանը կորցնում է իր քաղաքական դիրքերը հետխորհրդային տարածքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։
Գնահատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին նշել է, որ Ադրբեջանն այժմ լիովին անկախ է, իսկ Հայաստանում վերջերս կայացած ընտրությունները ցույց տվեցին այդ երկրի ինքնուրույն լինելու մեծ հաջողությունը։
Ավելին, ըստ Ուկրաինայի նախագահի, ռուսներն արդեն կորցրել են Մոլդովայի նկատմամբ վերահսկողությունը։
«Նրանք կորցնում են ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում, Հայաստանում և Ադրբեջանում։ Ավելին, նրանք հայտնվել են մեկուսացված Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից։ Ըստ էության, նրանք մնացել են միայնակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ, նրա պնդմամբ, ազատ և անկախ Ուկրաինան մնում է Կրեմլի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, իսկ Կիևի ապագա անդամակցությունը Եվրամիությանը ներքին խնդիրներ կառաջացնի հենց Ռուսաստանի ներսում։
«Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է», - ընդգծել է Զելենսկին։