Հասարակություն

Սա մեր գոյության վերջին պայքարն է

Սա մեր գոյության վերջին պայքարն է

Այսօր զոհասեղանին դրված է Արցախի եւ Հայաստանի լինել-չլինելու հարցը, եւ եթե պահի լրջությունը չհասկանանք, ապա անդարձ կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը՝ պետությունը, պետականությունը, արդյունքում՝ նաեւ հայ ժողովրդի պատիվը: Հայրենիքը սրբության սրբոց է, եւ այն մենք ձեռք ենք բերել բյուր տառապանքներով, անհամար զոհերով ու կորուստներով, նվաստացումների ու անչափելի դժվարությունների գնով, որի ուրացումն ավելին է, քան կործանումը: Եթե մինչեւ արցախյան վերջին պատերազմը չէինք հասկանում մեր գլխին կախված վտանգի չափը, ապա 44-օրյա պատերազմից հետո բոլորս ականատես եղանք, թե դավաճանությունների արդյունքում ինչպես կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, ունեցանք մոտ 5 հազար մատղաշ զոհ, հազարավոր անհետ կորածներ, վիրավորներ, գերիներ, եւ դա դեռ քիչ էր՝ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան- Ռուսաստան համաձայնագիրը, որի խորքում Արցախի եւ Հայաստանի պետականության ռեալ կորուստն է: 

Հազարամյակներ շարունակ սրա՞ համար են եղել մեր զրկանքները, սրա՞ համար ենք դարեր շարունակ տենչացել պետականության վերականգնում: Այս պահի դրությամբ Հայաստանը ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեբանորեն պարտվել է Ադրբեջանին, Հայաստանից էլ են տարածքներ զավթել, եւ այս ոչ բարենպաստ պայմաններում Ադրբեջանը, երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ, պնդում է, որ պետք է Հայաստանն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, պետք է սկսեն Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որից պարզից էլ պարզ է, որ թշնամին շահած է դուրս գալու, քանզի նման ջախջախված ելակետային վիճակում եւ օրվա իշխանության նման պահվածքի պարագայում մենք որեւէ բան շահելու հույս չենք կարող ունենալ: Ահա եկել-հասել ենք այն եզրագծին, որ կա՛մ պետք է կորցնենք Արցախը, կա՛մ ազգովի ոտքի ելնենք եւ պարտադրենք իշխանություններին, որպեսզի նրանք կա՛մ ճանաչեն Արցախի անկախությունը, կա՛մ ընդունեն Արցախը Հայաստանի հետ միավորվելու որոշում: Եթե ժողովուրդը չգիտակցի այս ռեալ վտանգները եւ միասնական ոտքի չկանգնի, չստիպի իշխանություններին՝ կայացնելու այդ երկու որոշումներից մեկը, իսկ չհամաձայնելու դեպքում նրան հրաժարական չպարտադրի, ապա իսպառ կկորցնենք Արցախը, եւ Հայաստանի պետականությունը կհայտնվի ռեալ վտանգի տակ:

Ապրիլի 25-ից Երեւանում, ապա մարզերում անհնազանդության գործողություններ են՝ ի պաշտպանություն Արցախի անկախության եւ Հայաստանի ամրապնդման, եւ այդ ակցիաներն ու հանրահավաքները գնալով ավելի մեծ թափ են ստանում, օր-օրի ավելի մարդաշատ դառնում: Երկրի իշխանությունները կարծում են, որ այլընտրանք չկա՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ու իրենք պետք է ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ ինչ-որ հեղհեղուկ կարգավիճակով՝ նրա կազմում։ Այս իրավիճակն է դարձել Հայաստանով մեկ ընթացող անհնազանդության միջոցառումների եւ իշխանափոխության կոչերի պատճառը: Ապրիլի 25-ից մինչ այսօր առավոտից մինչեւ երեկո տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ՝ փողոցների շրջափակում, իսկ երեկոյան՝ ամփոփիչ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ամփոփվում են օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Իշխանություններին ուղղված հրաժարականի կոչեր են հնչում՝ հույսով, որ այդ ամենը կավարտվի իշխանափոխությամբ:

Ցավոք, մեր ժողովրդի որոշ մասը կա՛մ չի գիտակցում, որ իրոք զոհասեղանին են դրված Արցախի եւ Հայաստանի ճակատագրի հարցերը, եւ չմիանալով անհնազանդության ակցիաներին՝ կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանի շատ տարածքներ, որով վերջնականապես կթաղենք հայկական հարցը ու կվերածվենք թուրքական իրավազուրկ մի վիլայեթի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ ժողովրդի ճակատագիրը գտնվում է միմիայն հայ ժողովրդի ձեռքում, եւ եթե նա միասնական՝ մեկ մարդու նման չպայքարի իր փրկության համար, ապա մեկընդմիշտ կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ հայոց պետականությունն ու պետությունը ու, լավագույն դեպքում, սովորական մի ցեղի կարգավիճակ ստացած, դարձյալ կերգենք ծովից ծով Հայաստանի եւ արդեն թաղված հայկական հարցի մասին հնացած երգերը:

Ուղղակի ցնցված եմ այսօրվա իշխանության եւ ժողովրդի մի ստվար՝ անտարբեր հատվածի վրա, ովքեր, հավանաբար, մոռացել են Հայոց մեծ եղեռնը, արցախյան երկրորդ եղեռնը, չեն ընկալում թուրքի տեսակը, չեն հիշում հայ ժողովրդի հազարամյա մաքառումները, չեն գիտակցում հայ ժողովրդին սպասվող արհավիրքը եւ հեշտորեն համաձայնում են թուրքի առաջարկած խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ անամոթաբար եւ բարձրաձայն բարբաջելով, որ պատերազմից փրկվելու միակ բանաձեւը սա է: Մի՞թե դարձել ենք աշխարհի ամենավախկոտ ժողովուրդը, որ ունակ է գնալու ցանկացած պատվազրկման, միայն թե կանխենք պատերազմը: Սա մեր վերջին պայքարն է եւ եթե այս անգամ էլ մեզ պահենք վերջին վախկոտի նման, ապա շատ ճիշտ կլինի, որ նամուսով վերանանք աշխարհից, քան թե կռանանք թուրքի ոտքերի առաջ։
Մի՞թե սուտ ու հորինվածք են Սարդարապատը, Բաշ-Ապարանը եւ մեր մյուս հերոսամարտերը։

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image