Մի քանի օր առաջ՝ ապրիլի 25-ին, մի խումբ անհատներ, որոնց թվում էին նախկին դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախկին ԱԳ նախարարներ, մտավորականներ, հայտարարությամբ հանդես եկան։ Հայտարարության տեքստում, ի թիվս այլ կետերի, նշված էր․ «Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման եւ իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որեւէ պատճառաբանությամբ կամ որեւէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների եւ պատասխանատվության տիրույթում է»:
Այս հայտարարությանը մի քանի օր անց անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բավականին կոշտ արտահայտվելով մտավորականության, անվանի դիվանագետների ու մշակույթի գործիչների ստորագրած տեքստի առնչությամբ, որում ոչ մի հակահայկական կետ չկա։ Այսինքն, «հիմնադիր նախագահը» որոշել է ցեխ շպրտել Հայաստանի մտավորական էլիտայի, կարելի է ասել՝ կորիզը կազմող այս խմբի ներկայացուցիչների վրա։ Տեր-Պետրոսյանն իր արձագանքը, որը ներկայացրել է կարճ հոդված-ակնարկի տեսքով, վերնագրել է՝ «Ողորմելի մանիֆեստ»։ Նա նշել է, թե ինքը երկար է մտածել՝ արձագանքե՞լ այս հայտարարությանը, թե՞ ոչ, հետո հասկացել է, որ արձագանքելը կլինի անիմաստ զբաղմունք, քանի որ «դրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից»։
«Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։
Այսպիսի կոշտ արձագանքի պատճառը, կարծում ենք, հայտարարության մեջ տեղ գտած մի հատվածն է, որտեղ նշվում է, որ «Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման եւ իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որեւէ պատճառաբանությամբ կամ որեւէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա»։ ՀՀ առաջին ու հիմնադիր նախագահին, հավանաբար, հենց այդ՝ Արցախի հիմնահարցը սակարկության առարկա չդարձնելու պնդումն է, որ դուր չի եկել, քանի որ նա իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում հանդես է եկել որպես Արցախը հանձնելու եւ դրա դիմաց «խաղաղ ապրելու» գաղափարի ջատագով ու ամեն ինչ արել է, որ այն կյանքի կոչվի։ Հիմա իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, «մի փոքր զոհերով», կյանքի է կոչում իր քաղաքական կնքահոր երազանքն ու առաքելությունը, եւ Տեր-Պետրոսյանը ծածուկ՝ առանց անունը տալու, աջակցում է նրան։
Հայտարարությունը տարածած նախաձեռնող խմբի անդամ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերին, ասաց․ «Ես համարում եմ, որ ուղղակի վայել չէ առաջին նախագահին եւ մեր երկրի հիմնադիր նախագահին նման սարկազմիկ ոճով, նման երգերի մեջբերումներով բնորոշումներ տալ այդ հայտարարությանը, որտեղ շատ հստակ բարձրաձայնված է ազգային, պետական շահերի եւ այդ շահերի նկատմամբ այսօր արդեն մեր ունեցած եւ տեսանելի սպառնալիքների մասին։ Նման ոճով արձագանքն իսկապես վայել չէ առաջին նախագահին։ Եվ ես կարծում եմ, որ երկրում այսօր բուռն իրադարձություններ են կատարվում, եւ առաջին նախագահը որեւէ ձեւով չի արձագանքում կամ իր ուղերձը, իր խոսքը չի հղում՝ ուղղված ժողովրդին։ Կարծում եմ՝ ինքը գոնե ասելիք պիտի ունենար՝ երեւի թե այս օրերի որոշակի խորհուրդը հասկանալով։ Դրա համար նմանատիպ արձագանքն ինձ համար տարօրինակ է եւ ոչ վայել առաջին նախագահին»։
Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ է Տեր-Պետրոսյանին դուր չի եկել հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ Արցախի հիմնահարցը սակարկության առարկա չի կարող լինել, Մելիքյանը նկատեց․ «Ես չեմ բացառի։ Եթե այդ հայտարարությանը նմանատիպ արձագանք կա այդ ձեւով եւ այդպիսի որակումներով, պիտակավորումներով, որովհետեւ, վերջիվերջո, այդ հայտարարությանը միացել են ոչ վերջին մարդիկ այս երկրում, եւ իրենց ավանդն ու հսկայական ներդրումն ունեցած մարդիկ են միացել, ես կարծում եմ, որ նմանատիպ մոտեցումն իսկապես որեւիցե ձեւով պատիվ չի բերում առաջին նախագահին։ Իսկ թե ինչն էր իրեն ամենաշատն անհանգստացրել, երեւի իրենից պետք է հարցնեք»։