Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Այլ ակումբներ եւ ակումբերի ֆան-ակումբներ էլ են միացել հրաժարականի պահանջին: Անգամ «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Արման Սահակյանը, որը շատ մտերիմ է ՔՊ-ական իշխանության հետ, նախօրեին պահանջել է ՀՖՖ նախագահության հրաժարականը: Երեկ սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ֆեդերացիայի նախագահ Մելիքբեկյանը անգամ ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող մարզադաշտերն է փակի տակ պահում, որպեսզի իր համար անընդունելի ֆուտբոլային թիմերը չխաղան: Բայց Մելիքբեկյանի հետ կոնֆլիկտի մեջ մտած ֆուտբոլային թիմերը մեկ-երկուսը չեն, այլ գրեթե բոլորը: Իսկ հայկական ֆուտբոլի անվերջ ձախողումները, պարտությունները հիմք են հանդիսացել, որպեսզի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի հարցը մղվի առաջին պլան:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցեց ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հետ:
- Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Կարծում են, որ Մելքիբեկյանն է հայկական ֆուտբոլի իրար հաջորդող ձախողումների պատճառը: Ի՞նչ է կատարվում ըստ Ձեզ:
- Բայց պահանջելուց պետք է հիմնավորել, թե ինչու են պահանջում:
- Մելիքբեկյանը չի կարողանում շփվել ակումբների հետ, հայկական ֆուտբոլն օր օրի գահավիժում է: Սրանք բավարար պատճառներ չե՞ն:
- Ո՞նց չի զարգանում: Իսկ ո՞վ է որոշել:
- Հայկական կողմի պարտություններն են նման տեսակետ ստեղծել:
- Եթե ինչ-որ մի բան չի ստացվում, պետք է պատասխանատուները պատասխան տան դրա համար, բայց ֆեդերացիայի նախագահը ինչո՞ւ պետք է պատասխան տա, թողեք խաղերը լրիվ վերջանան, տեսնենք ինչ է լինում, նոր: Մարզիչ են բերել, նա ունի պարտականություններ: Ֆեդերացիան անում է բաներ, որոնք կապված են կազմակերպչական հարցերի հետ: Միանգամից ոչինչ չի լինում: Միանգամից բոլորով հարձակվում են, բայց պատճառները չեն ուզում գտնել որտեղից է:
- Որտե՞ղ եք այդ պատճառները տեսնում: Ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի պատասխանատուներն այդ դեպքում:
- Ամեն տեղ էլ աշխատող մարդուն ինչ-որ մի բան չի հերիքում: Պետք է նստել, քննարկել, չի կարելի միանգամից այսպես քայլեր անել: Պետք է լուրջ մտածեն հավաքականները: Քսան տարի է, ոնց եղել է, այդպես մնում է, պետք է մտածել խնդիրը որտեղից է գալիս: Աշխատելու ցանկություն կա, անում, անում են, բայց վերջում ստացվում է, որ մի բան այն չէ: Լուրջ մտածել է պետք, մեկ ամիս է մնացել ֆուտբոլին, տեսնենք թե ինչ կլինի….
- Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին հայկական ֆուտբոլի բոլոր ձախողումների մեջ: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ Մելիքբեկյանին «սրբադասում» եք` «երեսը լվանում»:
- Ասեմ Ձեզ առաջվա նախագահը բոլոր հարցերը վերցրել էր իր վրա, բժշկի գործն իր վրա էր վերցրել, էլեկտրիկի գործն իր վրա էր վերցրել, ամեն ինչում ինքն էր: Ես այդ «կուխնյան» լավ գիտեմ: Նա ամեն ինչում որոշող էր: Եթե ամեն ինչ մի հոգի է որոշում, բա պետք է իրենից էլ պահանջեն, բայց այսօր այդպես չէ: Այս մարդը չի մասնակցում այդ ամենին, թողել է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի, դրա համար մեղավո՞ր է:
- Բայց եթե ոչ մի ֆուտբոլային թիմ նրան չի ընդունում, ինքն էլ ֆուտբոլային թիմերի հետ չի կարողանում լեզու գտնել, ապա ինչո՞ւ է կառչել այդ աթոռից:
- Բայց պիտի հիմք լինի, որ հեռանա: Մարզիչ էին բերում, բոլորը համաձայն էին, հիմա խնդիրը մարզիչի հետ է կապված: Դրա համար էլ հանեցին: Աթոռից կառչելը ոչ մի բնագավառում էլ ճիշտ չէ, բայց սխալներն այլ ձևով պետք է վերլուծել: