«Одноклассник»-ը շարունակում է մնալ գործող վարչապետի ջերմ համակիրը, երկրպագուն

«Одноклассник»-ը շարունակում է մնալ գործող վարչապետի ջերմ համակիրը, երկրպագուն

Նախկինում ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը «շռայլություն» էին անում եւ իրենց ցուցակներում՝ անցողիկ թե ոչ անցողիկ տեղերում ընդգրկում էին նաեւ մտավորականների։ Ճիշտ է, անկախության տարիներին մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են քարկոծվում իշխանամետ մտավորականները, ինչպես են նրանց պիտակավորում հանրային տարբեր հարթակներում, բայց դա չի խանգարել, որ նրանք ակտիվ ներգրավված լինեն քաղաքական կյանքում։ Լրագրող, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի համար էական չէ՝ ցուցակներում կա՞ն մտավորականներ, թե՞ ոչ։

«Ես այդ աչքով չեմ նայում ցուցակներին։ Ինձ համար էական է, որ ցուցակներում լինեն քաղաքականություն հասկացող, վերլուծական միտք ունեցող, բանավեճի եւ հռետորական ունակությունների տիրապետող եւ սկզբունքային մարդիկ բոլոր ոլորտներից։ Ցուցակներում կա մարդկանց մի քանակ, որն ԱԺ պատգամավորի իմ պատկերացրած չափանիշներին չի բավարարում»,- ասաց մեր զրուցակիցը։ Մյուս կողմից էլ, ըստ արձակագրի, խնդիր են առաջացնում ցուցակներում հանգրվանած անծանոթ մարդիկ, որոնք հանրությանը հայտնի չեն։ «Մի կարեւոր ճշտում անեմ՝ նախորդ համակարգը չի տվել մարդկանց այն ազատությունը, որ դրսեւորվեին քաղաքականության մեջ, հասնեին ինչ-որ դիրքերի։ Այնուհանդերձ՝ եղել է պայքար, եղել են ընդդիմադիր կամ ազատ լրատվամիջոցներ, որտեղ մարդիկ հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց տեսակետները։ Եվ այս դեպքում, երբ մարդը հանրությանն անհայտ է, դա լավ նշան չէ»,- նշեց Վահրամ Մարտիրոսյանը։

Ինչո՞վ է տարբերվում ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը նախորդներից։ Վահրամ Մարտիրոսյանը ներկայացնում է իր դիտարկումները նախընտրական քարոզարշավի մասին․ «Ես շատ չեմ հետեւել նախընտրական քարոզարշավին, բավականաչափ հետաքրքրված չեմ, քանի որ չկա ինտրիգ, առաջին տեղի խնդիրը լուծված է։ Հեղափոխականները շարունակում են պաշտպանել «Իմ քայլը» դաշինքին եւ, պայմանական ասած, «Одноклассник»-ը շարունակում է մնալ գործող վարչապետի ջերմ համակիրը, երկրպագուն։ Իսկ դա կունենա վճռորոշ նշանակություն։ Երկրորդ տեղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի դեպքում շատ մեծ նշանակություն ունի երեք գործոն՝ 1․ուռճացված եւ գովազդված բարեգործությունը, 2․ կրթական լուրջ հիմքեր չունեցող մարդիկ, որոնք իշխանությունների հետ զբաղված են բիզնեսով, 3․ տեղային հայրենասիրությունը՝ Կոտայքի մարզը, որը զգալի ազդեցություն կունենա, որ ԲՀԿ-ն գրավի երկրորդ տեղը։ Միակ ինտրիգը երրորդ տեղն է, որը զբաղեցնելու մեծ շանսեր ունի «Լուսավոր Հայաստան»-ը, որի օգտին լրացուցիչ քվեներ կբերի Լոռու մարզը։ Ինտրիգ է մնում այն՝ ՀՀԿ-ն կզբաղեցնի՞ երրորդ տեղը, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը թվածս գործոնի շնորհիվ դուրս կմղի ՀՀԿ-ին եւ մյուս ուժերին»։