Կառավարությունը կորոշի օրենքի ճակատագիրը

Կառավարությունը կորոշի օրենքի ճակատագիրը

Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը, այն դուրս եկավ շրջանառությունից եւ մնաց օդում առկախված։ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է հիմա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, եւ ինչ ընթացակարգեր են նախատեսված՝ ՍԴ-ի կողմից այն  հակասահմանադրական ճանաչելուց հետո։

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ասում է, որ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը, որը նախագահը ներկայացրեց Սահմանադրական դատարան, որեւէ մասով կամ ընդհանուր առմամբ, ճանաչվում է հակասահմանադրական, դուրս է գալիս շրջանառությունից, որեւէ ուրիշ կարգավորում այդ օրենքում չկա։ Հետեւաբար, օրենքի հեղինակները, այս դեպքում կառավարությունը՝ ինքը կորոշի օրենքի ճակատագիրը։ Ցանկացած դեպքում պետք է ՍԴ որոշումը հարգենք, այն դրույթները, որոնք հակասահմանադրական են ճանաչվել, պետք է փոփոխվեն, բայց միայն դա կփոխվի, թե էլի որեւէ բան՝ այս պահին չեմ կարող ասել»,-նշեց Լուսինե Գրիգորյանը։