Զինծառայողներին 1 տարվա ընթացքում կիսաբրդյա 8 զույգ գուլպա է տրամադրվում
Վերջերս հեռախոսազրույց ունեցանք ՊԲ զորամասերից մեկում ծառայող ժամկետային զինծառայողի հետ, նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք բանակը տրամադրո՞ւմ է առաջին անհրաժեշտության պարագաներ։ Ուզում էինք հասկանալ՝ արդյոք վերացե՞լ է տնից ծանրոցներ ուղարկելու ավանդույթը։ Զինծառայողը նախ նշեց, որ զորամասը անցել է սննդի ստացման նոր համակարգի, հիմա զինվորներն առանձին չափաբաժիններով են ստանում սնունդը, եւ նշեց, որ վարտիք ստանում են ամիսը 2 անգամ, իսկ գուլպա ու վերնաշապիկ գրեթե չեն ստանում, ուստի վերը նշված ապրանքները ստիպված են տնից ուզել։ Այս ամենի հետ կապված մենք գրավոր հարցում ուղարկեցինք պաշտպանության նախարարին՝ նաև և առաջ հարցնելով, թե ի՞նչ հաճախականությամբ են ՀՀ զինծառայողները ստանում վարտիք, գուլպա, շապիկ, օճառ, ատամի մածուկ, սափրվելու փրփուր և ածելի։
Նախարարությունից գրավոր պատասխանել են մեր հարցերին․ «Համաձայն ՀՀ կառավարության 03.12.2015 թվականի N 1457- Ն և 26.09.2019 թվականի N 1325- Ն որոշումների՝ զինված ուժերի ժամկետային զինծառայողներին բամբակյա շապիկները և կիսավարտիքները հատկացվում են 6 հատով՝ 1 տարի կրման ժամկետով, գուլպա բամբակյա՝ 16 զույգ 1 տարի կրման ժամկետով, գուլպա կիսաբրդյա՝ 8 զույգ 1 տարի կրման ժամկետով, ձեռքի օճառ՝ 200 գրամ և տնտեսական օճառ 100 գրամ մեկ ամսվա օգտագործման համար, իսկ մնացած հիգիենայի պարագաներ զինված ուժերի ապահովման չափաքանակներով նախատեսված չեն»։
Հետաքրքրվել էինք, թե այդ պարագաները ստանալու հարցում կա՞ տարբերություն մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և մշտական տեղակայման վայրում իրենց ծառայությունն իրականացնողների միջև․ «Ապահովումն իրականացվում է նույն չափաքանակներով և տարբերություններ չկան», - պատասխանել է ՊՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Ղարիբյանը։ Հարցրել էինք նաև, թե ՊՆ-ն հետևո՞ւմ է, որ վերը նշված պարագաները զինծառայողները ստանան ժամանակին և ամբողջությամբ, անցկացվո՞ւմ են ստուգումներ․ «ԶՈՒ զորամասերին հատկացումներն իրականացվում են համաձայն ապահովման չափաքանակների, զինծառայողների ապահովումն իրականացվում է անմիջապես զորամասի հրամանատարի հսկողությամբ, իսկ ստուգումներն իրականացվում են տարբեր հանձնաժողովների միջոցով՝ համաձայն իրենց պետերի կողմից հաստատված պլանի»,- պատասխանել են նախարարությունից։
Նշենք, որ նախկինում զինծառայողները վարտիք ստանում էին ամեն շաբաթ, երբ գնում էին բաղնիք, հաճախ նույնիսկ 2 հատ, որից մեկը դառնում էր «կոշիկի շոր», նույնը նախ և առաջ օճառի և մյուս պարագաների դեպքում էր։ Այսինքն՝ քանակն էականորեն կրճատվել է։ Մնում է հուսալ, որ կրճատված քանակի հաշվին գոնե լավացել է որակը։
Կարծիքներ