«Հրապարակ». Վրացը հեռուստատեսություն է բացում
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ում ընկերները կոչում են «Վրաց» մականունով, առաջիկայում պատրաստվում է հեռուստաընկերություն հիմնադրել: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում` թիմ հավաքելու ուղղությամբ, պրոյեկտներն են մշակվում, քննարկումներ ընթանում, որպեսզի հոկտեմբերից հեռուստաընկերությունը եթեր դուրս գա: Հեռուստաընկերության գրասենյակը տեղակայվելու է «Դվին» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող բիզնես կենտրոնում:
Ըստ նախնական լուրերի, ֆինանսավորումն իրականացնելու են ռուսական որոշ շրջանակներ, որոնք քաղաքական հետաքրքրություններ ունեն Հայաստանում: «Հրապարակն» Արման Վարդանյանին մի քանի հարց է ուղղել։
- Ինչո՞վ է Ձեր հեռուստաընկերությունը տարբերվելու մյուսներից: Ի՞նչ ֆորմատի հաղորդումներ են լինելու եթերում:
- Մեծամասամբ լինելու է ինֆորմացիոն հեռուստաալիք: Եվրանյուզի ֆորմատն է լինելու՝ որոշակի փոփոխություններով: Լրատվականից բացի, այլ ուղղություններ էլ են լինելու: Տարբեր ազգային հաղորդումներ են լինելու` Հայաստանի մասին: Կրթական, բժշկական, բայց ընդհանուր շեշտը լինելու է լրատվականի վրա դրված: Եվրոպական ֆորմատ է, գլխավոր գրասենյակը Չեխիայում է: Տարբեր երկրներում ունի իր ցանցը, իսկ ՀՀ-ում ուղղակի իր ցանցն է բացելու: Այն կոչվելու է Եվրամեդիա-24:
- Իսկ ի՞նչ քաղաքական ուղղվածություն է ունենալու հեռուստաընկերությունը:
- Քաղաքական ուղղվածություն չի ունենալու եւ բաց է լինելու բոլոր քաղաքական ուժերի համար: Շատ բարձր մակարդակի` կոռեկտության սանդղակով: Լինելու է օբյեկտիվ լրատվամիջոց, որը ժողովրդին ցույց է տալու այն, ինչ կատարվում է Հայաստանում: Հանդիսատեսն ինքը, ունենալով ինտելեկտուալ պաշար, եզրակացություններ հենց ինքն է անելու` ճշմարտության եւ ոչ ճշմարտության միջեւ:
- Ո՞ր հարթակներում է TV-ն լինելու` համացանցայի՞ն, թե՞ նաեւ կաբելային:
- Կաբելային, ինտերնետային, տելեգրամային, մի խոսքով՝ բոլոր սոցիալական հարթակներում լինելու է:
- Ինչպե՞ս նման գաղափար ծագեց Ձեզ մոտ` հեռուստաընկերություն հիմնադրելու:
- Դե, քանի որ ես որոշակի պատկերացում ունեմ մեր լրատվական դաշտի, հեռուստաընկերությունների մասին, քանի որ ժամանակին նաեւ բաժնեմաս եմ ունեցել միջազգային «Չափիչ» ընկերությունում, շատ լավ պատկերացնում եմ այն իրավիճակը, որը ստեղծվել է: Այսօր, ցավոք, մի շարք լրատվականներ կա՛մ իշխանամետ են, կա՛մ ընդդիմադիր, եւ մեծ դեֆիցիտ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային իրավիճակը ներկայացնելու՝ առանց որեւէ ուղղվածությունների, շատ ավելի թափանցիկ` այս կամ այն ճամբարին չհարելով: Բնականաբար, տեսնելով, որ այս իմաստով Հայաստանում կա մեծ պահանջարկ, միտքը ծագեց, եւ մեր բանակցությունները եվրոպական կառույցների հետ հաջողությամբ ավարտվեցին:
- Ո՞վ է տնօրինելու ընկերությունը, անձնակազմը ձեւավորվե՞լ է արդեն:
- Ես հիմնադիրն եմ, 60-70 աշխատող է լինելու: Գուցե հետագայում ավելի շատ լինեն: Կարծում եմ` հոկտեմբերի 1-ից եթեր դուրս կգանք:
Կարծիքներ