Ուսուցչին վերջնաժամկետ ներկայացնելն ի՞նչ է նշանակում

Ուսուցչին վերջնաժամկետ ներկայացնելն ի՞նչ է նշանակում

Անցած տարվա սեպտեմբերի 14-ից մեկնարկած նոր ուստարում թղթային մատյաններին փոխարինեցին էլեկտրոնայինները, որոնք, սակայն, մի շարք անհարմարություններ ստեղծեցին հատկապես հունվարի 23-ին՝ առաջին կիսամյակը փակելիս: Խնդիրն ուսուցիչների համար ավելի է բարդացել, երբ դրա մասին նրանց ասվել է ընդամենը մեկ օր առաջ, այն էլ՝ հունվարի 22-ի երեկոյան, այն դեպքում, որ կիսամյակները պետք է փակվեին ամսի 23-ին, ժամը 13․00-ի դրությամբ, երբ այդ օրը ուսուցիչների մեծ մասը դաս ուներ մինչեւ ժամը 14․30-ը։

Ուսուցիչներից շատերն իրենց դժգոհությունն արտահայտեցին սոցցանցերում․ «Գոնե ամսի 23-ն ամբողջությամբ պիտի տրամադրեին ուսուցչին, որ հանգիստ կիսամյակը փակեր ու ամփոփեր», «Հենց հիմա նստած աշխատում եմ, բայց չհասցրեցի, փակվեց, եւ Ա խմբի թվանշանները չհասցրեցի անցկացնել», «Ե՞րբ է դրվելու այս անկազմակերպ վերաբերմունքի վերջը։ Ինչո՞ւ մենք այս նորությունն իմացանք վերջին օրը, վերջին պահին», «Թերի համակարգով, ուսուցչին վերջնաժամկետ ներկայացնելն ի՞նչ է նշանակում։ Մոռացել են, որ դպրոցները վեցօրյա են աշխատում, որ դասարանները խմբերի են բաժանված, եւ որ մեկ ժամանոց առարկաների դեպքում երեք օրն անմտություն է։ Ինչո՞ւ են փակում ուսուցչի շունչը։ Արտակարգ իրավիճակում ուսուցիչն ինքնակազմակերպվեց ու չճնշվեց։ Իսկ հիմա՞ ինչ են ուզում զսպած լինել։ Արդյոք օպերատի՞վ է այս մոտեցումը։ Մենք կորցնում ենք դպրոցի նկատմամբ վստահությունը»։

Ի պատասխան ուսուցիչների խնդրանքին, կիսամյակները փակելու ժամկետը չէր երկարացվել, դրա փոխարեն, վերջին փոփոխությունները հնարավոր է եղել անցկացնել տնօրենների էջով, որի համար էլ ուսուցիչներն առանձին դիմումներ են գրել, թույլտվություն ստացել, որպեսզի կիսամյակային վերջին գնահատականներն անցկացվեն եւ համակարգում պահպանվեն։