Հիմա էլ հայկական օրհնե՞րգն են բոյկոտում․․․

Հիմա էլ հայկական օրհնե՞րգն են բոյկոտում․․․

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը։ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից: 

Սա ի՞նչ է նշանակում, գոնե օրվա իշխանությունը պատկերացնու՞մ է, թե Ադրբեջանի հետ ի՜նչ խաղաղության դարաշրջան է բացում։ Եթե անգամ սպորտային խաղերում ադրբեջանցին մեր դրոշը տեսնելուց, օրհներգը լսելուց արհամարհանք է ցուցաբերում, ինչպե՞ս կարող է հայ ժողովուրդը հավատալ, որ  Ադրբեջանը խաղաղասիրական նկրտումներ ունի։ 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվեց։  
Տեղի ունեցավ նոր պարգևատրություն։ 

Երբ ադրբեջանցիները հանում են հայկական դրոշը ու տեղը ադրբեջանականը դնում, երբ Հայաստանի տարածքը իշխանության թողտվությամբ ,«զարդարվում են» ադրբեջանական դրոշներով, արդյունքը սա պիտի լինի։ Ադրբեջանցին Հայաստանում իրեն տանտեր է զգում և իրեն թույլ է տալիս միջազգային հարթակներում արհամարհանք ցուցաբերել Հայաստանի պետական բարձրագույն սիմվոլների նկատմամբ։ Կարծում եմ եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, որ  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել, անմիջապես կարգելեր նրա «ոչ խաղաղասիրական գործողությունը»։ Խաղաղության դարաշրջանը նրա համար հայկական դրոշը, օրհներգը, Հայաստան պետությունը բոյկոտելն է։