Երբ խոսում ենք քաղաքացու օրվա մասին, աչքիս առաջ գալիս են Սոնա Մնացականյանն ու Ազնավուր Սաղյանը

Երբ խոսում ենք քաղաքացու օրվա մասին, աչքիս առաջ գալիս են Սոնա Մնացականյանն ու Ազնավուր Սաղյանը

«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն է:

-Նիկոլ Փաշինյանը 2018-ին՝ հեղափոխությունից օրեր անց ապրիլի 26-ը հռչակեց «Քաղաքացու օր», փողոցներում խորոված էր անում, տպավորություն էր, թե իրոք քաղաքացին տարիների հիասթափություններից հետո վերջապես երջանիկ է, սակայն իրար հաջորդող աղետները սկսվեցին՝ կորոնավիրուս, պատերազմ, հայրենազրկում ու նվաստացում, արդյունքում՝ ՀՀ քաղաքացու կյանքը վերածվեց մղձավանջի, իսկ քաղաքացու օրվա մասին, կարծես, մոռացվեց: Ձեր կարծիքով՝ ինչու քաղաքացու օրը այլևս մարդիկ չեն հիշում, առհասարակ այն ինչի՞ մասին էր….

- 90-ականների անկախացումից հետո, երբ Հայաստանն ընդունեց ժողովրդավարության և բազմակուսակցականության համակարգը, որտեղ պետք է քաղաքացին իր կառավարիչներին ընտրեր, պարզվեց՝ սուտ է, քաղաքացին խաբված է, 1995-1996 թվականներին ՀՀ քաղաքացիներին կարելի է ասել զրկեցին ընտրություն կատարելու հնարավորությունից…. տարիներ շարունակ ՀՀ քաղաքացին փորձում էր տեր կանգնել իր իրավունքներին, փորձում էր պայքարել հանուն ժողովրդավարության, և հենց այդ ամենի արդյունքում էին ձևավորվում քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակությունն էր զարգանում, եթե ինչ-որ մի տեղ մի խնդիր էր առաջանում, այդ խմբերի շնորհիվ հարցեր էին լուծվում, օրեցօր զարգանում էր քաղաքացիական հասարակությունը և ինչպես սիրում են ասել՝ ձևավորվում էին իրավագիտակից քաղաքացիներ: Իրավագիտակից քաղաքացիները տարիներ շարունակ պայքարում էին ընտրության միջոցով իշխանություն ձևավորելու համար, ստացվում է՝ մարդիկ ունեին ընտրելու իրավունք, սակայն այդպես էլ չէին կարողանում ընտրության արդյունքում իշխանություն ձևավորել: Իշխանություններն ինչ ուզում անում էին: Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Սերժ Սարգսյան, այդ քառյակը մարդկանցից խլել էր իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Անարդարությունները զարգացան ու հասունացան այնքան, որ 2018 թվականին պայքարն իր ձեռքը վերցրեց «Ելք» դաշինքի փաշինյանական՝ հետլևոնական ճյուղը: Մարդկանց մեջ այնքան էր բարկությունը կուտակտվել, որ անգամ ես շատերի պես հաշվի չառնելով, թե ով է Նիկոլ Փաշինյանը, դուրս եկա պայքարի: Սերժ Սարգսյանը նամանավանդ խոստացել էր, որ չի մնալու երրորդ անգամ, սակայն խաբեց, սահմանադրությունը փոխելուց հետո պարզվեց չի ցանկանում հեռանալ իշխանությունից: Նիկոլ Փաշինյանը փողոց դուրս եկավ, խորոված արեց, ազատասեր երիտասարդներին միացել էին պահպանողական երիտասարդները, սիրո մթնոլորտ էր ձևավորվել, քանի որ բոլորը պայքարում էին վերականգնելու քաղաքացու իրավունքը: 2018 թվականն ինչպես Վազգեն Մանուկյանն է ասում՝ գողացված հեղափոխության տարի էր, այն 1995-96 թվականներից էր ծագել մարդկանց գլխում, սակայն առիթից օգտվեց դավաճանը և հենց ինքը վերցրեց ջահն իր ձեռքը: Նա խաբեց բոլոր ՀՀ քաղաքացիներին: Քաղաքացու համար սոցիալական արդարության շերտեր կան, որոնք փոփոխության չենթարկվեցին, անվտանգության հարցեր կան, որոնք դարձան խոցելի: Անհնար է միայն քաղաքացու իրավունքի վրա խաղալ, հաշվի չառնելով Արցախի հարցը, անվտանգությունը: 2008-ից հետո նա դուրս եկավ բանտից, ՀՀԿ-ից ավելի նժդեհական դարձավ, անջատվելով ՀԱԿ-ից և ստի վրա իշխանություն ձևավորեց: Ինքն ու իր թիմը որոշեցին ապրիլի 26-ը կարգել քաղաքացու օր: 

-Իսկ ի՞նչ եղավ հետո:

- Հետո դատարանների դռներ շրջափակվեցին, շինծու գործեր հարուցվեցին, հացադուլից բանտում քաղաքացի մահացավ, պարզվեց Էջմիածնում ապրող մի անմեղ կին քաղաքացի է մեղավորը, որ Հայաստանում տարածվել է կորոնավիրուսը, Փաշինյանը գնում էր այդ շրջանում Մեղրի, ցույցեր էր անում, այն դեպքում, երբ Իրանը թեժ համաճարակային իրավիճակում էր, սակայն պարզվեց մի անմեղ կին է մեղավոր համաճարակի համար, իսկ այդ կինը նախ և առաջ քաղաքացի է: Ինչու եմ այս դեպքը հիշում, որովհետև դա վերաբերմունք էր կին քաղաքացու նկատմամբ: Նրանք թեև խոսում էին քաղաքացու իրավունքների մասին, սակայն քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը սահմանափակում էին: 150 հազար արցախցու նրանք զրկել են քաղաքացիությունից, այն դեպքում, երբ 5000 զինվոր քաղաքացու զոհել էին…. այսօր՝ ապրիլի 26-ը երկու կարևոր նշանակություն ունի: Ապրիլի 26-ին հղի քաղաքացի Սոնա Մնացականյանին Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց և անօգնական թողնելով հեռացավ: Քաղաքացու օրը հղի քաղաքացուն սպանեցին, ով պետք է այլ քաղաքացի ծներ: Այժմ Սոնա Մնացականյանի հորեղբայրն է դատարանում վատանում, իսկ Սոնային սպանողները պատասխանատվության չեն ենթարկվում: Ապրիլի 26-ին Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ծննդյան օրն է: Նա այն քաղաքացին էր, ով ոչ միայն կարողացավ ավերակ Մարտունին մեկ տարում ոտքի կանգնեցնել, այլև՝ զոհվեց Մարտունու կռիվների ժամանակ: Երբ խոսում ենք քաղաքացու օրվա մասին, աչքիս առաջ գալիս են Սոնա Մնացականյանն ու Ազնավուր Սաղյանը: