Արեւմուտքը ցանկանում է, որ Հայաստանն օգնություն խնդրի ամենամեծ թշնամի Թուրքիայից

Նախօրեին հայտնի դարձավ, որ Փաշինյան-Պուտին համաձայնությամբ, ՌԴ սահմանապահները 2025 թ․ հունվարի 1-ից ծառայություն չեն իրականացնի հայ-իրանական սահմանի անցակետում։ Կկանգնեն միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները, իսկ Հայաստան-Թուրքիա պետական սահմանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը համատեղ կհսկեն։
Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է ռուսական գործոնից ազատվելու գիծը։ Որ տարածաշրջանից պետք է ռուսական ներկայությունը դուրս մղվի՝ արեւմտյան պաշտոնյաները գրեթե ամեն օր են հայտարարում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր կլինի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտեցման դեպքում։ Հայաստանի անկախությունից ի վեր ռուս սահմանապահները հսկում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանը։ 1992 թ․ սեպտեմբերի 30-ին «ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի համաձայն, ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության սահմանապահներն իրականացնում են Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պաշտպանությունը։ Ռուս սահմանապահները հայկական կողմի հետ համատեղ ծառայություն էին իրականացնում նաեւ «Զվարթնոց»-ի անցակետում։ Առաջին փուլում՝ օգոստոսին ռուսական սահմանապահները դուրս բերվեցին «Զվարթնոց»-ից, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր դեռ մարտի 12-ի ասուլիսի ժամանակ։
Վերլուծաբանները դեռ այն ժամանակ էին կանխատեսում, որ գործընթացը «Զվարթնոց»-ով չի ավարտվելու, բայց այդ փուլում հայ-իրանական սահմանի մասին խոսք չկար։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Հարավային Կովկասի շուրջ ընթացող մեծ խաղի դրվագներից մեկը հենց հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին հնարավոր փոփոխություններն են լինելու, եւ Փաշինյանը դա քայլ առ քայլ կյանքի է կոչում։
Հայ-իրանական սահմանի հսկիչ անցակետից ռուսական գործոնի դուրսմղումը միայն Ռուսաստանի ազդեցության մասին չէ, խնդիրը չափազանց զգայուն է իրանական կողմի համար, որն անդադար, բաց տեքստով ու ամենաբարձր մակարդակով է խոսում այդ սահմանի պատմական նշանակության ու անքակտելիության մասին, ուղիղ ասում է՝ դա կարմիր գիծ է։ Իրանական կողմն իր ազգային-պետական շահի համար սպառնալիք է համարում ստատուս քվոյի հնարավոր որեւէ փոփոխություն։ Իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը «Հրապարակ»-ին ասում է՝ իրենց համար կարեւորն այն է, որ Իրանի եւ Հայաստանի սահմանները երկրների ԶՈՒ-երի կողմից հուսալի պաշտպանված լինեն, որպեսզի չիրականացվի «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագիծը՝ Սյունիքի նկատմամբ։ Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, Իրանի համար կարեւոր է, որ զարգացումները, որոնք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի շուրջ, չհանգեցնեն Իրան-Հայաստան սահմանին ՆԱՏՕ-ական ուժերի ներկայությանը կամ Իրանի համար զգայուն տեղեկատվության փոխանցմանն ԱՄՆ-ին։
«Իրանի եւ Հայաստանի սահմանները միշտ եղել են խաղաղության եւ բարեկամության սահմաններ, եւ Իրանի համար կարեւոր է, որ այդ սահմանները մնան անվտանգ ու կայուն, եւ որ երրորդ երկրները՝ հատկապես ԱՄՆ-ն, չխարխլեն երկու երկրների հարաբերությունները, այս զարգացումների հետեւանքով հնարավորություն չունենան մոտենալ Իրանի սահմանին եւ հարվածել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերին»,-ասում է Մովահեդիանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ թեեւ, ըստ հրապարակված տեղեկության, սահմանապահները դեռեւս մասնակցելու են Իրանի եւ Թուրքիայի հետ ՀՀ սահմանների պաշտպանությանը, Իրանն անհանգստացած է։ «Մտավախություն կա, որ ԱԱԾ-ում ամերիկյան ազդեցությունը կստիպի այս երկրին եւ ՆԱՏՕ-ի ուժերին՝ ցանկացած ձեւով տեղեկություններ հավաքել Իրան-Հայաստան սահմանի շարժի վերաբերյալ։ Իրանը գիտի, որ Ամերիկայի դեսպանն անձամբ այցելել է ներքին գործերի նախարարություն կամ հետախուզության եւ անվտանգության որոշ կառույցներ։ ԱՄՆ-ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը Հայաստանում, Հայաստանի հետախուզական, ռազմական եւ անվտանգային կառույցներն ուժեղացնելու պատրվակով միջոցներ է հատկացնում, որոնք ուղղված են նաեւ Իրանի դեմ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունն անցանկալի է Հարավային Կովկասի երկրների համար, իսկ ԱՄՆ աշխարհաքաղաքական ստրատեգ Ջեյք Սոտիրիադիսը վերջերս ասաց, որ ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում ապահովվում են Իրանին եւ Ռուսաստանին հակադրվելու միջոցով։ Եթե Իրանի եւ Հայաստանի սահմանին Ռուսաստանի բացակայությունը կարող է նպաստել ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ներկայությանն այդ սահմանին, Իրանին դա, միանշանակ, անհանգստացնում է, եւ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան այս մտահոգությունն ու լուծեն այն»,- ասում է իրանցի վերլուծաբանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գործընթացն իրականացվում է ԱՄՆ-ի ճնշմամբ, եւ այդ ջանքերն առավելապես ուղղվում են հետախուզական եւ ռազմական ոլորտներին, ինչպես նաեւ՝ Հայաստանի կառավարությանը։ Ըստ Էհսան Մովահեդիանի՝ հայ-ռուսական տնտեսական կապերի պատճառով այդ աշխատանքը դժվար իրագործելի է տնտեսական ոլորտում։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, իրանցի վերլուծաբանի խոսքով, Արեւմուտքի համար Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններին ռուսական զորքերի բացակայությունն ավելի կարեւոր է, քան Հայաստան- Իրան սահմանին։ «Արեւմուտքը Թուրքիային համարում է իր ներկայացուցիչը Կովկասում եւ ցանկանում է, որ Հայաստանը կախված լինի Թուրքիայից՝ իր կարիքները հոգալու համար, որպեսզի Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազի։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին ռուսական ռազմական ներկայության բացակայությունը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի կողմից կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը եւ դրա նկատմամբ վերահսկողությանը, ինչը կլինի եւս մեկ ուժեղ հարված Իրանի եւ Ռուսաստանի շահերին»,- բացատրում է մեր զրուցակիցը։
Արդյո՞ք սա նշանակում է, որ խաղարկվելու է ռուսական գործոնը թուրքականով փոխարինելու սցենարը։ Էհսան Մովահեդիանը վստահ է՝ այո։ Ըստ նրա՝ Արեւմուտքը ցանկանում է Թուրքիային Հայաստանի «փրկչի» դերում ներկայացնել՝ մոռացության տալով Հայոց ցեղասպանության դառը հիշողությունը։ «Արեւմուտքը ցանկանում է, որ Հայաստանն օգնություն խնդրի Հայաստանի ամենամեծ թշնամի Թուրքիայից»,- ասում է նա ու մտահոգություն հայտնում, որ այս ամենն Իրանի համար կստեղծի նույն այն խնդիրները, որոնք արդեն կան Իրանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Իրանի եւ Հայաստանի սահմանին։ «Այժմ Իրանի եւ Ադրբեջանի սահմանին իսրայելական ուժեր են, վահաբիներ, պանթուրքական անջատողականներ։ Եթե ենթադրվում է, որ Իրան-Հայաստան սահմանից ռուսների հեռացումը կհանգեցնի այնտեղ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աստիճանական ազդեցությանը, Իրանը դա չի հանդուրժի։ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ թույլ չեն տա հակաիրանյան ուժերի ներկայություն ու ակտիվություն։ Հուսով ենք, որ ապագայում եւս դա կշարունակվի»,-կարծում է իրանցի վերլուծաբանը՝ շեշտելով, որ իրանական կողմը ՀՀ իշխանություններից ակնկալում է սահմանային հսկողության սպասվող փոփոխության տեխնիկական մանրամասների ու հետեւանքների բացատրություն, ինչպես նաեւ՝ իրանական կողմի հետ սահմանի անվտանգության ապահովման շուրջ համագործակցության ամրապնդում եւ հավաստիացում, որ Իրանի հետ սահմանին ամերիկյան ու ՆԱՏՕ-ական ուժեր չեն հայտնվի, եւ նրանց չեն փոխանցվի Իրանի վերաբերյալ տեղեկություններ։ Միայն սա կարող է լինել երաշխիք առ այն, որ հայ-իրանական սահմանը կշարունակի մնալ խաղաղության ու բարեկամության սահման։
Կարծիքներ