Այդ սահմանափակումները պիտի դեկտեմբերի 12-ին մտցվեին. Մետաքսե Հակոբյան

Այդ սահմանափակումները պիտի դեկտեմբերի 12-ին մտցվեին. Մետաքսե Հակոբյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր որոշում է ստորագրել կապված ռազմական դրության ժամանակ սահմանափակումների հետ: 

« Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:
Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»,- ասված է որոշման մեջ:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հարցրինք, թե իր կարծիքով ինչո՞վ են պայմանավորված այդ սահմանափակումները.

«Արցախում ռազմական դրությունը հայտարարվել է 1992 թվականին սանձազերծված պատերազմի ժամանակ, և առ այսօր այն չի հանվել, այսինքն՝ Արցախը 30 տարուց ավել ռազմական դրության մեջ է, և ռազմական դրության այդ կարգավորումներով նախագահը լիազորություններ ունի սահմանափակումներ մտցնելու դրանք հանելու` ելնելով ռազմական դրության իրավիճակից հենց ռազմական դրության ժամանակ, և իր լիազորությունների մեջ ինքը նման սահմանափակումներ է արել, որոնց մեկնաբանությունը ինքը` Արայիկ Հարությունյանը կարող է տալ, թե ինչով է պայմանավորված: Ըստ իս` ընդհանրապես բոլոր  սահմանափակումները պետք է սկսվեին դեկտեմբերի 12-ից, որպեսզի ժողովուրդը շատ ավելի հստակ պատկերացներ, որ սա ևս պատերազմ է, որի պայքարի մեջ ինքը պետք է իր դերակատարումը ունենա: Ես գտնում եմ, որ այս ողջ ընթացքում այդ առումով տարվող աշխատանքը բավարար չի եղել, և ժողովրդին ավելի շատ այն օրակարգի մեջ են պահել, որ շատ ավելի կարևոր է սննդի հայթայթումը, որ չի կարելի, որ մեզ զրկենք այն բարեկեցիկ ապրուստից ինչը ունեցել ենք: Կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում մենք պիտի ապրեինք սահմանափակումների մեջ: Ինչ վերաբերում է ինֆորմացիա հայթայթելուն, ապա, այո, այս իրավիճակում քանի որ ժողովուրդը իրազեկված չէ գոնե բավարար չափով, այդ ուղղությամբ իշխանությունները ևս այնպես չեն աշխատում, որ ժողովուրդը ճիշտ ինֆորմացիա ունենա և կարիք չունենա ինֆորմացիան սեփական ուժերով հայթայթելու: Ամեն դեպքում հիմնավորումները շատ ավելի լավ նախագահը կիմանա»,- ասաց Հակոբյանը: