Միշտ պատրաստ ենք գնալ ընտրությունների, նույնիսկ Փաշինյանի վարչապետությամբ

Միշտ պատրաստ ենք գնալ ընտրությունների, նույնիսկ Փաշինյանի վարչապետությամբ

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երաշխավորելու համար որոշել է «կուտ տալ» ընդդիմությանը՝ առաջարկելով հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականից հետո ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, ինքը մնա վարչապետի ԺՊ, ու գնան արտահերթ ընտրությունների։ Այս առաջարկը օֆիցիալ ԱԺ ամբիոնից երկու օր առաջ հնչեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինանը։ Բայց այն ի սկզբանե արվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս դեկտեմբերին՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։ Բայց ընդդիմությունը չի համաձայնել։

«Լուսավոր Հայաստանը» դեմ է այս սցենարով արտահերթի գնալուն և իշխանության առաջարկած հուշագրին՝ պնդելով, որ իրենք առաջարկում են անցումային կառավարության վարչապետ ընտրել, ու դա պիտի լինի Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց՝ իրենց մոտ այդպիսի քննարկում չկա և պնդեց՝ վարչապետը պետք է հրաժարական տա, վարչապետ պետք է ընտրվի Էդմոն Մարուքյանը, նոր գնան արտահերթ ընտրությունների։

«Վարչապետը պետք է հրաժարական տա, էդ անցումային կառավարություն ձևավորելու հարցը քննարկման առարկա է այն առումով, որ եթե մենք խոսում ենք ընդհանուր, համազգային համաձայնության կառավարության մասին, և եթե պատրաստ ենք բոլոր կողմերի հետ քննարկման նստելու, ապա այդ կոնտեքստում կարող ենք քննարկել նաև ժամանակավոր կառավարություն ձևավորելու հարցը։ Իսկ եթե չէ, ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, թե՝ հերթական, երկու պարագայում էլ մենք պատրաստ ենք»,-ասաց Աննա Կոստանյանը։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ մեզ ասաց, որ իրենց պատասխանը հետևյալն է՝ հուշագիր ստորագրելու կարիք չկա, եթե ուզում են անել արտահերթ ընտրություններ, թող անեն, իրենց ձեռքում է։

- Եթե իրենց ձեռքում է, ու իրենք արտահերթ ընտրություններ են անում, դուք մասնակցո՞ւմ եք իրենց օրակարգով ընտրություններին։

- Արտահերթ ընտրությունների մենք ասել ենք, ընդհանրապես, որ մասնակցում ենք: Թող ընտրություն լինի՝ կմասնակցենք։

- Արտահերթ ընտրության սահմանադրական ճանապարհը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, հետո երկու անգամ խորհդարանի կողմից վարչապետ չի ընտրվում, հրաժարական տված վարչապետը մնում է ժամանակավոր պաշտոնակատար, ու գնում եք արտահերթ ընտրությունների։ Այս սցենարը ձեզ համար ընդունելի՞ է։

- Դե, մենք ասացինք, պարոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ հրաժարական, երբ որ տալիս է, մենք կողմ ենք, որ ժամանակավոր կառավարություն ձևավորվի, և պարոն Մարուքյանն առաջադրվելու է որպես վարչապետ։ Եթե կընտրվի՞ ժամանակավոր վարչապետ՝ էս վեց ամսվա համար կամ ինչքան, որ կորոշենք, ապա ժամանակավոր կառավարության վարչապետը կլինի պարոն Մարուքյանը, և կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Եթե չընտրվի, որովհետև ընտրողներն էլ են իրենք, այսինքն՝ թող մեզ վրա չգցեն, էլի, որ վախենում են՝ պարոն Մարուքյանը վարչապետ կընտրվի, պարոն Մարուքյանին ընտրողն էլ են իրենք, և եթե չընտրվի պարոն Մարուքյանը, երկորրդ անգամ էլի չի ընտրվում վարչապետ, ու ընտրությունները կայանում են։

- Եվ այդ ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է մնում Նիկոլ Փաշինյանը։

- Էստեղ սահմանադրական խնդիր ունենք, որովհետև մեր Սահմանադրության բովանդակային մեկնաբանությունը, եթե անում ենք, ապա տեսնում ենք, որ վարչապետը, երբ որ հրաժարական է տալիս, ինքը ժամանակավոր պաշտոնակատար չպետք է լինի։ Բայց քանի որ մի հատ փորձ ունեցանք 2018 թվականին, ու ոչ մեկն էն ժամանակ չբարձրաձայնեց, էստեղ խնդիր ունենք։ Բայց զուտ մասնագիտական տեսանկյունից ես հակված եմ այն կարծիքին, որ ժամանակավոր պաշտոնակատար չի կարող լինել այն վարչապետը, որը հրաժարական է տալիս։

- Հիմա դուք առաջարկում եք, որ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի այդ ընթացքում վարչապետ, ավելին՝ պնդում եք, որ Էդմոն Մարուքյանը լինի, ինչին դեմ է իշխանությունը։

-Դե, թող չընտրեն, ու գնանք արտահերթ ընտրությունների։

- Գնալու եք արտահերթ ընտրությունների, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։

- Ժամանակավոր պաշտոնակատա՞ր՝ նկատի ունեք։ Չէ, նորից եմ կրկնում, եթե երկրորդ անգամ չի ընտրվում վարչապետ, արդեն միանգամից նշանակվում է ընտրություն։

- Եվ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի ԺՊ։

- Ես էլի եմ ասում, մասնագիտական տեսանկյունից սահմանադրական խնդիր կա։

- Այդ խնդիրն իրենք չեն լուծելու, որովհետև նախադեպ ունենք։

- Դե, հա, որ գնանք Սահմանադրական դատարան, դա էլ երկար պրոցես է տևելու։

- Ինչպե՞ս եք լուծումը տեսնում։

- Միակ լուծումը արտահերթ ընտրությունների միջոցով հարցը լուծելն է, թե էդ ժամանակահատվածում, որ ասում եք՝ ինքն է մնալու վարչապետ, էստեղ արդեն վեճ կունենանք, բայց դե, էդ վեճը հարթելու մեխանիզմն անարդյունավետ եմ համարում։

- Այսինքն, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։

 -Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների՝ երբ էլ որ լինի, նորից եմ ասում։

- Իսկ որևէ համագործակցություն իշխանության հետ, այդ թվում հուշագիր ստորագրել, դուք հավանական համարո՞ւմ եք։

- Ընտրությունների՞ հետ կապված։ Եթե որոշում են կայացնում, որ պարոն Մարուքյանը դառնա ժամանակավոր կառավարության վարչապետ, մենք համակարծիք ենք, որ երեք խմբակցություններով այդ որոշումը կայացվի, իսկ դրա համար թուղթ ստորագրել պետք չի, բանավոր էլ կարելի է այդ որոշումը կայացնել։