«Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոր` «Միասին» հասարակական-քաղաքական շարժում են նախաձեռնել: Երեկ Արամ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրենց են միացել նաեւ մտավորականներ՝ գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ այլք: Փետրվարի 20-ին նախատեսում են համահավաք` նվիրված արցախյան ազատագրական պայքարի 35-ամյակին:
«Մեր հիմնական անելիքն այս պահի դրությամբ Արցախն ապաշրջափակելու ուղղությամբ է: Մենք դրա համար ունենք կոնկրետ ռեալ առաջարկություններ: Գտնում ենք, որ օրվա իշխանությունները չեն կարող գոհացնել մեզ այս առումով, ուստի փորձելու ենք հասնել իշխանափոխության: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այս պահին 15 կառույց է մեզ միացել, հավանաբար՝ այսօր էլ 5-ը կմիանան: Մեզ միացել են «Ազատություն», «Երկիր ծիրանի», «Ազգային անվտանգություն» կուսակցությունները, «Ձայն հայրենյաց» հասարակական կազմակերպությունը, «Կանայք՝ հանուն հայրենիքի» շարժումը, ինչպես նաեւ այլ ՀԿ-ներ եւ կուսակցություններ: Պետք է միասնական լինել, սակայն ընդգծեմ, որ շարժումն ինչ-որ անձի շուրջ չէ: Սա զուտ միասին գործելու շարժում է: Այսօր էլ տեղի ունեցավ մամուլի ասուլիս` բանախոսներն էին Սերժ Սրապիոնյանը, Թաթուլ Պետրոսյանը, երգչուհի Գայանե Ներսիսյանն ու Աշոտ Համբարձումյանը»,- նշեց Սարգսյանը:
Արամ Սարգսյանի խոսքով` փետրվարի 20-ին կայանալիք միջոցառմանը հրավիրված են նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
Հարցին, թե ինչ նպատակով է ձեւավորվել «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը, մեր զրուցակիցն ասաց. «Մեր հիմնական պահանջն Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչումն է: Եթե իշխանությունները չկատարեն մեր պահանջները, փորձելու ենք հասնել իշխանափոխության»: