Սա պետք է լինի մեր վերջին կռիվն ու պատերազմը

Սա պետք է լինի մեր վերջին կռիվն ու պատերազմը

Հարցազրույց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ


- Սրբազան, այս օրերին, երբ մեր զինվորները կռվում են սահմանին, մենք՝ թիկունքում ապրողներս, ի՞նչ կարող ենք անել։

- Պատերազմը յուրաքանչյուրիս տուն է մտել, եւ արդեն 30 տարի առաջնագիծը պայմանավորված չէ միայն սահմանի երկայնքով, այսօր յուրաքանչյուր հայի տան մեջ է պատերազմը, յուրաքանչյուր փամփուշտը՝ ուղղված առաջնագծում՝ Արցախում, կամ մեր սահմանագծի երկայնքով, այլեւս ոչ մեկի անուն-ազգանունով չէ, այլ մեր հավաքական անունով։ Հետեւաբար, այսօր յուրաքանչյուրիս պարտքն է՝ թիկունքում մեր պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ, ենթարկվելով կարգուկանոնին, լինի դա սոցիալական ցանցերում, թե փողոցում կամ խանութում, ծայրագույն զգուշավորություն դրսեւորել, որպեսզի որեւէ կերպով չխաթարենք ներդաշնակությունը եւ պատճառ չհանդիսանանք տեղեկատվություն փոխանցելու։ Բացի այդ, պետք է կարողանանք այս կարգուկանոնի գիտակցությամբ՝ առաջնագծին աջակցելու մեր ջանքերը համադրել եւ ներդաշնակել, քանի որ սա մեր յուրաքանչյուրի առաջնահերթությունն է այսօր, որպեսզի կարողանանք թիկունքից ապահովել մեր տղաների անխափան ընթացքը։ Միեւնույն ժամանակ, թիկունքը պետք է շարունակի աշխատել ամեն ժամ, որովհետեւ դա նույն պատերազմի դաշտն է, մենք չենք կարող պարալիզացնել մեր կյանքն ամբողջությամբ, թեպետ մենք հոգով, մարմնով, մտքով, ամբողջությամբ ապրում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Օրեր առաջ ես գրառում էի արել՝ նշելով, որ այսօր եւ ընդհանրապես մեր ողջ պատմության մեջ մենք պատերազմում ենք մենմենակ աշխարհի դեմ, աշխարհից հեռու, եւ դա միշտ եղել է մեր կյանքի նկարագիրն ու կենսագրությունը։ Եվ մեր հույսն ու հավատը, ապրումները միայն ու միայն պետք է կապված լինեն մեր պետության, պետականության, զինվորի, բանակի հետ, մեր ողջ ժողովրդի կամքի, սիրո եւ մեր հաղթանակած Աստծու հետ։ Սա մեր կյանքի կենսափիլիսոփայությունը պետք է լինի ոչ միայն պատերազմական այս վիճակի փորձության ժամին, այլ նաեւ ու հատկապես խաղաղության ժամին։ Մենք այս ճանապարհով պետք է դուրս գանք միասին հաղթանակած, մեր եղբայրների, քույրերի արյան գինը վճարելով եւ պատասխանը տալով միակամ, միահամուռ կերպով, որպես ամբողջական ժողովուրդ։ Եվ ինչքան էլ որ լինի աշխարհի մեծ ուժերի քամահրական վերաբերմունքը կամ ոչ լուրջ վերաբերմունքն իրավիճակի եւ մեր նկատմամբ, մենք պետք է ավելի ուժեղանանք, որովհետեւ այլեւս մեզ համար գոյություն չունի եւ ըստ էության գոյություն էլ չի ունեցել քաղաքակիրթ միջազգային հանրություն, եւ պետք է իմանանք, որ մենք ենք լուծելու մեր հարցերը, մենք ենք պարտադրելու խաղաղությունն ու հաղթանակը։ Ես ակնկալում եմ, որ մինչեւ մեր վերջին վայրկյանը կանգ չառնենք․․․ հասկանում եմ, թե սա որքան դժվար է բոլորիս ընտանիքների համար, մեր ժողովրդի համար՝ անընդհատ զավակներ զոհելով, բայց սա, հավանաբար, պետք է լինի մեր վերջին կռիվն ու պատերազմը։ Ինչպես Ավարայրի դաշտում էր ասվում՝ մեր ճշմարտության կողմը բարձրացնելու համար։

- Այս օրերին ինչպե՞ս եւ ի՞նչ խոսքերով եք մխիթարում որդեկորույս մայրերին։

- Երկու օր շարունակաբար, ինչպես մեր մի շարք քաղաքներում ու գյուղերում մենք մեր տղաներին ոչ թե հողին ենք հանձնում, այլ՝ Աստծուն։ Երեկ չէ, առաջին օրը Պառավաքարում Կարենն էր, այսօր՝ Տիգրանը՝ Ներքին Կարմիրաղբյուրում, երեկոյան Արծվաբերդում՝ Յուրան, եւ այսպես շարունակ։ Սա մեր լավագույն արյունն է, որ հեղում ենք մեր երկրի վրա, որպես մեր հաղթանակների մեծագույն գրավական։ Ես որդեկորույս չեմ համարի մեր մայրերին, որովհետեւ նրանք կորսված չեն, ոչ էլ ոչնչացած, մեր ընտանիքների, մայրերի, հայրերի, քույրերի ու եղբայրների այս պահի մխիթարությունն այն է, որ այսօր բոլորս ենք գտնվում նույն իրավիճակում։ Ու նրանք այնքան բարձր գիտակցություն ունեն, որ իրենց զավակներն ընդհանրական կյանքի պաշտպանության, մեր հայրենիքի, պետականության, հավատքի, ինքնության իրենց իսկ ձեռքերով ընծայված նահատակներն են։ Նրանք այդպես են տեսնում, եւ, հավատացեք, յուրաքանչյուրն իր որդու հուղարկավորության՝ դեպի հավիտենականություն գնացող ճանապարհի մեջ սա է ասում՝ թող իմ զավակը մեր հայրենիքի համար լինի վերջինը։ Այսպես են իրենք մեզ մխիթարում, փոխարենը մենք կարողանանք մխիթարել․․․։

- Հաճախ պատերազմների ելքը որոշվում է ոչ թե մարտի դաշտում, այլ դիվանագետների, քաղաքական գործիչների սեղանի շուրջ, այս անգամ մեզ կհաջողվի՞ հարցը լուծել մարտի դաշտում՝ աշխարհին պարտադրելով մեր հաղթանակը։

- Այո, հաճախ սեղանների շուրջ, որտեղ մարդկային կյանքերը բացարձակ նշանակություն չունեն, մարդկանց ապրելու իրավունքը որոշվում է այս կամ այն քաղաքական շահով, պայմանավորվածություններով, որտեղ մարդիկ, հավանաբար, միայն թվանշաններ են ու գլխաքանակ։ Այդ սեղանների շուրջ աշխարհը փորձել է եւ մշտապես ցանկացել այդպես հարցերը լուծել։ Այսօր մենք խամաճիկ չենք դառնալու որեւէ մեկի ձեռքին եւ որեւէ մեկի պարանից կախված՝ ինչ տեսակ պետություն ուզում է լինի։ Ընդունեք խոսքերս զգացմունքային կամ ինչպես ուզում եք, բայց սա կյանքի փիլիսոփայությունն է, մեր պատմության դասն է եղել միշտ։ Այն ժամանակ, երբ մենք ունեցել ենք ինքնագիտակցություն, ինքնաճանաչողություն, ստիպել ենք աշխարհին մեզ լսել եւ կատարել այն, ինչ մեր ցանկությունն է, ու այսօր էլ առաջնագծում որոշվում եւ վճռվում են քաղաքակիրթ աշխարհի բախտն ու ճակատագիրը։ Հայաստանը, Արցախը՝ իր ամբողջության մեջ, ոչ միայն մեր երկրի սահմաններն են գծում, այն քաղաքակիրթ, քրիստոնյա աշխարհի ու Եվրոպայի վերջնագիծն ու առաջնագիծն է։ Այստեղ արժեքների փոփոխություն է տեղի ունենում, քաղաքակիրթ աշխարհի անկումի կամ վերելքի, ինքնագիտակցության գալու եւ հասկանալու, որ մարդու աստվածադիր՝ ապրելու իրավունքը չեն կարող որոշել ո՛չ նավթի կշեռքը, ո՛չ իրենց քաղաքական շահերը, ո՛չ իրենց զորքը եւ ո՛չ էլ այն պայմանական դիրքը, որ ունեն աշխարհում։ Չի լինելու այդպես մեր պարագային, ես առավել քան ուզում եմ համոզված լինել, որ մենք այս անգամ ստիպելու ենք իրենց մեզ հետ խոսելու եւ ոչ թե իրար մեջ մեր մասին խոսելու։

- Այսօր շատ հոգեւորականներ խրամատում են՝ մեր զինվորների կողքին, թեպետ շատերը զարմանում կամ ուրախանում են այս հանգամանքից, բայց կարող ենք թերեւս ասել, որ այդպես եղել է միշտ՝ դարեր ի վեր։

- Այսօր մեր բոլոր հոգեւոր եղբայրները, ոչ միայն նրանք, ովքեր ծառայությամբ գտնվում են Արցախում, զինված ուժերում, կամավորագրված այս կամ այն ջոկատներին կամ խմբերին, մեկնել են Արցախ, եւ սա յուրաքանչյուր հոգեւորականի, սպասավորի բնական հոգեվիճակն է, այլ կերպ չի կարող լինել։ Եվ ես խնդրում եմ մեր ժողովրդին՝ չզարմանալ դրա վրա, դա մեր ժառանգությունն է, պատմությունը, մեր բնական գոյավիճակը, մենք մեր պատմության դասերին խորքից ենք ծանոթ եւ գիտենք, թե ինչ գին ունեն մեզ համար մեր պետականությունն ու պետությունը։ Սրանից ավելի բարձրագույն արժեք գոյություն չունի յուրաքանչյուր հոգեւորականի համար, եւ սա պետք է լինի քաջալերող, որ իր հոգեւոր ծառայողը հատկապես փորձության ժամին ոչ թե իր կողքին է, այլ իր մեջ, իր հետ ապրում է բոլոր բջիջներով։ Սա մեր եղբայրների բնական գոյավիճակն է, եւ նրանք աղոթքով են այնտեղ եւ օգնում են բոլոր կերպերով խրամատում գտնվող մեր սիրելի եղբայրներին ու քույրերին, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում իրենց ձեռքը վերցնում զենքը, որով ոչ թե ցանկանում են մարդասպանություն գործել, այլ պաշտպանել իրենց իրավունքն ու հարազատ ժողովրդին, պետությունը, հավատն ու ինքնությունը։