Արտակարգ դրությունն էլ կարող է չփրկել․․․

 Արտակարգ դրությունն էլ կարող է չփրկել․․․

Բոլորս էլ լավ հիշում ենք, որ Ազգային ժողովի դիմաց 2019 թվականի մայիսի սկզբին ընթանում էր բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ակցիան կազմակերպել է Հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք էր իրականացնում կոնվենցիան արգելելու համար: Հասարակական ճնշմամբ դա ժամանակավորապես  առկախեց։ Եվ ահա 2020 թվականին, էլի մայիսի առաջին կեսին,  երբ արտակարգ դրություն էր և մարդիկ չէին սպասում, որ նույն հարցը՝ Լանզարոտի կոնվենցիա այլ անվանումով, առանց լայն քննարկման, հապճեպ կբերվի Ազգային ժողով ու կվավերացվի, արվեց։ «Կամք» նախաձեռնությունը կրկին բողոքի ակցիա կազմակերպեց՝ ընդդեմ Լանզարոտի կոնվենցիայի։

Ու այս փաստերի համադրումից հետո հիշեցնենք, որ  հեծանիվով «վրաերթի ենթարկվածը», որը հանրության զավեշտն էր առաջացրել,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի նախկին խորհրդական, Սահմանադրական դատարանին «թոշակի ուղարկող», վեթթինգաբան Նիկոլայ Բաղդասարյանն է եղել։ Իսկ «վրաերթի ենթարկողը», «Կամք» հասարակական նախաձեռնության խորհրդի անդամը։

Այսքանից հետո կասկածի տեղ մնու՞մ է, որ հեծանվորդին քաղաքական հայացքների համար են «տարել», 2-ամսյա ժամկետով կալանավորել են 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միմիայն ոստիկանները)։ Այդքան պարզունակ բեմադրությունները տեսնելով, մնում է ենթադրել, որ այդքան պրիմիտիվ են խաղում, որ հանդիսատեսը հասկանա, որ մարդուն, ով չի կիսում իրենց հայացքները, կարելի է պատժել՝ «գործ սարքել գլխին» կամ  մի այլ բան։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու ամենապրիմիտիվ ճանապարհն է։

Ցանկացած անարդար պատիժ ծնում է համապատասխան դիմադրություն։ Այդ առումով Հայաստանում հասունանում է դիմադրության հզոր ուժ, որն ահագնանալու է անարդար պատիժների պարարտ հողի վրա․․․ Իշխանությունը ճնշումների հավասարակշռության նժարը խախտելով, ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ արտակարգ դրությունն էլ չի փրկելու։ Արտակարգ իրավիճակը ենթադրում է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում։ Բայց կա՞ օրենք, որ քրեական պատասխանատվություն է սահմանում հավաք անելու համար։ Արդյոք այդ արգելքը ավելի՞ չի միավորի մարդկանց, ովքեր լուրջ պահանջներ ունեն և արգելք են տեսնում իրենց առաջ։ 

ՀԳ Ես ընդամենը մեկ փաստ բերեցի։ Բայց իրականությունն այն է, որ նման փաստերի խուրձ գոյություն ունի ու դիմադրությունը մեծանալու է, սարից գլորվող ձնագնդի պես։