Լուրջ մարտահրավեր Արսեն Թորոսյանին

 Լուրջ մարտահրավեր Արսեն Թորոսյանին

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է․ «Եթե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է՝ քրոնիկ հիվանդ ես, հնարավոր է՝ կորոնավիրուսով վարակվես, ես իրեն բացեիբաց ձեր միջոցով առաջարկում եմ միասին գնանք «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց. քրոնիկ հիվանդություն ունենալով հանդերձ՝ պատրաստ եմ ողջագուրվել իր կարծիքով Covid 19-ով հիվանդների հետ՝ առանց ձեռնոցի ու դիմակի՝ ցույց տալու, որ ինքը լրիվ բլեֆի մեջ է և որ ես չեմ վախենում սովորական գրիպով հիվանդներից: Իբրև թե ռիսկային խմբում լինելով՝ պատրաստ եմ ցույց տալ, որ ոչ մի ռիսկային խումբ էլ չկա՝ բացի ծերերից ու ծանր հիվանդներից»։

Սա արդեն լուրջ մարտահրավեր է։ Առողջապահության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նման կարծիք միայն Կարեն Վարդանյանը չի հայտնում։ Անկեղծ լինենք, չթաքցնենք, Հայաստանի երեք բնակչից մեկը նույն  կարծիքն ունի։ Լուրջ չեն ընդունում հայաստանյան վարակը։ Թե ինչպես է ձևավորվել այդ կարծիքը, չեմ կարող ասել, բայց որ դա այդպես է, փաստ է։ Կարող եք ինքներդ հարցում կազմակերպել և համոզվել։ Կարծում եմ, եթե մարդը կամովին առաջարկում է հանդիպել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդների հետ, ողջագուրվել, կարելի է հանուն մարդկանց հետագա սթափության ու փրկության  ընդառաջել նրան։ Չէ՞ որ ձեր ասելով գործ կարող ենք ունենալ  500 հազար վարակակրի և հազարավոր մահերի հետ։ Դուք աթիստ եք և կարծում եմ 500 հազար մարդկանց կյանքի փրկությունը սառնասրտորեն կարժևորեք մեկ մարդու կյանքից։ Աստված ոչ անի, եթե այդ հայրենասեր մարդու կյանքին վտանգ սպառնա, նա պատմության մեջ կմնա որպես հազարավոր կյանքեր փրկած Մարդ, իսկ եթե ինքը ճիշտ դուրս գա, ողջ ազգը կփրկվի այս համատարած սարսափի ու մահվան հետապնդման վախից։