2019-ին բնակարանային գողությունները շատացել են, մեծ մասը՝ չի բացահայտվել

2019-ին բնակարանային գողությունները շատացել են, մեծ մասը՝ չի բացահայտվել

Մի քանի ամիս է, ինչ, հատկապես, երեւանաբնակները բողոքում են գողություններից․ մեկ բնակարանային գողություններ են «թրենդի» մեջ լինում, մեկ գրպահատությունները, այս օրերին էլ՝ մեքենայի թալանը։ Վերջին 2 ամիսներին այդպիսի մի քանի դեպք եղավ, երբ գողացել էին մեքենաների ակերը, մեկ այլ դեպքում կոտրել ապակին եւ տարել մեքենայի մեջ դրված պայուսակները, այլ իրեր։

Գողությունները հատկապես մեծ թափ առան 2018 թվականի իրականացրած համաներումից հետո։ Հասարակության մեջ այն ընկալումը եղավ, թե բնակարանային գողությունները համաներման հետեւանք են։  Դրան անդրադարձել էր նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ ասելով, թե համաներման հետեւանքով հանցագործությունների թիվը աճել է․ «Գողությունների աճի դեպքում տարբեր գործոններ կան, միանշանակ համաներումը ազդել է, այս պահի (փետրվար ամսին) դրությամբ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ համաներումով ազատ արձակվածներից 58-ը հանցագործություն է կատարել՝ 104 հանցագործության դեպք է եղել։

Մենք գրավոր դիմել էինք ոստիկանությանը՝ պարզելու 2018 եւ 2019 թվականներին որքա՞ն է եղել գողությունների թիվը։ Մեր հարցման ի պատասխան ոստիկանությունից նշել են․ անցած տարվա 11 ամսվա ընթացքում տեղի է ունեցել բնակարանային գողության 1223 դեպք, 290-ի դեպքում հանցագործություն կատարողի ինքնությունը պարզվել է և առաջադրվել է մեղադրանք։ Անցած տարի գրանցվել է ավտոմեքենայի գողության 26 դեպք, որից 5-ի դեպքում կատարողի ինքնությունը պարզվել է եւ առաջադրվել է մեղադրանք։ 

Ըստ ոտիկանության տրամադրած տեղեկատվության՝ 2019 թվականի 11 ամսվա կտրվածքով բնակարանային գողությունների թիվը աճել է՝ հասնելով 1502-ի, որից բացահայտվել է 382-ը։ Փոխարենը նվազել է մեքենայի գողության դեպքերը անցած տարվա համեմատ՝ դառնալով 18։

Թեպետ գողությունների թվի մեծ լինելուն, ոստիկանությունը դրանց չնչին մասն է կարողանում բացահայտել, պարզել հանցագործության հեղինակին։