Մի մեծ երազանք ունեմ, որ ֆակուլտետը մի օր կկոչվի ինստիտուտ

Մի մեծ երազանք ունեմ, որ ֆակուլտետը մի օր կկոչվի ինստիտուտ

Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշելու է հիմնադրման 20-ամյակը։ Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ասաց, որ տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր են ուղարկել հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին և ֆակուլտետի շրջանավարտներին, որոնք այժմ աշխատում են ոլորտում։ Տոնական միջոցառումները սկսվելու են վաղը, դասախոսները և ուսանողները ծաղիկներ են խոնարհելու Հարություն քահանա Շմավոնյանի կիսադրու առջև․ 

«Վաղը՝ հոկտեմբերի 16-ին, նշվում է հայ մամուլի օրը, որովհետև 1794 թվականին՝ հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ «Ազդարարի» անդրանիկ համարը։ Մենք որոշեցինք մեր ֆակուլտետի 20-ամյակի տոնակատարությունները սկսել Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու առջև մեր խոնահումով, ֆակուլտետի դասախոսներով, ուսանողներով կհավաքվենք, մեր խոնարհումը կբերենք Հարություն քահանա Շմավոնյանին, նրա լուսավոր հիշատակին, որը, ինչպես Մեսրոպ Մաշտոցը, ինչպես Կոմիտասը, հայ մամուլի սկիզբը նախանշեց և տպագրեց հանդես, որը եվրոպական չափանիշներով ամսագիր էր։ Այնուհետև գնանք ֆակուլտետի հիմնադիր Գառնիկ Անանյանի շիրիմին ծաղիկներ կդնենք, այնուհետև կվերադառնանք ֆակուլտետ՝ պատրաստվելու «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» անդրանիկ գիտաժողովին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Դեկանի խոսքով՝ նախատեսվում է նաև գիտաժողով անցկացնել, որը միջազգային դարձնելու միտք ունի, նաև երազում է, որ մի օր ֆակուլտետը կվերակազմավորվի որպես ինստիտուտ․
«Նախատեսում ենք այդ գիտաժողովը դարձնել ամենամյա, առաջին նիստը լինելու է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ին։ Հետաքրքիր զեկուցումներ են լինելու, թեմատիկան մեծ է և ընդգրկուն։ Ես նպատակ ունեմ ապագայում այդ գիտաժողովը դարձնել միջազգային և ամենամյա։ Գիտաժողովին մասնակցելու են նոր մեդիայի և հաղորդակցության, տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնների դոցենտներ, պրոֆեսորներ, այլ բուհերի մեր գործընկերները, որոնք ցանկություն են հայտնել գիտական զեկուցմամաբ հանդես գալու։ Որպես գաղտնիք ասեմ՝ մի մեծ երազանք ունեմ, որ ֆակուլտետը մի օր կոչվի «Ժուռնալիստիկայի և հաղորդակցության» ֆակուլտետ, ավելի ճիշտ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի և հաղորդակցության ինստիտուտ։ Դա պետք է լինի մեդիաուսումնասիրությունների կենտրոն, պիտի փորձագիտական յուրահատուկ կենտրոն լինի։

Օրինակ՝ ԶԼՄ-ների կամ ինֆորմացիայի ազատության մասին օրենք են քննարկում, ԱԺ-ից կարող են ուղարկել մեզ մոտ փորձագիտական քննության։ Մի օր պիտի ժուռնալիսիտիկայի և հաղորդակցության ինստիտուտը անպայման կայանա ԵՊՀ կազմում»։