Ջավախքում կրքերը մի փոքր հանդարտվել են, թեև իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ջավախքում կրքերը մի փոքր հանդարտվել են, թեև իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ջավախքում՝ Ախալքալաքում, տեղի հայերի միջև եղած բախումների՝ դրանց նախորդած Կուլիկամ գյուղի բնակիչների կազմակերպած ծեծուջարդի, քաղաքի կենտրոնում գտնվող «Արտսեկ» հյուրանոցի և չորս առանձնատան հրդեհման, կրակոցների, դանակահարության մասին Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները խուսափում են խոսել․ ներքին զրույցներում մեկնաբանում են՝ «առանց այն էլ լարված իրավիճակ է, էլ ավելի չթեժացնենք»։
Հիմա վիճակը, իրավապահների ներկայության արդյունքում, մի փոքր հանդարտվել է, սակայն շարունակում է լարված մնալ։

«Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն»-ի ղեկավար Էդուարդ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Շատ ցավալի դեպք էր տեղի ունեցածը Ջավախքի ամբողջ ազգաբնակչության համար։ Սպանությունները եւ բռնությունները, բոլոր դեպքերում, անթույլատրելի են եւ բերելու են նոր բռնության։ Անհրաժեշտ է, որ մեր շրջանում խաղաղություն եւ կայունություն լինի, եւ յուրաքանչյուր խնդիր, եթե առաջանում է, լուծվի օրենքի շրջանակներում»։

Արդեն հաղորդել էիք, որ շաբաթ-կիրակի օրերին Ախալքալաքը «եռում էր»․ վեճն սկսվել էր կուլիկամցի երիտասարդի եւ «ArtSeg» հյուրանոցի սեփականատերերի միջեւ, որոնք արմատներով Դիլիսկա գյուղից են, բայց բնակվում են Ախալքալաքում։ Վիճաբանության ընթացքում եղել էր դանակահարութուն, տուժողն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, միեւնույն ժամանակ հրազենային կրակոցի հետեւանքով մահացել էր Կուլիկամ գյուղի 27-ամյա մի բնակիչ։ Այնուհետեւ, վրեժխնդրության հողի վրա Կուլիկամի երիտասարդներն այրել էին հյուրանոց, 4 բնակելի տներ, որոնք բոլորն էլ կապված են հյուրանոցի սեփականատիրոջ հետ (ընկերների եւ բարեկամների են պատկանում), տարբեր փողոցներում կոտրել մեքենաներ։

Այսօր տեղեկացանք, որ դեպքերին առնչություն ունենալու մեջ կասկածվող մոտ 30 անձի փնտրում են։ Ախալքալաքում ամբողջ գիշեր մոբիլիզացված է եղել շրջանի ողջ ոստիկանությունը, ներառյալ՝ հատուկ հանձնարարությունների բաժինը: Այսօր առավոտյան հայտնել են, որ ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքում ընթանում է հետաքննություն, և կա ձերբակալված մեկ անձ:

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքին, ապա ջավախքցի մեր գործընկերուհին  «Հրապարակին» հայտնել էր, որ երեկ Ախալքալաք էր մեկնել Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Իսկ ուշ երեկոյան ոստիկանությունը փակել էր նաև Դիլիսկա գյուղ տանող ճանապարհը, քանի որ վտանգ կար, որ ամբոխը կարող էր տեղափոխվել նաև այդ գյուղ: Դիլիսկայում եւս աշխատել են համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Եթե հսկողությունը ճիշտ ժամանակին չլիներ, հավանաբար, հետևանքներն ավելի ծանր կլինեին, պարզապես անկարգությունները տեղի են ունեցել տարբեր փողոցներում։ 

Ինչպես հաղորդում է Aliq.media-ն՝ վրաց քաղաքական գործիչները բավական կոշտ հայտարարություններ են արել Ախալքալաքի դեպքի վերաբերյալ։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին հայտարարել է, թե Ախալքալաքի դեպքը նշանակում է, որ կրիմինալի վերահսկողությունն իշխանության ձեռքերում չէ այլևս: «Ուզում եմ «Եվրոպական Վրաստանի» անունից մտահոգություն հայտնել այն քաոսի վերաբերյալ, որ ստեղծվել էր երեկ Ախալքալաքում: Սրան զոհ գնաց երիտասարդ մարդ, տուժեցին բազում քաղաքացիներ: Մենք ունեինք պատկեր, երբ Ախալքալաքում տասնյակ մարդիկ քաղաքի կենտրոնում իրար վրա էին կրակում: Այս կոնֆլիկտը քաղաքի կենտրոնից տեղափոխվեց հիվանդանոցի տարածք, որտեղից 15 մետր հեռավորության վրա է գտնվում անվտանգության գլխավոր վարչությունը, և տասնյակ մարդիկ շարունակում էին հաշվեհարդար տեսնել: Պետությունը չկարողացավ դադարեցնել այս կոնֆլիկտը, չկարողացավ կանխել այն խառնաշփոթը, որ շարունակվում էր ամբողջ գիշերվա ընթացքում: Սա նշանակում է, որ Ախալքալաքում տեղի ունեցածը շարունակությունն է այն իրավիճակի, որ ունենք ամբողջ Վրաստանում, երբ պետության վերահսկողությունից դուրս է եկել կրիմինալի կառավարումը, երբ հանցագործները զգում են, որ իրենք են այս երկրի տերն ու տիրակալը, և այս իրավիճակը ստեղծել է Բիձինա Իվանիշվիլին»,- հայտարարել է Նադիրաշվիլին:

Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ՝ «Վրացական երազանքը» վերջնականորեն միացել է քրեական աշխարհին և անարգել է ոստիկանի համազգեստը: