Հայ-ադրբեջանական տարընթերցումներ

Հայ-ադրբեջանական տարընթերցումներ

Մինչ վարչապետ Ն․ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պնդում է, թե Ի․ Ալիևի հայտարարած՝ «առաջիկայում  Նախիջևանի միջանցքի բացման» մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա», լրատվադաշտում հայտնվում են նորանոր տեղեկություններ, որոնք ինքնին խնդրահարույց են դարձնում իրավիճակը ոչ միայն նշված միջանցքի բացման առումով:

Ադրբեջանի նախագահը, ահավասիկ, 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսաուղերձի ժամանակ ասել է․ «Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության մեջ։ Այդ պատճառով միջանցքն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի»։

Տարօրինակն այն է, որ երկու երկրների ղեկավարները միևնույն խնդրի վերաբերմամբ հղում են անում միևնույն փաստաթղթին, բայց կատարում են տրամագծորեն հակառակ պնդումներ (նույնիսկ փաստաթղթի ստորագրման ամսաթիվն  է տարընթերցված՝ նոյեմբերի 9 և նոյեմբերի 10)։ Իսկ քանի որ հանգամանքների ողբերգական բերումով հայ հանրությունն ավելի հակված է հավատալու Ի․ Ալիևի խոսքերին, քան ՀՀ վարչապետի, ուրեմն միանգամայն առարկայական են դառնում այն կասկածները, որոնք առկա են նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլացիոն ակտի շուրջ։ Հիշեցնենք, որ հայ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում տևական ժամանակ խոսվում է այդ փաստաթղթի ինչ-որ գաղտնի հավելվածի կամ հավելվածների գոյության մասին, ինչը Ալիևի վերոբերյալ պնդմամբ կարծես թե հաստատվում է։ Եթե, անշուշտ, մենք վկաներ չենք նույն փաստաթղթի շուրջ քաղաքական շահարկումներ անելու կողմերի աննախադեպ վարպետության։

Հետևաբար մեզ մնում է կռահել, թե հանուն ինչի է շահարկում մե՛ր աննախադեպ «վարպետը»։ Իսկ կռահել պետք է, որովհետև այլևս վստահություն չկա, թե մեր «վարպետի» շահարկումը հօգուտ մեզ է։