Արամի 23 շին․տեխնիկա են մտցրել․ «Փոքրիկ երգիչներն» ահազանգում են (տեսանյութ)

Արամի 23 շին․տեխնիկա են մտցրել․ «Փոքրիկ երգիչներն» ահազանգում են (տեսանյութ)

Քիչ առաջ «Փոքրիկ երգիչներից» ահազանգեցին, որ Արամի 23 հասցե շին․տեխնիկա է մտցվել եւ կատարվում են քանդման աշխատանքներ։ Տեղում արդեն շենքի պահակը մեզ ասաց, որ պահանջել է շինարարներից ներկայացնել քանդման թույլտվությունը, որից հետո ահազանգել է պատկան մարմիններին՝ ոստիկանություն, նախարարություն․

«Ասեցին՝ մենք հիմա կից շենքը քանդում ենք, բայց ձեր պատը պետք է ամրակայենք, բայց հաշվի չեն առնում, որ էդ մասը քանդելով կարող է մեր շենքի տանիքն էլ հետը տանի, ասում ա՝ մենք թույլտվություն ունենք, որ էդ երկու բնակարանը պետք է քանդենք, բայց թույլտվության թղթերը ցույց չի տալիս»,-ասաց հերթապահություն իրականացնող շենքի պահակը։

Այս պահին Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը հաստատեց Արամի 23-ի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, Երևանի քաղաքապետարանն էլ տվեց շինարարության թույլտվությունը: Այդ մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով վստահեցրել էր, որ վաղն արդեն նախագիծը ստորագրված շինարարների ձեռքում կլինի։ Մեսչյանի խոսքով, կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը, որը կպահի ու կառույցը չի փլուզվի: Չնայած տրված խոստումներին եւ հաստատված որոշմանը, «Փոքրիկ երգիչներն» այս պահին այդքան էլ լավատես չեն։