Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, թե՞ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան

Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, թե՞ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան

Ընդդիմությանն առել են երկու աքցանի մեջ՝ մի կողմից նրանց հարազատներն ու մերձավորներն են, որոնք ասում են, որ չպետք է գնալ առճակատման եւ պետք է շարժվել բացառապես սահմանադրական ճանապարհով, որ հանկարծ չբռնեն, չդատեն, չնստեցնեն, քանի որ բոլորը գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը «նստացնող» է։ Մյուս կողմից հասարակության այն շերտն է, որը պահանջում է գնալ կտրուկ քայլերի, ընդհուպ մինչեւ՝ ջարդել-փշրել, շենքեր գրավել եւ «կառավարության շենքից դուրս շպրտել էդ շիզոֆրենիկին»։

Այս երկու ծայրահեղ դիրքորոշումների միջեւ մի երրորդ ճանապարհն էլ առաջարկում է խորհրդարանական ընդդիմությունը, որի մի մասը՝ Բարգավաճ Հայաստանը դեռ ֆորմալ շարունակում է մնալ Հայրենիքի փրկության շարժման անդամ եւ ոչ լիարժեք, բայց մասնակցում է փողոցային ակցիաներին։ Եւ երկրորդ մասը՝ Լուսավոր Հայաստանի տեսքով, որին բոլորն ընկալում են որպես ինչ որ մեկին կից ուժ (ժամանակին՝ Միքայել Մինասյանին, հետո՝ Նիկոլ Փաշինյանին, մի շրջան արեւմտամետ, հիմա՝ անհասկանալի կողմնորոշման)։

Եւ բնական է, որ այս պայմաններում ավելի է բարձրանում նախկին նախագահների կշիռը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան։ Երեքն էլ՝ անկախ իրենց թերություններից ու սխալներից, որոշակի հստակ եւ վստահելի հենարան են թվում մարդկանց եւ մարդիկ սկսել են ձգվել դեպի այս անձինք։
Բայց առաջինը՝ Տեր-Պետրոսյանը տարիքն առել է եւ խուսափում է ակտիվ քաղաքականություն մտնելուց։ Թեեւ ասում են՝ նեղ շրջանակում վերջին բառերն է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը կործանման տարավ երկիրը։

Երկրորդը՝ Ռ․Քոչարյանը, դեռ էներգիայով լեցուն է եւ կարող է ակտիվ դերակատարում ստանձնել, սակայն նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ բեւեռացված է՝ կամ շատ հարգում են եւ համարում, որ մեր երկրի միակ փրկությունն է, կամ՝ ատում են եւ մերժում, համարելով ավելի մեծ չարիք, քան Փաշինյանը։ Երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը․ այդքան բուռն էմոցիաներ չի առաջացնում, բայց նրան համարում են շատ զգուշավոր մարդ, որը վճռական քայլերի երբեք չի գնա եւ շատերի մոտ դեռեւս փարատված չեն այն կասկածները, որ նա է Փաշինյանին բերել իշխանության։

Ազգն առաջնորդելու եւ այս ճգնաժամից դուրս բերելու առումով որոշ շրջանակների մոտ հույսեր արթնացնում են նաեւ հայտնի գործարարներից ոմանք, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը, Սամվել Կարապետյանը եւ ուրիշներ, ու հատկապես՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց այս անձինք առայժմ հրապարակային գործունեություն չեն ծավալում եւ հայտնի չէ՝ ունե՞ն արդյոք նման մտադրություն, թե ոչ։

Բայց բոլորը, անգամ գործող իշխանությունը, շատ լավ հասկանում են, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող եւ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սպառել են իրենց տրված շանսը եւ նրանց ամեն օր մնալը մեզ նորանոր կորուստներ է բերում։ Իսկ որ իրենց գոյության պարագայում ապագայում կարող է լավ լինել եւ ինչ որ բան շտկվել կամ դեպի դրական դինամիկա արձանագրվել, իսպառ բացառված։

Սերոբ Մարության