Կանկեղծանա՞ Գագիկ Ջհանգիրյանը

Կանկեղծանա՞ Գագիկ Ջհանգիրյանը

Արդեն ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը քաղաքական ու անձնական հաշվեհարդարի շրջանակներում ձեռնամուխ է լինում Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը եւ ուղիներ է փնտրում դա հանրային պահանջի անվան տակ անելու համար: Ու այդ գործին այնքան անլուրջ են վերաբերվում, որ այն իջեցրել են Արման Բաբաջանյանի «իրավաքաղաքական» նախաձեռնությունների մակարդակին: Տեսնելով, որ Մարտի 1-ի գործը չեն կարողանում իրենց հաճո ձեւով «հորով-մորով» անել եւ մեկընդմիշտ ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին, այժմ էլ գնում են ավելի հեռու ու ավելի բարդ գործի ետեւից: Մինչդեռ այսօր հնարավոր չէ ակնկալել Մարտի 1-ի բացահայտման անաչառություն, քանի որ իշխանության գլխին են բարիկադների մի կողմում կանգնածները: Հնարավոր չէ ակնկալել նաեւ Հոկտեմբերի 27-ի գործի անաչառ վերաբացում, քանի որ իշխանության եկած թիմը լծվել է քաղաքական ու անձնական վենդետաների գործին եւ դրան է ծառայեցնում երկրի ողջ պետական ապարատը: Այդ գործերը հնարավոր չէ անաչառ վերաքննել, քանի որ դատարաններն ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ այսօր, գտնվում են իշխանության «կրնկի տակ»:

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը չի կարող հանրային վստահության արժանանալ հենց նախաձեռնողի՝ Արման Բաբաջանյանի պատճառով, ով արտոնյալի իրավունքով մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, կարծես թե վերջինս ազատազրկված շարքային «ջեբկիր» էր, այնուհետեւ իրենց առանձնազրույցից տողատակերով մեսիջներ է ուղարկում հասարակությանը, «իրավաքաղաքական» վերլուծություններ անում, նորանոր հանցագործներ պեղում-հայտնաբերում, Փաշինյանին առաջարկում սրան գործից հանել, նրան ձերբակալել եւ այլն: Սա անլուրջ է: Հոկտեմբերի 27-ի գործի այսօրվա վերաբացմանը դեմ են նաեւ զոհերի հարազատները: Արամ Սարգսյանն այս առիթով ասել է. «Ես պիտի միանշանակ ասեմ, որ կտրականապես դեմ եմ հանցագործի հետ որեւէ համագործակցության, որեւէ պայմանավորվածության, որեւէ ծրագրի:

Դրա ասած որեւէ խոսք հիմք չի կարելի ընդունել: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուն պիտի բացահայտվի գործուն հիմքերի վրա, փաստերով, ոչ թե տարբեր ստահակների՝ քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու ինչ-ինչ նկրտումներից ելնելով: Ես ընդհանրապես արտաքին քաղաքական վարկածը ստուգելու կողմնակիցն եմ, գտնում եմ, որ էս իրավիճակում, ինչն այսօրվա դատական համակարգն է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահություն չունեն դրա հանդեպ, երբ մենք խնդիրներ ունենք էսօր Սահմանադրական դատարանի հետ դեռեւս չլուծված, էսօրվա դրությամբ նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի գործով դատավարությունն է գնում, Հոկտեմբերի 27-ի գործի վերսկսումը գտնում եմ, որ անթույլատրելի է ու սխալ: Էդ գործը պիտի լինի հանգիստ ժամանակաշրջանում, պիտի լինի Հայաստանի Հանրապետության էնպիսի իրավիճակում, որ մենք կարողանանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Լիտվիենկոյի հայտարարած տարբերակը ստուգել Մոսկվայում»:

Իսկ իմքայլական Սասուն Միքայելյանը գործի վերաբացման սլաքն ուղղեց իր թիմակից Գագիկ Ջհանգիրյանի ուղղությամբ. «20 տարի հետո՞ էլ լռենք, եղբայր: Ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանը խոսի, քանի որ Հոկտեմբերի 27-ի գործով հենց նա է քննել Նաիրի Հունանյանին: Այսօր նա շատ ավելին պետք է իմանա, քան որեւէ մեկը»: Որքանո՞վ էր Միքայելյանի այս հորդորը հաճելի Ջհանգիրյանին: Այո, Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործի «սեւ արկղն» է, գործի վերաբացման բանալիները հենց նրա ձեռքում են: Նա գիտի, թե ինչպես է կազմվել գործը, ո՛ւմ հրահանգներն է կատարել ինքը, ո՛ր ցուցմունքն ինչպես է կորզվել կամ փոխվել եւ շատ նման հարցեր: Ջհանգիրյանը 2008-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե վերջերս «27-ի» գործով գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հայրն իր որդիների վերաբերյալ ասել էր, թե իրենք ովքեր էին, որ մենակ ահաբեկչություն կազմակերպեին, եւ անուղղակի հաստատել էր, որ իր որդիների հետեւում կանգնած ուժեր կային, ինչպե՞ս է գնահատում այդ հայտարարությունը, պատասխանել է. «Բա որ Նաիրի Հունանյանի հայրն այդքանը գիտի, բա ես ինչքա՜ն գիտեմ»:

Արդյոք Ջհանգիրյանը համարձակություն կունենա՞ այդքան անկեղծանալ հասարակության, զոհերի հարազատների եւ իրավապահների առաջ: Եթե նա խոսի եւ տա այսօրվա իշխանությանը հաճո ցուցմունքներ, ապա, որպես իրավական հանցագործ, որը ժամանակին իշխանության կամքով պետական հանցանքի գործ է քննել ու քննությունը կեղծել, եթե ո՛չ այս իշխանության, ապա հաջորդի օրոք կհայտնվի ճաղերի ետեւում ու դրա համար պատասխանատվություն կկրի: Նա կթիրախավորվի նաեւ զոհերի հարազատների եւ հասարակության կողմից: Մի խոսքով, Ջհանգիրյանին ձեռք չի տա անկեղծանալը: Բացի այդ՝ ժամանակին, երբ նա ՀՀ զինդատախազն էր, իսկ Քոչարյանը՝ ՀՀ նախագահը, հեռու չէր կանգնած նրանից։ Հավանաբար, պարբերաբար զեկուցել է գործերի ընթացքը, կատարել նրա հրահանգները, ջրել ինչ-որ գործեր, հարուցել մեղադրանքներ: Իսկ դժգոհություններ զինդատախազությունից շատ էին, հասարակությունը վստահություն չուներ զինվորական գործերի քննությունների ու դատավարությունների նկատմամբ: Օրինակ՝ Մատաղիսի գործը, որի սխալ ընթացքն իրավապաշտպանները կապում են հենց Ջհանգիրյանի անվան հետ: Տարիներ շարունակ բարձրաստիճան զինվորականները մնում էին անպատիժ, միայն շարքային զինվորներն էին պատժվում՝ իրենց գործած ու չգործած մեղքերի համար: Իրավապաշտպանները համոզված էին, որ բոլոր գործերը Ջհանգիրյանի իմացությամբ են քննվում: Իսկ առանց իր վերադաս Քոչարյանի Ջհանգիրյանը չէր կարող որեւէ գործ կարել, ձեւել, ջրել: 

Եթե Ջհանգիրյանը խոսի եւ Փաշինյանին հաճո բաներ չասի, բացահայտումներ չանի, ապա կթիրախավորվի Փաշինյանի կողմից ու կզրկվի երբեւէ որեւէ պաշտոն զբաղեցնելու երազանքից: Իսկ որ նա պաշտոն շատ է սիրում, փաստում է նրա կենսագրությունը. նա կարողացել է գրեթե բոլոր իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցնել եւ մի իշխանական թիմից սահուն անցնել հաջորդ իշխանության թիմ։ Նա 1991-1997 թվականներին աշխատել է արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետեւ` արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինդատախազ, 2006-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ակտիվորեն մասնակցում էր Հայաստանի ընտրությունների կազմակերպմանը: Հասարակական-քաղաքական գործիչներից շատերը նրան են համարում Հայաստանում ընտրակեղծարարության հիմնադիրը: Քոչարյանի իշխանության շրջանում նա զինդատախազ էր, այնուհետեւ՝ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հանրահավաքային պայքարի, եւ թվում էր, թե մոտ է այդ պայքարի հաղթանակը, Ջհանգիրյանը հարթակում կանգնեց առաջին նախագահի կողքին: Հիմա էլ նա ակնհայտորեն ուզում է տեղ զբաղեցնել Փաշինյանի իշխանության մեջ: Իսկ մինչ այդ, հավանաբար, ստիպված կլինի որոշ ծառայություններ մատուցել Փաշինյանին՝ Հոկտեմբերի 27-ի գործով… Բարդ իրավիճակ է…