Քաղաքում ոստիկանական ուժեր կան, անընդհատ շրջում են, ինձ դա է մի քիչ անհանգստացնում

Քաղաքում ոստիկանական ուժեր կան, անընդհատ շրջում են, ինձ դա է մի քիչ անհանգստացնում

Քաջարանում եւ Կապանում կիրակի օրվա լարված ու թեժ իրադարձություններից հետո երեկ համեմատաբար ավելի հանգիստ վիճակ էր։ Թեեւ Երեւանից Կապան մեկնած ոստիկանական ուժերը դեռ այնտեղ էին ու շարունակում էին հսկողություն իրականացնել քաղաքում։ Հիշեցնենք, որ նախօրեի գիշերը ցուցարարները մի կերպ կոմպրոմիսի եկան տեղի իշխանությունների եւ ոստիկանության հետ՝ համաձայնելով, որ իրենց ձերբակալված ընկերներին տեղափոխեն Երեւան։ Նախօրեին՝ ուշ ժամի, Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ խոսելով ինչ-որ ծեծկռտուքի մասին, որտեղ նաեւ Քաջարանի քաղաքապետի անունն էր շոշափվում։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ այս միջադեպի առիթով են ձերբակալություններ իրականացվել։ Ձերբակալությունները, ըստ քաջարանցիների, ուղեկցվել են բռնությամբ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ ոստիկանները բռնություն են կիրառել ձերբակալված անձանց նկատմամբ, նաեւ հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ տեսանելի են տվյալ անձանց վրա բռնության հետքերը։

«Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի եւ նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն եւ Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առեւանգել են Շ. Մ․-ին եւ Խ. Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի եւ Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշված է, որ ՔԿ-ն իրականացնում է մեծածավալ քննչական գործողություններ եւ օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու եւ նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապահ մարմինները մի ամբողջ օր սպասում, որեւէ պաշտոնական ինֆորմացիա չեն տալիս, վատ են աշխատում, թերանում են, հետո սկսում են լրատվամիջոցներին մեղադրել դեպքերը միակողմանի լուսաբանելու եւ իրենց աշխատանքը խոչընդոտելու մեջ։ Եթե կոմիտեն նշում է Քաջարանի համայնքապետի անունը այս միջադեպի շրջանակներում, ապա ինչո՞ւ ոստիկանությունը նրան էլ չի ձերբակալել։ Իսկ եթե նա կապ չունի այդ ծեծկռտուքի հետ, ապա ինչո՞ւ են մարդու անունը շոշափում եւ ի՞նչ են ուզում պարզել։ Տարօրինակ է նաեւ այն, որ նախօրեի դեպքերից հետո երեկ առավոտյան պարզ դարձավ, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ուրբաթ օրվանից, իր դիմումի համաձայն, մեկնել է արձակուրդ։ Ինչ խոսք, արձակուրդ մեկնելու շատ հարմար ժամանակ է ընտրել քաղաքապետը։

«Ցույցեր չկան, ընդհանուր առմամբ՝ իրավիճակը հանդարտ է, բայց քաղաքում ոստիկանական ուժեր կան, անընդհատ շրջում են, ինձ դա է մի քիչ անհանգստացնում, որ կարող է մարդկանց հետ լրացուցիչ լարվածություն առաջանա»,- երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

- Իսկ միայն Կապանո՞ւմ են շրջում ոստիկանական ուժերը, թե՞ նաեւ Քաջարանում։

- Կապանի մասով կարող եմ ասել, որ տեսել եմ, լսել եմ նաեւ, որ Քաջարանում էլ կան։

- Ի դեպ, այսօր (երեկ) պարզ դարձավ, որ Քաջարանի քաղաքապետը արձակուրդ է վերցրել, Դուք տեղյա՞կ եք, հնարավո՞ր է Դուք էլ գնաք արձակուրդ։

- Չէ, տեղյակ չեմ։ Ինչի՞ համար գնամ արձակուրդ, արտակարգ դրություն է, ի՞նչ արձակուրդ։

- Ի վերջո, Ձեզ համար պարզ դարձա՞վ, թե կիրակի ինչ է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն տարածեց, որ ինչ-որ ծեծկռտուք է եղել, եւ հիմա փորձում են պարզել, թե ինչ կապ է ունեցել Քաջարանի քաղաքապետը դրա հետ։

- Չգիտեմ, էդ հարցին չեմ կարող պատասխանել։

- Իսկ քննչականի տարածած հաղորդագրությանը ծանո՞թ եք, որեւէ տեղեկություն ունե՞ք ծեծկռտուքի վերաբերյալ։

- Այո, ծանոթ եմ, ընդհանուր առմամբ՝ ամեն ինչին էլ ծանոթ եմ, գիտեմ, որ ինչ-որ վիճաբանություններ, բաներ եղել են, բայց լուրջ բան չկա։

- Իսկ ո՞ւմ միջեւ է եղել այդ վիճաբանությունը եւ ի՞նչ հողի վրա։

- Չէ, դա թող քննչականն ասի, նախաքննությունն ասի, իրենք թող այդ հարցերին պատասխանեն։

- Իսկ քաղաքական շահարկումների մասով ի՞նչ կասեք, քաղաքական պահ կա՞։

- Չեմ կարծում, էստեղ քաղաքականություն չէր, իրավական պրոցես էր՝ ավելի շատ։

- Այդ դեպքում Քաջարանի քաղաքապետի կամ Ձեր անունն ինչո՞ւ է հոլովվում։

- Դե, իմ անունը՝ ես չգիտեմ որ պահից է։ Իմ անունը սկսեց հոլովվել, երբ մտան, իմ տունը խուզարկեցին, բայց դա էլ, ես ասացի՝ երեւի ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք էր, որ մտան, իմ տունը խուզարկեցին, ինչ-որ բանի հետ կապված առարկաներ էին փնտրում։ Իսկ Քաջարանի քաղաքապետի մասով թող ինքը պատասխանի։

- Ի վերջո, երեկ գիշերը Կապանից քանի՞ հոգու տարան Երեւան։

- Կապանից՝ 3 հոգու, նրանցից երկուսը Քաջարանից են, մեկը՝ Կապանից։

- Իսկ հավաքված ժողովուրդն ի՞նչ է ասում, եթե այս անձանց որոշեն կալանավորել, նորից ցո՞ւյց են անելու։

- Դե, երեկ հստակ երաշխիքներ հնչեցին, որ այսուհետ բռնություններ չեն լինելու, եւ քննությունն էլ լինելու է օբյեկտիվ ու օրինական։ Ներկա դրությամբ, իմ իմացած տեղեկությամբ, այդ անձանց հարազատները դրանից հետո հանգստացել են։

- Մարզպետի հետ կապի մե՞ջ եք, ինքն իր կողմից տվե՞լ է երաշխիք, որ իր մարզում նման միջադեպեր չեն լինելու, բռնություն չի կիրառվելու։

- Իհարկե, կապի մեջ եմ։ Ինքն էլ տեղյակ չէր էդ բռնություններից, ուշացումով տեղեկացավ, դե, բնականաբար, ինքն էլ է դեմ նման իրավիճակների եւ նման գործողությունների։