Նիկոլ Փաշինայնն այս պահին Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության ծրագրի 2021 թ. կատարողականի մասին զեկույցը։ Զեկույցը ներկայացնելիս նա խոսեց պատերազմից հետո առաջին տարվա՝ 2021 թվականի մասին, որի ընթացքում, ըստ նրա, մենք ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ և լրջագույն ձախողումներ։ Ու խոսեց ձեռքբերումների մասին։ Փաշինյանի համար անցյալ տարվա ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, որը իբրև թե ի ցույց են դրել պետականություն ունենալու մեր կամքը և բարձրացրել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը։ Մյուս կարևորագույն ձեռքբերումն, ըստ նրա, երկրի մակրոտնտեսական կայունության ապահովումն էր։
Նա նաև խոսեց պատերազմի հետևանքով գրանցած զոհերի թվի մասին՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին։
Հետո անցավ սենտիմենտալ զեղումներին, թե գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թ․ հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող և մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ։։
Ու որոշեց նույն հուզականությամբ տալ այդ հարցի պատասխանը՝ հավանաբար հույսով, որ այդպիսով խղճահարություն և ներում կառաջացնի իր հանդեպ հազարավոր զոհերի հարազատների կողմից։
«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ.ի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ։ Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, երբ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։ Եւ թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ։ Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրա մեջ»,–ասաց իրեն հողեր չհանձնելու մեջ մեղավոր ճանաչած Փաշինյանը։