Ինքներդ ձեզ հարց տվեք

Ինքներդ ձեզ հարց տվեք

Մեր հասարակության պրոբլեմն այն է, որ մենք տեսնում ենք ուրիշի աչքի շյուղը, բայց չենք տեսնում մեր աչքի գերանը։ Մենք մեզ դուրս ենք դնում հանրային, պետական, համայնքային պատասխանատվության դաշտից, իսկ դիմացինին պատրաստ ենք մեղադրել ամեն ինչում եւ անընդհատ։ Քաղաքը կեղտո՞տ է՝ մեղավոր են իշխանությունները, տարբեր պատասխանատու կազմակերպություններ, բայց մենք, որ աղբը նետում ենք հենց փողոցում, մաքուր չենք պահում մեր միջավայրը, դա բոլորովին չենք նկատում։ Երբ ծառը կտրողը մեր հարեւանն է, մենք պատրաստ ենք նրան կախաղան հանել, բայց երբ ծառ ու ծաղիկը ոչնչացնողը մենք ենք՝ ոչինչ, ներելի է։ Մենք մեզ ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը ծանր ենք տանում, բայց հանգիստ կարող ենք վիրավորել մեկ ուրիշին եւ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չտեսնել։

Երբ պետական բյուջեն թալանում են ուրիշները, դա աններելի հանցանք է, իսկ երբ ձեզ չվաստակած պարգեւավճար են տալիս, նորմալ է, ընդունելի։ Ձեր հարազատին աշխատանքի տեղավորելիս դուք ոչ մի ջանք չեք խնայում՝ կարող եք հազար մարդ «մեջ գցել» եւ մի տեղ նրան խցկել, իսկ երբ լսում եք, որ ինչ-որ մեկի բարեկամն է աշխատանքի տեղավորվել, անխնա եք որակումների մեջ։ Մինչդեռ նման մեծ պահանջներ ունեցող հասարակությունն առաջին հերթին խստապահանջ պետք է լինի իր նկատմամբ եւ ինքն իրեն հարց տա՝ արդյոք ես լա՞վ քաղաքացի եմ, արդյոք ես պահպանո՞ւմ եմ շրջակա միջավայրը, բարեկի՞րթ եմ, ուշադի՞ր եմ մարդկանց հանդեպ, պահպանո՞ւմ եմ համակեցության, բարոյականության կանոնները, օրինապա՞շտ եմ, թե՞ օրենքը, կարգուկանոնն ուրիշների համար են, եւ իմ ընդվզումը վերաբերում է միայն նրան, որ ես զրկված չլինեմ օրենքը խախտելու, բյուջեից սնվելու, անօրինական արտոնություններ վայելելու հնարավորություններից։