Ժամանակն է, որ պահանջենք

Ժամանակն է, որ պահանջենք

Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճի մի դրվագը վերաբերում էր Խոջալուի դեպքերին: «Ցեղասպանության» մասին Ադրբեջանի նախագահի պնդմանը վարչապետ Փաշինյանը հակադարձեց Այազ Մութալիբովի հարցազրույցի վկայակոչմամբ: Բաքվի քարոզչամեքենան պնդում է, որ հարցազրույցը «ֆեյք» է, Մութալիբովը նման բան չի ասել: Նախ, առկա է «Նեզավիսիմայա գազետա»-ի տպագիր օրինակը:

Երկրորդ, հարց է ծագում՝ հարցազրույցը տպագրվելուց անմիջապես հետո ինչու՞ Մութալիբովը հերքում չի պահանջել կամ հակառակն ապացուցող հայտարարություն չի արել: Երրորդ, ադրբեջանական քարոզչամեքենան մոռացության է տալիս, որ ժամանակին Իլհամ Ալիեւի աշխատակազմի հովանավորությամբ լույս է տեսել Бакинский рабочий թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Չալաձեի Обреченный Ходжалы գիրքը, որի մասնագիտական խորհրդատուն Ադրբեջանի ԱԱ նախարար Նամիկ Աբասովն էր: Այդ գիրքը գրված է մի նպատակով՝ վերջնականապես հեղինակազրկել Այազ Մութալիոբովին, ցույց տալ, որ Խոջալուն փրկելու ուղղությամբ նա ոչինչ չի ձեռնարկել:

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Մութալիոբովը որպես վտարանդի ապրում էր Ռուսաստանում, Բաքուն պահանջում էր նրա արտահանձնումը, իսկ Մոսկվան՝ մերժում: Գրքի հեղինակը եւ խորհրդատուն, սակայն, այնքան ապաշնորհ են գտնվել, որ հրապարակել են Խոջալուի «ցեղասպանության» վարկածը հերքող փաստաթղթեր: Դրանցից մեկը 1992թ. փետրվարի սկզբին Աղդամ գործուղված եւ Խոջալուն ապաշրջափակելու ռազմագործողություն իրականացնելու հրահանգ ստացած Ֆահմին Հաջիեւի մեղադրական եզրակացությունն է, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ նա դիտավորյալ կազմալուծել է փետրվարի 25-ի առավոտյան ժամը 10-ին ծրագրված՝ Ասկերանի պաշտպանական բնագծերը ոչնչացնելու, Խոջալուն ապաշրջափակելու եւ խաղաղ բնակչությանը տարհանելու ռազմագործողությունը:

Նույն տեղում Հաջիեւը մեղադրվում է այն բանում, որ, ունենալով Խոջալուի բնակչությանը տարհանելու ուղիների մասին ստույգ տեղեկություն, ինչպես նաեւ խոջալուցի փորձառու ուղեկցորդներ, որոնք ժամանակին հասել էին Աղդամ, չի օգտվել այդ հնարավորությունից եւ խաղաղ մարդկանց անվտանգ տարհանելու ոչ մի քայլ չի ձեռնարկել:

 Ըստ այդմ, քրեական գործում Հաջիեւը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 255 –րդ հոդվածի 3-րդ մասով: Սա մեջբերում է Ադրբեջանի դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Ա. Ռասուլովի կողմից կազմված պաշտոնական փաստաթղթից: Ֆահմին Հաջիեւը որեւէ զինվորական կոչում չի ունեցել, հանդիսացել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչը պաշտպանության նախարարությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի ավագ սպա Ինթիգամ Աբդուլաեւը հետագայում վկայել է, որ 1992թ. փետրվարի լույս 26 –ի գիշերը Ֆահմին Հաջիեւը լքել է Աղդամը եւ վերադարձել Բաքու:

Ոչինչ չանել Խոջալուի խաղաղ բնակչության տարհանման ուղղությամբ, չի՞ նշանակում կազմակերպել նրանց կոտորածը, որպեսզի  Մութալիբովին հրաժարական պարտադրելու ծանրակշիռ պատճառ լինի: Խոջալուի մասին առաջինը տեղեկություն տարածած Թոմաս Գոլցը հիշում է, որ երբ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նիստին ցուցադրվել է սպանված խոջալուցիների  տեսանյութը, դահլիճում ոչ ափսոսանքի, ոչ զայրույթի խոսք չի հնչել: Միայն՝ ,,իստեֆա,,(հրաժարական): Ամեն ինչ նախապատրաստվել է սառնասրտորեն: Թե ու՞մ ցուցումով՝ տարիներ անց ակնարկել է նույն Ֆահմին Հաջիեւը. «Հարցրեք Հեյդար Ալիեւին»: Այնպես որ, ժամանակն է պահանջել, որ Ադրբեջանը բացի Խոջալուի արխիվները:.