Երեկ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երեւանի ավագանու որոշումը, որով 2024 թ. հունվարի 1-ից կարմիր գծերով սահմանված ավտոկայանատեղիների դրույքաչափերը տասնապատիկ թանկացրել էին։ Դատարանը բավարարել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը՝ գտնելով, որ Երեւանի ավագանին չի սահմանել, թե որն է եղել այդ որոշման լեգիտիմ նպատակը: Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանն արագությամբ հայտարարեց, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել` սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանը բողոքարկելու է այն, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ Երեւանի քաղաքապետարանը պարտավոր է դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել քաղաքացիների վճարած գումարները։ «Դատարանը վճռել է, որ այս կարմիր գծերի բարձրացման որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ դրա հիմնավորումը մայրաքաղաքի բեռնաթափումն էր, որը տեղական տուրքի թանկացման հիմքում չի կարող լինել: Դատական ակտը երբ պատրաստ լինի, մենք դրան առավել հանգամանալից կծանոթանանք: Ինչ վերաբերում է այս որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուն, ապա եթե վճռաբեկն էլ մերժեց իրենց, ապա քաղաքապետարանը պարտավոր է մարդկանց վերադարձնել այդ գումարները: Կոնկրետ ես այս տարվա սկզբին 160 հազար դրամ եմ վճարել, այժմ եթե դատարանն ասում է, որ սակագնի բարձրացումը ոչ իրավաչափ է, դա նշանակում է, որ ոչ իրավաչափ վարչարարություն է եղել, այդկերպ ինձ մեծ վնաս է պատճառվել: Ես այդ գումարները հետ եմ պահանջելու, եթե չվերադարձրին, դիմելու եմ դատարան, եւ դատարանը, միանշանակ, վերադարձնելու է այդ գումարն ինձ: Վճռաբեկը գործը քննելու է 9 դատավորի կազմով, չեմ պատկերացնում, որ այս գործը չմերժվի: Տեղական տուրքի թանկացման հիմքում չի կարող լինել քաղաքի բեռնաթափումը` դա սխալ հիմնավորում է: Սա շատ պարզ, հասարակ բան է` չկա բարդ իրավաբանական հարց: Այս որոշումն ավագանու ամենաաղմկահարույց որոշումներից էր: Այս որոշմամբ այդ թիմը ցույց տվեց իրենց իրավական գիտելիքների պակասը, ոչ կոմպետենտությունը: Եթե անգամ մի պարզ ավագանու որոշում չեն կարողանում ընդունել այնպես, որ համապատասխանի օրենքի պահանջներին, կարելի է ենթադրել, թե մյուս հարցերում ինչեր կարող են տեղի ունենալ»,- ասաց փաստաբանը:
Հանրային տրանսպորտի սակագնի թանկացման մասով հնարավո՞ր է նմանատիպ հաջողության հասնել։ «Ես հանրային տրանսպորտից չեմ օգտվում, սակայն երբ հետեւում եմ` կանգառներում հերթեր են, լավ չեն աշխատում, ո՞վ ասաց, որ եթե նոր ավտոբուսներ են բերել, քաղաքացին պետք է ավել գումար վճարի: Բա այդքան գույքահարկի չափն ավելացրին` երեք անգամ շատ, առաջվա համեմատ, թող հանրային տրանսպորտը սուբսիդավորեն, նորմալ երկրներում այդպես է: Օրինակ, Նիդերլանդներում մարդկանց եկամտահարկից են նվազեցնում տրանսպորտի ծախսերը: Դա այն ծախսն է, որն արվում է աշխատանքի գնալու համար, եւ պետության համար ստեղծվում է ավելացված արժեք, որից էլ գոյանում են հարկերը»,- եզրափակեց Հարությունյանը:
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Պետք է սպասել ամբողջական վճռի հրապարակմանը, մենք չգիտենք, թե որ մասով ու ինչ ձեւակերպումներով ունենք վճիռ: Արդյո՞ք այն բովանդակային է, թե՞ կան այլ ենթատեքստեր: Ասում են` բողոքարկելու են, բայց ո՞ր մասով, արդյո՞ք այն անդրադառնալու է կարմիր կամ, օրինակ` կապույտ գծերի բուն վճարներին, տարեկան գանձմանը, թե՞ խոսքը միայն տեխնիկական խնդիրներին է վերաբերում: Պետք է հասկանալ՝ դատարանի որոշումը բովանդակայի՞ն է, թե՞ տեխնիկական։ Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո նոր ամեն բան հստակ կլինի»: