Դեգրադացիա

Դեգրադացիա

Ամենավատ պատասխանը, որ կարելի է տալ որեւէ դիտողության կամ քննադատության, այն է, թե՝ բա լա՞վ էր Սերժի ժամանակ։ Իհարկե՝ վատ էր։ Եվ հենց այդ վատի պատճառով 2018-ին ժողովուրդը միահամուռ ելավ փողոց եւ սրբեց-քշեց հին իշխանություններին՝ հույս ունենալով, որ նրանց հետ քշում-սրբում է ամեն վատ բան։ Այն ցինիզմն ու անօրինականությունը, այն անարդարություններն ու «հաբռգածությունը», անգրագիտությունն ու թալանը, որի մեջ մեղադրվում էին նախկին իշխանությունները։ Սրբում է, որ տեղ բացի լավի, օրինականի, արդարի, ճշմարիտի, ազնիվի, գործունյայի, պետականամետի, համեստի, նվիրվածի համար։ Սրբում-քշում է, քանի որ դժգոհ է իր կյանքից, քանի որ հոգնել է ճահիճից։ Հոգնել է ընտրակեղծարարությունից, անգամ եթե իր անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ է դա իրականացվում։ Ուզում է լուսավոր ու բարեկեցիկ հայրենիք ունենալ, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, եւ ընտրությունները կենաց-մահու պայքար չեն, իսկ իշխանափոխությունն էլ հազար տարին մեկ պատահող բարեբախտություն չէ, այլ բնականոն երեւույթ։

Այդ հոգնությունն ու ապագայի հանդեպ հավատն էր, որ ստիպեց վռնդել հին իշխանավորներին եւ երկրի ղեկը հանձնել անփորձ ու անպատրաստ երիտասարդներին, որոնց հետ հասարակությունը մեծ հույսեր էր կապում։ Սակայն անցավ ժամանակ, եւ օր օրի ավելի ու ավելի է պարզ դառնում, որ իշխանական լծակներն ու կարգավիճակն արագորեն փչացնում են մարդուն։ Եվ ազնիվ, հայրենասեր, անկաշառ ու եռանդուն երիտասարդները մեր աչքի առաջ կամաց-կամաց դառնում են մեծամիտ, ինքնահավան, ծույլ ու անընդունակ պաշտոնյաներ, որոնք հիմնականում գլուխ չեն հանում իրենց վստահված պարտականություններից, միայն վայելում են այդ կարգավիճակը եւ նոր-հին թշնամիների վրա ծախսում իրենց եռանդը։