Իշխանությունը պարտվեց բրյուսովցիների կամքին

Իշխանությունը պարտվեց բրյուսովցիների կամքին

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում երեկ տեղի ունեցավ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ էր ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որը նախագահում էր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

20 հոգանոց կազմում 5-ական անձով ներկայացված էին անդամներ` հիմնադիրի կողմից, լիազոր մարմնի անունից, ինչպես նաեւ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողության կողմից: Ի դեպ, ընտրությունից մեկ օր առաջ ուսանողական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ ահազանգելով, որ խորհրդի կազմում ուսանողների կողմից ընտրված անդամներից մեկի ազգանվան մեջ վրիպակ կա, որը չի շտկվել եւ կարող է խոչընդոտ ստեղծել ընտրություններին ուսանողի մասնակցության համար: Պարզվեց՝ մինչեւ օրվա վերջը հասցրել էին վրիպակը շտկել, եւ այդ ուսանողը եւս խորհրդի կազմում մասնակցեց ընտրությանը:
Ընտրությունը, սակայն, անցկացվեց փակ դռների հետեւում, որը հսկում էր փոխվարչապետի անվտանգությունը՝ ըստ այդմ թույլ չտալով լրագրողներին ներս մտնել ու լուսաբանել ընթացքը` հղում անելով բուհի կանոնադրությանը:

Ընտրական ընթացքն անցավ զուսպ, բայց լարված մթնոլորտում։ Ռեկտորի գլխավոր խորհրդական, կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը դռների մոտ հավաքվածներին պարբերաբար հիշեցնում եւ հուսադրում էր, որ իրենց համալսարանում ստրուկներ չկան, եւ արդարությունը պետք է հաղթի։ Պարզվեց՝ ընտրություններին ընդառաջ եղել են որոշակի ճնշումներ, ուսանողներին փորձել են ուղղորդել, կոնկրետ հրահանգավորել, ինչին բուհի ներսում տեղիք չեն տվել։

Քվեարկությունից առաջ որոշակի դժոգոհություններ առաջացան՝ պայմանավորված քվեախցի բացակայությամբ, բրյուսովցիները, այդ թվում՝ խորհրդի անդամները, բարձրաձայնեցին, որ քվեարկությունը փակ-գաղտնի է եւ ոչ բաց ու թափանցիկ։ Հարցը լուծվեց՝ քվեատուփը դրվեց մի փոքր հեռվում։ 

Ընտրության արդյունքները դռներից այս կողմ ծափահարություններով ընդունվեցին․ քվեարկության արդյունքում 12/8 հարաբերակցությամբ բուհի ռեկտոր վերընտրվեց գործող ղեկավար Կարինե Հարությունյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր հարցին ի պատասխան նշեց, թե տեղյակ չէ՝ ինչ ուղղորդումներ են եղել ուսանողների հանդեպ, եւ մնում է, որ հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ հաստատված ընտրության արդյունքները նաեւ կառավարությունը հաստատի։  

Արդեն վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող երկար խոսել, քանի որ իր համար դժվար ու հուզումնալից օր էր, միայն նկատեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի արդար եւ անաչառ ընտրություններ անցկացվեն խորհրդի կողմից։ «Ընդհանուր բարյացակամ մթնոլորտում անցավ»,- նկատեց նա։ Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ ռեկտորը նշեց, որ դրանք շատ են․ «Իմ ծրագիրը ներկայացրել եմ 8 հիմնական ուղղություններով՝ ուսումնական, գիտական, միջազգայնացման, հանրության հետ աշխատանքի, հաշվետվողականության եւ պատասխանատվության բարձրացման մասով։ Մի գործ չէ, շատ գործ ունենք անելու»։ Ինչ վերաբերում է իր մրցակցին, ով, շրջանառվող խոսակցությունների համաձայն, հենց Վահրամ Դումանյանի թեկնածուն էր, Կ․ Հարությունյանը նշեց, որ, որպես մասնագետ, շատ հարգել եւ հարգում է Դավիթ Գյուրջինյանին, ով երկար ժամանակ աշխատել է Բրյուսովի անվան համալսարանում։

Իրեն վերագրվող ֆինանսական չարաշահումների առնչությամբ, որի մասին ընտրություններից մեկ օր առաջ հրապարակում արեց «Հայկական ժամանակ»-ի կայքը, ռեկտոր Կարինե Հարությունյանը նախ նշեց, որ համալսարանը պաշտոնապես արձագանքել է՝ խոստանալով ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների տեղականքը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պատասխանել, ապա հավելեց, որ իրականությունը խեղաթյուրված է․ «5-օրյա ժամկետում արձագանքելու ենք հատ-հատ բոլոր կետերին եւ մենք մեր տեսակետը հիմնավոր կներկայացնենք»։

Նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ «այսօր» շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանում, քանի որ ընտրում էին համալսարանի ռեկտոր․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամներին, որոնք իրենց կամքն արտահայտեցին ու ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացին անկախ է եւ ազատ»։ Թամրազյանը հավելեց, որ չնայած դրսից փորձում էին արհեստական խոչընդոտ ստեղծել եւ կասեցնել խորհրդի անդամ ուսանողներից մեկի մասնակցությունն ընտրություններին՝ ազգանվան մեջ տեղ գտած վրիպակի պատճառով, բայց իրենց ջանքերի շնորհիվ դա տեղի չունեցավ․ «Մի ասացվածք կա՝ հաղթողն է, որ պետք է խնդա․․․ ես սա որակում եմ որպես Բրյուսովի համալսարանի եւ ՀՀ քաղաքացիների հաղթանակ, որովհետեւ Բրյուսովի համալսարանի յուրաքանչյուր դասախոս եւ ուսանող կփաստեն, որ մենք միակամ ու միակարծիք ենք եղել եւ այսօր մենք ի ցույց դրեցինք մեր կամքը։ Դա այսպես կարելի է բնութագրել՝ կամք, պայքար, հաղթանակ, չկա ՀՀ-ում մեկ անձ, որ կարող է ՀՀ քաղաքացու վրա ճնշում գործադրել։ Բրյուսովի համալսարանն ու տիկին Կարինե Հարությունյանն այս ընտրություններում գրանցել են հաղթանակ»։

Ինչ վերաբերում է Դ․ Գյուրջինյանի՝ իշխանությունների եւ անձամբ Վ․ Դումանյանի թեկնածուն լինելուն, ապա նախկին փոխնախարարն ասաց․ «Ես Դ․ Գյուրջինյանի անձի հանդեպ մեծ հարգանք ունեմ, նա փայլուն մասնագետ է, իսկ ինչ վերաբերում է այդ ասեկոսեներին, ես էլ եմ լսել նմանատիպ պնդումներ, որ պարոն Գյուրջինյանը պարոն Դումանյանի թեկնածուն էր։ Երեւի դա պայմանավորված էր նրանով, որ Դումանյանը սատարում էր Գյուրջինյանին, ու եթե նմանատիպ խոսակցություններն իրականություն են, ապա նշանակում է, որ Դումանյանը պարտվեց․․․։ Մեր ազգը կարոտ է արդարության, եւ մենք նմանատիպ փոքր հաղթանակներով գնալու ենք ավելի մեծ հաղթանակների, իսկ դրա համար պետք են կամք, պայքար եւ հաղթանակ»։
Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ իշխանությունների կողմից գործի դրված սեւ տեխնոլոգիաներն ու ճնշումները չաշխատեցին, եւ Բրյուսովի անունը կրող բուհի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանին ընտրեցին ոչ միայն բրյուսովցիները, այլեւ 2 անձ, որոնք, փաստորեն, չեն ենթարկվել ԿԳՄՍՆ-ի կամքին։