Երբ տեսնում են Արցախի դրոշը, միանգամից հայտնվում են նոպայի մեջ

Երբ տեսնում են Արցախի դրոշը, միանգամից հայտնվում են նոպայի մեջ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

- Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ մեկնում է Արցախ: Դուք նրանց շարքերո՞ւմ եք:

- Իհարկե, ես էլ եմ գնում: Շուտով կհասնենք Արցախ:

- Այսօր ԱԺ-ում քաղաքական օրակարգը դրոշ կախելն ու դրոշ պոկելն էր: Ինչո՞ւ:

- Ակնհայտ է, որ մենք տարբեր օրակարգեր ունենք: Այսօր այնքան լուրջ խնդիրներ կան անվտանգության հետ կապված, որ ուղղակի ԱԺ-ում մնալ չենք կարող: Մեր պարտքն է գնալ Արցախ, կանգնել սահմանապահ գյուղերի բնակիչների կողքին: Իսկ ահա իշխանության օրակարգն, ինչպես տեսնում ենք լրիվ այլ է: Նրանք երբ տեսնում են Արցախի դրոշը միանգամից հայտնվում են նոպայի մեջ, ինչն այսօր ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ իրենց հիստերիկ ելույթների ընթացքում:

- Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ օրվա իշխանությունները վերջնականապես իրենց ձեռքերը լվացե՞լ են Արցախի հարցից:

- Հայաստանի և Արցախի պետական շահը բարձրաձայնելու, հարցն առաջ մղելու ուղղությամբ մեր ջանքերին անընդհատ հաջորդում է իշխանությունների հնարավոր պատերազմի մասին վախի հայտարարությունը: Խաղաղության դարաշրջանի բացումը հայ ժողովրդի համար պետք է տեղի ունենա արժանապատիվ պայմաններում: Սա մեր օրակարգն է: Մենք կարծում ենք, որ առանց արժանապատվության խաղաղություն լինել չի կարող: Ամեն ինչ զիջելով, թուրք-ադրբեջանական քմահաճույքները կատարելով Փաշինյանի իշխանությունը շարունակվում է կապիտուլացվել: Նրանք խոսում են խաղաղության մասին, թե իբրև ընդդիմությունը խաղաղություն չի ուզում, իսկ իրենց խաղաղասեր աղավնիներ են: Իրականությունն այլ է: Մեր խաղաղության պատկերացումներն այլ են: Խաղաղության պետք է հասնել արժանապատիվ պայմաններով, իսկ իրենց պատկերացումները միանգամայն այլ են:

- Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տարածաշրջանային բավականին խառը ժամանակներում ենք ապրում: Գոնե այս շրջանում ի՞նչ պետք է անել, որպեսզի վարչապետը նոր պայմանագրերի տակ չստորագրի:

- Պետք է միահամուռ պայքարենք այս իշխանությունների դեմ: Մեկ տարուց ավելի է մենք ասում ենք, որ եթե այս իշխանությունները չհեռանան, մենք պարբերաբար հայտնվելու ենք այն իրավիճակում, որում հայտնվել ենք: Այսօր մեր ԱԺ-ում չմնալը, Սյունիք և Արցախ գնալը միտված էր հենց դրան:

- Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը սպառնաց՝ նշելով, որ ընդդիմությունն իր ստացած աշխատավարձերին համարժեք աշխատանք չի կատարում, ապա նշեց, որ անհարգելի են համարելու ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու համար բացակայությունները։

- Պարգևավճար ստանալը, աշխատավարձ ստանալն այս իշխանությունների համար է կարևոր: Իրենք են եկել օրինական թալան իրականացնելու: Ինձ համր ոչ աշխատավարձը, ոչ էլ պարգևավճարը կարևոր չէ: Իմ օրակարգում առաջնայինը պետությունը պահպանելու հարցն է: Իմ բոլոր գործընկերներն էլ, կարծում եմ այդպես են մտածում: Մեզ աշխատավարձով պետք չէ վախեցնել: Ուղղակի ծիծաղելի է: Դա բնորոշ է իրենց: Իրենց ճակատին դաժվածը մեզ վախեցնել չի կարող:

- Իսկ Արցախում ի՞նչ կոնկրետ գործողություններ եք իրականացնելու:

- Տարբեր օրակարգեր կան, սահմանամերձ գյուղեր այցելելուց սկսած մինչև ժողովրդի հետ շփում: