Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ բաց նամակին

Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ բաց նամակին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին իմ կողմից ուղղված բաց-նամակի առնչությամբ քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին նրա գրասենյակից։ Մ․ Գրիգորյանի պատասխանը հրապարակում եմ ստորև .
«Վստահեցնում եմ, որ նման բնույթի հարցերը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են, որոնց լիազորությունների շրջանակում գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը հավասարակշռված և արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ինչ վերաբերում է «Արցախբանկ» ՓԲԸ-ին, ապա վերջինս նմանատիպ խնդիրների լուծման առաջարկով արդեն իսկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ (www.artsakhbank.com/news (նորություններ բաժնում): Եթե կան դեպքեր, որոնք հատուկ քննարկման կարիք ունեն, վստահ եմ, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն պատրաստ կլինի հաճախորդի դիմումի հիման վրա քննարկել դրանք և լուծումներ առաջարկել:»
Հիշեցնեմ, որ բազմաթիվ արցախցիներ դիմում են ինձ՝ մտահոգություն հայտնելով, որ #Արցախբանկը շարունակում է ակտիվորեն գանձել իրենց վարկային գծերի տոկոսադրույքները, իսկ չվճարելու դեպքում վրա են հասնում բացասական իրավակա հետևանքներ։ Հաշվի առնելով ստեղծված պատերազմական իրավիճակը և այն ծանր սոցիալական վիճակը, որում հայտնվել են արցախցի փախստականները, դիմել էի ՀՀ փախվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել, որպեսզի #Արցախբանկի կողմից տարաժամկետվեն փախստականների վարկային գծերի տոկոսագումարների վճարումները։
Շնորհակալություն եմ հայտնում Մհեր Գրիգորյանին՝ խիստ հրատապ և կարևոր այս խնդրին օպերատիվ արձագանքելու համար, և հայտնում եմ, որ անձամբ հետևելու եմ այս հարցով Արցախբանկի գործունեությանը և ցանկացած խնդրի պարագայում այդ մասին հրապարակավ իրազեկելու եմ հանրությանը և մամուլին։ Իմ կողմից արծարծված խնդիրներ ունեցող քաղաքացիներին հորդորում եմ, որ նմանօրինակ խնդիրներ ունենալու դեպքում կարող են կապվել ինձ հետ»։