Հեղափոխության երկրո՞րդ ալիք

Հեղափոխության երկրո՞րդ ալիք

2020 թվականի սեպտեմբերի 2-ին լրացել էր Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձը: Այդ օրը լրանում էր նաեւ Արցախի նորընտիր նախագահ Հարությունյան Արայիկի պաշտոնավարման 100-րդ օրը: Երեկոյան խնջույք էր տեղի ունեցել՝ առանց համավարակի տարածումը կանխարգելող սահմանափակումներին հետեւելու:

Երեւանից Արցախ էր մեկնել Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահի ղեկավարությամբ, իսկ մինչ այդ Իջեւանում անցկացնող արձակուրդից Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: 2020 թվականի սեպտեմբերի սկիզբը դեռեւս հետհեղափոխական էյֆորիայի փուլն էր, եւ ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն Արցախ ժամանելու հրավեր չէին ստացել: 

Հետէյֆորիական 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախ չէին այցելել ո՛չ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ ո՛չ էլ ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահը: Այս անգամ խորհրդարանի պատվիրակությունը ներառում էր ընդդիմադիր խմբակցությունների անդամներին, եւ այն ղեկավարում էր ԱԺ փոխնախագահը: Պատվիրակության ՔՊԿ-ական վեց անդամներին, ըստ «Հրապարակի» լրատվության, ուղեկցում էր կրկնակի թվով թիկնապահ:

Բայց դա չխանգարեց, որպեսզի զոհված արցախցիների ծնողները (քարերով զինված) բողոքի ակցիա չկազմակերպեին ընդդեմ ՔՊԿ-ական պատգամավորների այցելության: Բայց գնացքն արդեն գնացել էր, եւ քարերով լիներ թե հրթիռներով՝ ակցիան չէր վերադարձնի նրանց զավակներին:

Չգիտեմ, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե 2020 թվականի ամռանն արցախցիները նախագահ ընտրեին ոչ թե միշտ ժտացող, թուլակամ (Նիկոլի առումով) եւ ապաշնորհ Արայիկին, այլ Նիկոլի իշխանությանն ընդդիմադիր, Արցախի հերոս, գեներալ Բալասանյանին: Բայց դրանք հաստատ չէին ունենա հենց այն ընթացքը, որ ունեցան 2020 թվականի աշնանը:

Եվ եթե գնացքն արդեն գնացել էր զոհվածների ծնողների առումով, կարծես թե գնացքի գնալը չեղարկելու փորձեր է կատարվում Հայաստանում: Ավելի հստակ՝ նիկոլական ազգակործան հեղափոխության երկրորդ ալիքի սկզբնավորման փորձ: ԱՄՆ-ում ապաստանած եւ վերջերս Հայաստան վերադարձած նիկոլական ոմն Լոսի Քիսո (Քրիստինե Հալաջյան անուն-ազգանունով), ով, ըստ լուրերի, սոցցանցերում ունի 176 հազար հետեւորդ, որոշել է քանդել տալ Գյումրիում տեղադրված Մայր Հայաստանի արձանը՝ նվիրված 1941-45 թվականների Հայրենական պատերազմի անհայտ հերոսին:

Պարզվում է, որ տիկինն այն նմանեցնում է սատանային, տիկնոջ «էներգետիկ դաշտը» չի ընդունում այդ արձանը: Իրականում, քանի որ թուրքերից խաղաղություն մուրող Նիկոլից ամեն ինչ է սպասելի, ապա հուշարձանի հետին հատվածում հունական վրեժխնդրության թեւավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարի պատկերումը չի կարող տեղավորվել նիկոլական Հայաստանում: Եվ այդ «անհարմարությունը» վերացնելու խնդիրը դրվել է 176 հազար հետեւորդ ունեցող, նման նպատակով Հայաստան վերադարձած տիկնոջ նուրբ ուսերին: