Այն ժամանակվա հասարակությունն էլ էր այլ, խորհրդարանն էլ

Այն ժամանակվա հասարակությունն էլ էր այլ, խորհրդարանն էլ

«Հրապարակի» զրուցակիցը գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:

- Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նոր շարժում է նախաձեռնել, որը կոչվում է «Անկախություն»: Նա ցանկանում է շարժման մեջ համախմբել Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք 1990-1995 թվականներին պատգամավոր են եղել: Դուք նույնպես այդ թվերին պատգամավոր եք եղել, ստացե՞լ եք հրավեր եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ի վերջո, Արցախն ու Հայաստանն այսօր ծանրագույն վիճակում են, այդ նախաձեռնությունն էլ ուղղված է Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը:

- Հրավեր չեմ ստացել, Ձեզանից առաջին անգամ լսեցի նախաձեռնության մասին: Անկեղծ ասած` պետք է երկար մտածել, պետք է հասկանալ: Առաջին գումարման Գերագույն խորհրդում շատ տարբեր մարդիկ են ընդգրկված եղել, տարբեր գաղափարներով և այլն: Գերագույն խորհուրդը չի եղել զուտ ինչ-որ մի կուսակցություն: Շուրջ երեք տարի շարունակ առաջին գումարման ԳԽ-ն գործեց բավականին արդյունավետ: Ցավոք, այն երկար կյանք չունեցավ:

- Էդգար Ղազարյանի նախաձեռնությունն, ըստ էության, այն մասին, է, որ Դուք` ԳԽ առաջին գումարման պատգամավորներդ պետք է ինչ-որ առումով «տեր կանգնեք» Արցախին և Հայաստանին, քանի որ դրանց անկախության ակունքներում հենց դուք եք կանգնած:

- Ժամանակին շատ էին դժգոհում, թե Գերագույն խորհուրդը չի աշխատում: Իմ բարեկամներից մեկն էլ, մի անգամ, մի առիթով ասաց, թե հայ ազգը, եթե անգամ հիսուն տարի էլ աշխատի, նման կազմ այլևս չի կարող ունենալ: Ցավոք, նա ճիշտ դուրս եկավ: Պետք է մի բան հասկանալ, որ դա ոչ միայն 90-ականների խորհրդարանն էր, այլև` գրագետ մարդկանց ամբողջություն: Պետք է փաստենք, որ այն ժամանակվա հասարակությունն էլ էր այլ: Նախկինում մարդիկ ինչ-ինչ արժեքների վրա էին հիմնվում: Առաջին գումարման Գերագույն խորհուրդն էլ արտացոլում էր այդ ժամանակվա հասարակությանը: Պետք է վերականգնել նաև սերունդների արժեհամակարգը:

- Իսկ այսօրվա հասարակությունն ինչպիսի՞ն է:

- Այսօրվա հասարակությունն ուրիշ է: Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի այդ նախաձեռնությանն, ապա ասեմ, որ եթե ստանամ հրավեր, կծանոթանամ օրակարգին և ըստ այդ կորոշեմ մասնակցել, թե ոչ: Կարծում եմ, որ առաջին քայլը պետք է սահմանափակվի միայն պատգամավորներով: Այս ամենն անսպասելի էր, անկեղծ ասած: Եթե դա կլինի զուտ առաջին քայլ, որին կհետևեն ծրագրային հստակ ուղերձներ, որին կարող են արձագանքել հասարակության այն շերտերը, որոնք պայմանականորեն ասած` կիսում են հայոց վերածննդի գաղափարները, ապա ողջունելի կլինի:

- Օրվա իշխանությունները նորից հանձնելու «սուրբ» գործին են անցել: Այժմ թշնամուն են հանձնվում` Աղավնոն ու Բերձորը….

- Պետք է այս քաղաքականության համար պատասխանատուները խոսեն, բացատրեն, թե ինչու: Հայ ժողովուրդն Իլհամ Ալիևից հստակ ուղերձ ստացավ, այն է, թե Արցախում հայերը ռազմական հանցագործներ են: Ի՞նչ է նշանակում օկուպացված տարածքներ: Ստացվում է, որ ցանկացած հայ, որն Արցախում է ապրում, ռազմական հանցագործ է: Սա հստակ ուղերձ է, որին պետք է խորամուխ լինեն Հայաստանի և Արցախի իշխանությունները: