Տիգրան Խզմալյանը գլուխը պատին է տալիս

Տիգրան Խզմալյանը գլուխը պատին է տալիս

Եթե Երեւանում երբեւէ ստեղծելու լինեք հայոց պատմության խեղաթյուրման գիտահետազոտական ինստիտուտ, Խզմալյան Տիգրանին կնշանակեք տնօրեն: Փայլուն արդյունքը երաշխավորում եմ: Մի անգամ որ առիթ լինի, հարցրեք, թե ինչ արեց Սարդարապատի հերոսամարտին նվիրված ֆիլմի հետ, որ նկարել էր պետական միջոցներով: Ժամանակակից պատմաբաններն ապուշ էին կտրել, կոլեգա ռեժիսորները չգիտեին ինչպես թաքնվել կինոսիրող հասարակության աչքից՝ ռուսների մաման լացացրել էր, հայ գեներալներինը՝ նույնպես: Մի խոսքով, ցուցադրությունն անգամ արգելվեց: Դա չընկճեց Տիգրան Խզմալյանին:

Այդ օրվանից դարձավ Հայաստանում հակառուսական հիստերիայի գագաթներից մեկը, իսկ ավելի ուշ՝ 2018թ. թավշյա ավանտյուրայից հետո, գլխավորեց հակառուսական ճակատը: Կհարցնեք՝ իսկ որտեղի՞ց Խզմալյանին փող նման գործերի համար: Եսիմ, Սորոսը սաղ լինի: Հանրահայտ բանջարաբոստանային կուլտուրային, Սաքունցին, Բաղդասարյան Լեւոնին ո՞վ էր փող տալիս օտար ֆիլմերի ու ներկայացումների պրոպագանդման համար… Չմոռանանք, որ մինչեւ վերջերս Խզմալյանը Փաշինյանի անփոխարինելի սեղանակիցն էր արտախորհրդարանական ուժերի հետ միասին: Այնպես որ, փող որտեղից ասես՝ կարելի է ճարել:

Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի այցից եւ ՀԱՊԿ նիստից հետո Խզմալյանի գործերը մի թեթեւ վատացան: Արտախորհրդարանական ուժերի խմբակը, կարելի է ասել, ցրիվ եկավ, երբ Սոչիում Փաշինյանը չկանգնեց Ալիեւի զոնտիկի տակ, այլ դուխով ընտրեց Պուտինի զոնտիկը: Արեւմտամետները մեռած էին՝ թաղած չէին, մի հատ էլ Պուտինը եկավ Երեւան եւ Նիկոլին ման տվեց իր պադավատով: Թավշյա հեղափոխությունից «քցված» տղերքին այլեւս ոչինչ չէր մնում անելու, քան անցնել իրենց հին մասնագիտությանը, այն է՝ «ազգային-ազատագրական» հողի վրա էշություններ ասելուն: Այստեղ էլ Տիգրան Խզմալյանն է առաջամարտիկ, ով իր Եվրոպական կուսակցության շուրջ է համախմբել Շիրինյան Լեւոնի քրիստոնյա դեմոկրատներին ու շարժում սկսել այն ամենի դեմ, ինչ ռուսական է կամ ռուսական անվանում ունի՝ հուշարձան, փողոց, դպրոց, գործիչ: Փակել, քանդել, ապամոնտաժել, մոռանալ՝ պահանջում են աշխարհաքաղաքական տեղաշարժերի պատճառով մեծ քաղաքականության հատակում մնացած Խզմալյանն ու ընկերները:

Նույնիսկ հավաքվել են Անգլիական զբոսայգում եւ պահանջում են ապամոնտաժել ռուսական հուշարձանը, Կիեւյան փողոցով հասնում են Լենինգրադյան՝ պահանջում են անվանափոխել միայն Լենինգրադյանը, ասում են՝ Հաղթանակ կամուրջը քանդենք, բայց պահենք Կիեւյանը, ռուսական բազան հանենք, բայց բերենք ամերիկյանը, ռուսը մեզ կոտորում է, բայց դա անարդար է, պետք է թուրքը կոտորի…

Սրանք ի՞նչ են ուզում, առհասարակ, Հայաստանից ու հայ ժողովրդից: Հիմա հենց այն պա՞հն է, որ Ռուսաստանից երես դարձնենք: Առանց այն էլ մեզ արդեն չեն հանդուրժում ոչ մի տեղ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵՄ, ՆԱՏՕ, դարձել ենք իզգոյ պետություն, մեզ հետ անգամ Ադրբեջանը չի ուզում բանակցել, Ալիեւը հայտարարում է՝ ես «Հայաստան» անունով պետություն չեմ ճանաչում… Թե բա՝ Պուշկինը մեզ վիրավորել ա: Ոչինչ չունենք, ախր, ռուսական խաղաղապահներն են պահում Հայաստանից ու Արցախից մնացածը, ու դեռ մի բան էլ հաթաթա եք տալիս ռուսների՞ն: 680 հազար հոգի գնում, ձայն է տալիս պարտության ու ստրկության սիմվոլին՝ Պուշկինը գլուխը ո՞ր քարին տա։ Թե բա՝ Խզմալյանը կոչ է անում ապամոնտաժել ռուսական հուշարձանը… Գլուխը պատին է տալիս Խզմալյանը: Ես էլ իրեն կոչ եմ անում՝ չխայտառակել հայ ժողովրդին: